Պարարտանյութերի մատակարարման ոլորտում մի շարք խնդիրներ են բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակեց գյուղացիական տնտեսություններին պարարտանյութերի մատակարարման ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները:

Այսպես. տարիներ շարունակ պարարտանյութերի ձեռքբերման և իրացման ոլորտում գործել է պետական աջակցության ծրագիրը, որի նպատակը ՀՀ հողօգտագործողներին շուկայականից մատչելի գնով ազոտական պարարտանյութի տրամադրումն է: Պարարտանյութի գնի մի մասը սուբսիդավորվում է պետության կողմից, ինչի արդյունքում վերջնական սպառողը, տվյալ պարագայում՝ հողօգտագործողները հնարավորություն են ստանում շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռքբերելու այն: Գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով, ծրագրից օգտվել են հազարավոր համայնքներ, սակայն ՏՄՊՊՀ-ը նշված ոլորտում բացահայտել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն:

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 4 տարի շարունակ՝ 2012-2016 թվականներին, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի մատակարար է հանդիսացել «Մասիսի Բերրիություն» ընկերությունը: Ընդ որում, վերջինս ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ընտրվել է առանց մրցույթի հայտարարման, ինչը նշանակում է, որ այլ ընկերությունները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այս ծրագրին: Նշենք, որ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի բավարարվում է մեր երկրում ազոտական պարարտանյութի պահանջարկի մոտ 74 տոկոսը, ինչը նշանակում է, որ մատակարարը նույնքան մասնաբաժնով կարող է ունենալ գերիշխող դիրք տվյալ շուկայում: Նախորդ տարի «Մասիսի Բերրիությունը» մատակարարել է ընդհանուր առմամբ 32 հազար 720 տոննա պարարտանյութ, ինչի դիմաց ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 48 մլն դրամ պետական սուբսիդիա, ևս 204 մլն դրամ դրամաշնորհ՝ մարզերի մատակարարումների համար, ինչպես նաև 3 մլրդ 992 մլն դրամ բյուջետային վարկ՝ 0,001 տոկոս տոկոսադրույքով: Արդյունքում, ազոտական պարարտանյութի 1 տոննան գյուղացիական տնտեսություններին իրացվել է 120 000 դրամով: Հանձնաժողովը պարզել է, որ «Մասիսի Բերրիությունը» ազոտական պարարտանյութի 1 տոննան Վրաստանից ձեռք է բերել շուրջ 323 ԱՄՆ դոլարով: Մինչդեռ մեկ այլ ընկերություն՝ «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն, որը ներգրավված չէ պարարտանյութի մատակարարման ծրագրում, նույն տեսակի 1 տոննա պարարտանյութը նույն երկրից ձեռք է բերել 239 ԱՄՆ դոլարով՝ այսինքն 26%-ով ավելի էժան: Ստացվում է, որ պետությունը ստիպված է եղել հավելյալ գումարներ վճարել «Մասիսի Բերրիությանը»: ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված հաշվարկների համաձայն, պարարտանյութերի մատակարարման ծրագիրը մրցույթով անցկացնելու դեպքում պետությունը կարող էր խնայել ավելի քան 1,5 միլիադ դրամ:
Հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են նաև, որ այն ընկերությունը, որը մասնակցում է տվյալ ծրագրին, մրցակցային առավելություններ է ստանում մյուսների համեմատ: Խնդիրն այն է, որ պետությունը տվյալ ընկերությանը նախապես տրամադրում է անհրաժեշտ դրամական միջոցներ և ապահովում ազոտական պարարտանյութի երաշխավորված պահանջարկ: Մինչդեռ նույն գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողները ստիպված են լինում աշխատել սեփական գումարներով, և ապրանքը ներմուծում են առանց իրացման ծավալների վերաբերյալ հստակ կանխատեսումների և երաշխիքների:

Հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ եթե պետական աջակցության ծրագրով պարարտանյութի մատակարարի ընտրությունը իրականացվեր մրցութային եղանակով, ապա կարելի էր ընտրել նույն արտադրանքը ավելի ցածր ինքնարժեքով ներմուծող ընկերություն: Այս դեպքում հնարավոր կլիներ թե պարարտանյութը գյուղացիներին տրամադրել ավելի քան 36 տոկոսով ցածր սակագնով և թե պետական միջոցներն օգտագործել առավել արդյունավետ:
Տեղեկացնենք նաև, որ Հանձնաժողովը խնդիրը քննարկել է նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հետ, որը ևս համամիտ է ՀՀ մրցակցային մարմնի կողմից բարձրացված հարցերի լուծման մեխանիզմների և առաջարկների հետ:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը իր խոսքում ընդգծեց, որ նման երևույթները անուղղակի կերպով բացասաբար են անդրադառնում նաև մրցակցային դաշտի վրա՝ անհավասար պայմաններ ստեղծելով նույն գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների համար. «Մեր հանրապետության վարչապետի մոտեցումն այնպիսին է, որ պետական աջակցության ծրագրերը և պետական գնումների համակարգն ընդհանրապես պետք է գործեն բաց, թափանցիկ և արդար մրցույթների միջոցով: Հետևապես, Հանձնաժողովը կլինի հետևողական՝ առավել խիստ վերահսկողություն իրականացնելու և այս առումով խնդիրների լիարժեք լուծմանն ու կարգավորմանը հասնելու նպատակով»: Ա. Շաբոյանը ընդգծեց նաև, որ բոլոր տնտեսվարողները պետք է լինեն իրազեկ, որ այսուհետ պետական աջակցության ծրագրերը պետք է կազմակերպվեն բացառապես մրցութային հիմքունքներով և բոլորը պետք է ունենան դրանց մասնակցելու նույն մեկնարկային հնարավորությունները:

ՀՀ ՏՄՊՊՀ




Լրահոս