Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է որոշվում երեխայի քաղաքացիությունը, եթե երեխայի ծնողներից մեկը օտարերկրացի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ՝ եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի, այդ դեպքում ինչպե՞ս է որոշվում երեխայի քաղաքացիությունը:

Տաթեւ Ասլանյան (28 տարեկան, թարգմանիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե` – նա ծնվել է ՀՀ-ում, կամ – ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ – ծնողները մշտապես բնակվում են ՀՀ-ում:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, այսինքն՝ ՀՀ օրենսդրությունն ամեն դեպքում կարծես թե ամեն ինչ անում է՝ երեխայի ՀՀ քաղաքացիության ամրագրումն ապահովելու համար: Եվ դա, թերեւս, պատահական չէ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ վերջին 6-7 տարիների ընթացքում անվերադարձ հեռացել է 300 հազար ՀՀ քաղաքացի կամ մեր բնակչության 10%-ը: Այսինքն՝ այսպես շարունակվելու դեպքում, եթե, իհարկե, բեկումնային փոփոխություններ չլինեն, մեր բնակչությունը մի քանի տարուց կնվազի կիսով չափ: Ուստի ՀՀ քաղաքացիների թիվը բոլոր հնարավոր եղանակներով ավելացնելը խիստ կարեւոր է պետության համար:

 




Լրահոս