Վերջին օրերին սննդային թունավորման դեպքեր են գրանցվել Լոռու մարզում: ArmLur.am-ի տեղեկություններով՝ առաջին ահազանգը գրանցվել է նախօրեին: Տուժածը Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել գիշերը ժամը 04-ի սահմաններում: Նա Վանաձոր քաղաքի Էներգետիկների ավանի տներից մեկի բնակչուհի, 1966թ-ին ծնված Մ. Օհանյանն է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Տուժած կինը թունավորման հիմնական պատճառ նշել է պահածոյացված սմբուկը:
ArmLur.am-ը Լոռու մարզային փրկարարական վարչությունից տղեկացավ, որ թունավորման ևս մեկ դեպք է արձանագրվել: Հիվանդանոց է տեղափոխվել 54-ամյա Կլարա Բարաթյանը, ով թունավորվել է սնկից: Նրա վիճակը ևս ընդունման պահին գնահատվել է ծանր:
Մեզ հետ զրույցում հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը նշեց, որ երկու տուժածներն էլ արդեն դուրս են գրվել: Հովհաննիսյանը հերքեց, թե տուժածները թունավորվել են բոտուլիզմից, նշելով, որ նրանք խառը սնունդ են օգտագործել, որոնց մեջ եղել է նաև պահածոյացված սմբուկ ու սունկ. «Վիճակները լավ է հիմա, անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, սիստեմաներ են ընդունել ու դուրս են գրվել»,-հայտնեց Հովհհանիսյանը:
Էդվարդ Արզումանյան
Լոռի