«Կամանդիր պալկան նախարարի որդին է, դրա համար էլ այսպես եղավ». ժամկետային զինծառայողին հակառակորդի հետ չե՞ն շփոթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամկետային զինծառայող Արման Ղուկասյանի անժամանակ մահից անցել է ավելի քան մեկ տարի: 2014 թվականի մարտի 19-ին էր, երբ ԼՂՀ ՊԲ-ն պաշտոնապես հայտնեց, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը:

Դեպքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ կատարվածը դժբախտ պատահար է. համածառայակիցները Արմանին շփոթել էին հակառակորդի հետ: Այս վարկածը մնաց անփոփոխ մինչև դատաքննության ավարտը:

Արդյունքում առաջին ատյանի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց պայմանագրային զինծառայող Գևորգ Հակոբյանին: Վերջինս ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը:

Իսկ Վերաքննիչ քրեական դատարանը վճռեց բեկանել նախնական դատական ակտը, և պայմանագրային զինծառայողի նկատմամբ նշանակեց պայմանական պատիժ 1 տարի ժամկետով:

ՊԲ N զորամասի 1-ին մոտոհրաձգային գումարտակի հետախուզական դասակի հրամանատար, հետախուզության պետ, կոչումով ավագ լեյտենանտ Գևորգ Հակոբյանը շարունակում է ծառայությունը, թեպետ դեպքից հետո նրա լիազորությունները դադարեցվել էին: Իսկ ահա սպանված զինծառայողի հայրը՝ Արտյուշա Ղուկասյանը, դժգոհ է քննության արդյունքներից: Նա վստահ է՝ կարևոր հանգամանքներ են քողարկվել:

ArmLur.am-ին զինծառայողի հայրը հայտնեց, որ Գևորգ Հակոբյանն իրեն ասել է, թե ստիպված է ընդունել մեղադրանքը. «Խեղճն ուրիշ ելք չի ունեցել: Այդ ժամանակ երեխան 6 ամսական էր, պիտի արագ վերջացներ էդ քաշքշոցը: Ասում են՝ անփութություն է, բայց ո՞ւմ կողմից, ո՞նց, ոչինչ չեմ հասկանում: Սաղ գցել են էդ խեղճ տղայի վրա: Ես վստահ եմ, որ ինքը մեղավոր չի: Հիմա ինչ էլ անեն, երեխաս հետ չի գալու: Ումի՞ց արդարություն պահանջեմ՝ Սերժ Սարգսյանի՞ց, թե՞ Սեյրան Օհանյանից: Ե՛ս ասացի, որ այդ տղայից ոչինչ չեմ պահանջում, մեղք է, թող գնա իր ծառայությանն անցնի: Կազմակերպողն ուրիշ է, ոչ մի թուրքի հետ էլ չեն շփոթել էրեխուս»,- շարունակեց սպանված զինծառայողի հայրը՝ վստահեցնելով, որ գործը դիտավորյալ է նման ընթացք ունեցել, քանի որ զորամասի հրամանատարը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ավագ որդին է՝ Արթուր Օհանյանը, և հնարավոր աղմուկից խուսափելու համար իրավիճակն այլ կերպ է ներկայացվել:

«Ինքս կռված տղա եմ, սպա եմ եղել: Շատ լավ գիտեմ՝ ինչն ինչոց է: Ախր եթե իմանամ տղաս թուրքի գնդակից է գնացել, ցավս այսքան մեծ չէր լինի: Բայց եթե իմ ականջին այլ բան հասնի, ես հարցն իմ ձևով եմ լուծելու: Անմեղ մարդու վրա ամեն ինչ բարդելով՝ իմ բերանը չեն փակի: Այդ պայմանագրային զինվորն էլ ինձ ասաց, որ վախենում է իրականությունն ասի, ինքը մեղք չունի: Բայց ոչինչ չի ասում: Ուղղակի կամանդիր պալկան նախարարի որդին է, ու դրա համար էլ այսպես եղավ ամեն ինչ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Արման Ղուկասյանի սպանության օրը հրազենային վիրավորում էր ստացել նաև 26-ամյա սպա Վարազդատ Զաքարյանը: Իսկ մահացած զինվորը տան միակ զավակն էր։ Բանակ էր զորակոչվել 2012թ. աշնանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս