ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ պտղատու ծառերի էտը տարվա ո՞ր ժամանակահատվածում է նպաստավոր կատարել:
Սահակ Ամրոյան (53 տարեկան, գյուղատնտես)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պտղատու ծառերի էտը պետք է կատարել դրանց հանգստի շրջանում: Էտի կատարման ժամկետները կախված են տեղի կլիմայական պայմաններից: Արարատյան հարթավայրում խնձորենին, տանձենին, ծիրանենին, սալորենին եւ բալենին կարելի է էտել փետրվարի երկրորդ կեսին՝ օդի դրական ջերմաստիճանի դեպքում, իսկ դեղձենին խորհուրդ է տրվում էտել մարտի սկզբին:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պտղատու ծառերի էտի եւ ձեւավորման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստակալը, սորտը, տնկման խտությունը, մշակության, պարարտացման, ոռոգման, հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի միջոցառումները: Ծառերը պետք է ձեւավորել՝ թողնելով 5-7 ամուր կմախքային ճյուղեր, որը պետք է համապատասխանի պտղատեսակի եւ սորտի կենսաբանական առանձնահատկություններին եւ մոտ լինի նրա բնական կառուցվածքին: Նշենք նաեւ, որ Էտը, ըստ կատարման ժամկետի, լինում է ձմեռային եւ ամառային: Ձմեռային էտը կատարում են այն շրջաններում, որտեղ խիստ ցրտեր չեն լինում, կամ էտը կատարում են ուժեղ ցրտերից հետո: Ամառային էտի նպատակն է կարճացնել եւ նոսրացնել կանաչ շիվերը եւ հոռաշիվերը: