ՊՈԱԿ-Ի 21 ԱՇԽԱՏԱԿԻՑ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԿԴԱՌՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության նոյեմբերի 18-ի որոշմամբ՝ պետական կառավարման ապարատի օպտիմալացման եւ ծախսերը նվազեցնելու նպատակով կլուծարվեն ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն՝ armef.com տնտեսական ուղղվածության լրատվական կայքը: Իսկ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 12 միավոր հաստիքներ ունեցող «Էկոնոմիկա հանդես» ընկերության հիմնական գործառույթը առցանց տարբերակով՝ armef.com կայքի միջոցով, տնտեսական, գիտական եւ վերլուծական հրապարակումներ թողարկելն է, ինչպես նաեւ կառավարության՝ տնտեսությանն առնչվող որոշումները, օրենսդրական նախաձեռնությունները, հաստատած ծրագրերը տեղադրելը: Ընդ որում, հանդեսն ունեցել է բավականին մեծ բյուջե: Մասնավորապես այս տարվա համար կայքին բյուջեից 99 մլն 312.5 հազար դրամ է հատկացվել: Նշենք, որ միայն աշխատակիցների աշխատավարձը կազմում է բյուջետային հատկացման 46.5 տոկոսը, իսկ այլ ծախսերը՝ 53.5 տոկոսը: Ընկերության լուծարման նպատակն է պետական բյուջեի ծախսերի կրճատումը: Այսուհետ կայքի գործը կանի ֆինանսների նախարարության աշխատակազմը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով կստեղծվի լուծարման հանձնաժողով: Դրա կազմում կընդգրկվեն ՀՀ ֆինանսների, արդարադատության, տարածքային կառավարման նախարարություններից մեկական անդամ, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից եւս մեկ անդամ, պետական գույքի կառավարման վարչությունից երկու անդամ: Նշենք, որ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի եւ այլ պահանջների իրավունքները կփոխանցվեն ֆինանսների նախարարությանը:
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն անցած տարվա գնումների պլանով գնել է գրիչներ, թղթապանակներ, արագակարեր, սոսինձներ, ավել, ըմպելու ջուր եւ այլն: Բացի այս՝ ընկերությունը ձեռք է բերել աշխատակիցների վերապատրաստման ծառայություններ՝ 20 հազար դրամով, իսկ հանրային հեռախոսակապի համար վճարել է 240 հազար դրամ, համացանցի համար՝ 360 հազար դրամ, էլեկտրաէներգիայի համար՝ 304 հազար դրամ, որոշակի ժամանակահատվածով անշարժ գույք զբաղեցնելու համար՝ 672 հազար 600 դրամ: Նաեւ ուղեւորափոխադրող ավտոմեքենաներ է վարձակալել՝ վարորդի հետ, որի համար պետական միջոցներից ծախսվել է 960 հազար դրամ: Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ նման ծառայությունների եւ ապրանքների համար հատկացվել է ավելի քան 40 մլն դրամ, իսկ աշխատավարձի համար՝ ավելի քան 50 մլն դրամ: Ստացվում է, որ այս ընկերությունը, որը հիմնադրվել է 1999 թվականին, գոյություն է ունեցել եւ սնվել բացառապես պետական միջոցներով, սակայն հայտնի չէ, թե այն ինչ դրական ազդեցութուն է ունեցել Հայաստանի տնտեսական կյանքի վրա: Արդյո՞ք ՀՀ քաղաքացիները armef.com տնտեսական ուղղվածության կայքի կարիքն ունեցել են:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ կլուծարվի նաեւ «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչի արդյունքում կստեղծվի գների ուսումնասիրության եւ վերլուծության գործակալություն: Այսինքն՝ ՊՈԱԿ-ին վերապահված գործառույթը կիրականացվի 15 հաստիքային միավորի հաշվին՝ 36-ի փոխարեն, ինչն էլ իր հերթին կհանգեցնի պետբյուջեի ծախսերի նվազեցման: ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում պետական բյուջեի ծախսերը կնվազեն մոտ 50 մլն դրամով: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ին այս տարի հատկացվել է 80 մլն 315 հազար 300 դրամ: Նշված գումարից 71 մլն 31 հազար 600 դրամը որպես աշխատավարձ է բաշխվել: Իսկ ՊՈԱԿ-ի գործուղման ծախսերը կազմել են 910 հազար դրամ, էլեկտրաէներգիայի համար ծախսվել է 1 մլն 515 հազար դրամ, տրանսպորտային նյութերի համար՝ 2 մլն 645 հազար 100 դրամ, գրասենյակային նյութերի համար՝ 500 հազար դրամ:
Նշենք, որ ՊՈԱԿ-ը ունեցել է 36 աշխատող, այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրը ամսական ստացել է 164 հազար դրամ աշխատավարձ: Ստացվում է, որ կառավարության՝ նոյեմբերի 18-ի որոշմամբ՝ 21 մարդ գործազուրկ կդառնա: Իսկ եթե բյուջետային հատկացումը կրճատվում է 50 մլն դրամով, ապա կարող ենք եզրակացնել, որ ՊՈԱԿ-ի փոխարեն նոր ստեղծվող գների ուսումնասիրության եւ վերլուծության գործակալությանը կհատկացվի 30 մլն 315 հազար դրամ: Իսկ 36 աշխատողի փոխարեն գործակալությունը կունենա 15 աշխատող: Մեզ մնում է հուսալ, որ կառավարության այս որոշումը դրական հետեւանքներ կունենա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս