Երբ ֆինանսական տուգանքներ լինում են, միշտ էլ տնտեսվարողները բողոքարկում են. Արտակ Շաբոյանը` «Երևան Գարեջուր» ընկերության տուգանքի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` նոյեմբերի 16-ին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Երեւան Գարեջուր» ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել էր 110 մլն դրամով: 

Պատգամավորը հայտարարել էր, թե բողոքարկելու է որոշումը դատարանում` նշելով.«Ղալաթ է արել Շաբոյանը»: Ուշագրավն այն է, որ ընկերությունը տուգանքի մասին տեղեկացել էր մամուլից: Արդյունքում գործին «խառնվեց» վարչապետը. նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը աղմկահարույց այս տուգանքի հետ կապված Արտակ Շաբոյանին հորդորեց հանգիստ թողնել գարեջրի շուկան:

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հետ:

-Պարո՛ն Շաբոյան, նախ կբացատրեք, թե ինչպե՞ս է ստացվում, որ «Երեւան Գարեջուր» ընկերությունը 110 մլն դրամով տուգանվում է, սակայն ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ այդ մասին տեղեկացված չեն եղել:

-Մենք մեր ողջ իրավական գործընթացը ամբողջությամբ պահպանել ենք, եւ եթե գտնում են, որ մեր որոշումը իրավաչափ չէ, ապա կարող են դատական կարգով բողոքարկել, եւ մենք դատարանում կպաշտպանենք մեր շահերը: Այդքանը:

-Սա միակ դեպքը չէ. ՏՄՊՊՀ գործունեությունից դժգոհում են բազմաթիվ այլ գործարարներ: Վերջիններս սեպտեմբերի 28-ին վարչապետի հետ հանդիպմանը բարձրաձայնել էին այդ մասին: Արդյունքում կառավարության նիստի ժամանակ վարչապետը Ձեզ հորդորեց ստուգել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկան, որոնց շուրջ մարդիկ դժգոհություն են արտահայտում, այլ ոչ թե գարեջրի շուկան, որտեղ մի քանի խաղացողներ կան:

-Վարչապետը հայտարարություն արել է, ես հիմա այս պահին չեմ պատրաստվում մեկնաբանել: Ես միայն մի բան կարող եմ ասել, որ բնականաբար սա սովորական գործընթաց է, հանձնաժողովը այս տարիների ընթացքում բազմաթիվ որոշումներ է կայացրել: Բնականաբար, երբ ֆինանսական տուգանքներ լինում են, միշտ էլ տնտեսվարողները բողոքարկում են, եւ սա սովորական երեւույթ է: Տնտեսվարողները կարող են մեր որոշումները դատական կարգով բողոքարկել: Եղա՞վ:

-Այնուամենայնիվ, ինչպես հասկանալ վարչապետի հորդորը՝ «…հանգիստ թողեք գարեջրի շուկան»: Սա ի՞նչ է նշանակում, առաջիկայում այս հարցում ի՞նչ փոփոխություն է լինելու:

-Ես ավարտեցի արդեն:

-Տեղեկություններ կան, որ գործարարների բողոքից հետո վարչապետը «դաստիարակչական» աշխատանքներ է տարել Ձեզ հետ, եւ Դուք որոշել եք ցույց տալ, թե աշխատում եք ու սկսել եք տուգանել ընկերություններին: Ըստ որոշ տեղեկությունների՝ չի բացառվում, որ Ձեր գործունեությունից դժգոհ գործարարները հասնեն նրան, որ Դուք լքեք պաշտոնը:

-Եկեք՝ անիմաստ հարցեր մի՛ տվեք: Ես Ձեր հարցերին արդեն պատասխանեցի: Շնորհակալություն:

Քնար Մանուկյանը




Լրահոս