ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Լարսի անցակետի մոտ
Վրաստան-Ռուսաստան սահմանին ավտոմեքենաների ապահովագրությունը օպերատիվ կազմակերպվում է շատ ազգերի ներկայացուցիչների համար: Կրպակի վրա կողք կողքի պատկերված են Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները` իրենց լեզուներով ազդարարելով ԱՊՊԱ կազմակերպելու մասին: Նաեւ ռուսերենով է ԱՊՊԱ գրված: Բայց քանի որ հայկական հնարամտությունն ամենուր է, հայերեն տառերով ԱՊՊԱ-ն կրպակի վրա երկու անգամ է գրված:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը որոշում է երեխա որդեգրել, ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի տրվի բացասական եզրակացություն:
Ելենա Մկրտումյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երեխայի որդեգրման բացասական եզրակացությունը պայմանավորված է հետեւյալով.
1. եթե որդեգրել ցանկացող անձը չի վերացրել իր ներկայացրած փաստաթղթերում առկա անճշտությունները:
2. Եթե ստացվել է ինֆորմացիա, որը բացասական կերպով է բնութագրում որդեգրել ցանկացող անձին:
3. Երբ հիմք է հանդիսացել տվյալ անձի կենցաղային պայմանների ուսումնասիրության ակտը:
4. Որդեգրել ցանկացող անձի չհիմնավորված հայտարարության դեպքում:
5. Երբ օրենքով սահմանված կարգով արգելվում է երեխայի որդեգրումը:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե որդեգրմանը խոչընդոտող պատճառներ չկան, եւ եթե դոսյեի փաստաթղթերում ներկայացված ինֆորմացիան ամբողջական է եւ անթերի, ապա համապատասխան մարմինը տալիս է դրական եզրակացություն, որը ուժի մեջ է 12 ամիս՝ եզրակացությունը տրամադրելու օրից սկսած:
ՀԱՐՑ. Ես աշխատում եմ կես դրույքով: Իմ աշխատաժամանակը պակաս է մեկ դրույքից (նորմալ աշխատաժամանակից): Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ սահմանաչափով կարող եմ օգտվել սոցիալական փաթեթից:
Նելլի Իսահակյան (30 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ն. Իսահակյանի հարցին՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս (նորմալ աշխատաժամանակից պակաս՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն կրճատ տեւողությամբ աշխատաժամանակի) աշխատանքային ծանրաբեռնվածություն (աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոս աշխատաժամանակ ունենալու դեպքում) սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի գումարի կեսը):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: Ի դեպ, սոցիալական փաթեթի համար հատկացվող գումարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է աշխատողի անվամբ հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին (սոցիալական փաթեթի հաշվին): Այդ հաշվի դրամական միջոցները կանխիկացման ենթակա չեն, սակայն թույլատրվում է կատարել կանխիկ մուտքագրումներ կամ այլ միջոցներից փոխանցումներ: