Այսօր «Ժողովուրդ» օրաթերթն արդեն գրել էր, որ սնանկացման եզրին գտնվող «Աշտարակ կաթ» ընկերությունից տուժած աշխատակիցները և գործարանին կաթ մատակարարած գյուղացիները սպառնում են կտրուկ քայլերի դիմել: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ այսօր՝ առավոտյան ժամը 11:00-ին, բոլոր այն քաղաքացիները, որոնց ընկերությունը թե՛ որպես աշխատավարձ էր պարտք, թե՛ մթերած կաթի գումար, հավաքվելու են և ուղևորվեն դեպի պանրի գործարան:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ` պարզելու համար, թե տեղյակ է ճամբարակցիների որոշմանը և ինչ է պատրաստվում անել այս խնդրի շուրջ: Սակայն, վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց. «Ճամբարակցիները չեն փակի, իրանք եկել են, և մենք պայմանավորվել ենք»:
Ըստ մարզպետի՝ դա տարիներով եկած խնդիր է, որը գտնվում է նրանց ուշադրության կենտորնում է և պարբերաբար Ճամբարակի քաղաքապետի հետ քննարկումներ են տեղի ունենում:
«Այս պահին բանակցություններ են գնում համայնքի ներկայացուցիչների և «Աշտարակ կաթ»-ի ներկայացուցիչների միջև, որպեսզի այդ կուտակված պանրի հաշվին իրենց կաթի գումարը փոխհատուցվի: Նրանք գտնվում են «Աշտարակ կաթ»-ի Ճամբարակի մասնաճյուղում»,-ասաց նա:
ArmLur.am-ի հետ զրույցում Ռաֆիկ Գրիգորյանը հավաստիացրեց, որ ճամբարակցիների կուտակված պանիրը և կաթնամթերքը կիրացվի:
Լիդա Եղիազարյան