«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Բեմից ու էկրանից հանրությանը ծանոթ դեմքերը մեզ հետ զրույցում ներկայանում են առանց դիմակի` բացահայտելով իրենց էության նուրբ, քչերին հայտնի կողմերը: Այս անգամ մեր զրուցակիցը Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն է:
-Պարո՛ն Մարության, մտերիմներն ի՞նչ փաղաքշական անուններով են Ձեզ դիմում:
-Ինձ փոքր ժամանակվանից մինչեւ հիմա Արմեն են ասել, երբեք չեն ասել Արմենչիկ, «պոնչիկ», բան (ծիծաղում է): Հիմա արդեն ասում են Արմեն Մարության, կամ պարոն Մարության:
-Սիրո՞ւմ եք Ձեր գործողությունները պլանավորել, թե՞ իմպրովիզների կողմնակից եք:
-Չարլի Չապլինին մի անգամ հարցնում են. «Իմպրովիզը լա՞վ բան է»: Ասում է. «Շատ, շշմելու բան է, բայց հարյուր անգամ փորձված»: Ես էլ եթե իմպրովիզ եմ անում, ուրեմն մի ամբողջ կյանք նախապատրաստվել եմ դրան:
-Ո՞ր դեպքում ճշմարտությունը կասեք մարդու երեսին:
-Միշտ, բոլոր դեպքերում պետք է ճշմարտությունն ասել ու դրանով ապրել, առաջ գնալ: Հենց չասացիր, դա քեզ համար դառնալու է մեծ դժբախտություն:
-Ի՞նչը կարող է թուլացնել Ձեզ աշխատանքում:
-Կեղծիքը, նախանձը, չկամությունը, անազնվությունը:
-Հարց, որը նյարդայնացնում է Ձեզ:
-Որ հարցնում են՝ սուտ եք ասո՞ւմ: Նման պահերին կարող են ինձ ինֆարկտի հասցնել. ես սուտ երբեք չեմ խոսում:
-Ձեր սիրելի կոմպոզիտորը:
-Առնո Բաբաջանյան:
-Զգուշավոր եք, կանոնավոր, թե ինքնամփոփ:
-Երեքից ոչ մեկն ինձ չի բնորոշում. ես գիժ եմ, խելառ եմ, էլի, լավ խելառներ էլ են, չէ՞, լինում: Մհեր Մկրտչյանն, օրինակ, լավ խելառ էր:
-Աստծո հետ երկխոսելու Ձեր տարբերակը:
-Հավատում եմ, աղոթում եմ Աստծուն, սիրում եմ նրա հետ շփվել, ուզում եմ հաղորդակցվել, հավատալ, որ նա միշտ մեզ հետ է: Առանց հավատի չես կարող ոչ մի բանի հասնել:
-Ամենախորհրդավոր դեպքը, որ պատահել է Ձեզ հետ:
-Մի անգամ մեքենայի տակ եմ ընկել, չեմ հիշում` ոնց այն եկավ, ինձ խփեց, բայց վարորդը չկանգնեց ու խորհրդավոր կերպով փախավ: Փառք Աստծո, լուրջ բան չպատահեց, ոտքս էի վնասել:
-Մի բան, որի հետ չեք համակերպվում:
-Որ ասում են` Մասիսը մերը չէ, բերել, դրել են աչքիս առաջ ու ասում են` մերը չէ:
-Ձեր սիրելի քանդակը:
-Կար ժամանակ, որ Վարդան Մամիկոնյանի արձանն էի ամենաշատը սիրում, բայց հետո տարվեցի Առնո Բաբաջանյանի քանդակով. հանճարեղ գործ է:
-Շարունակեք միտքս. «Մահվանից միայն մի ելք կա…»:
-Մահվանից ելք չկա, մահն անխուսափելի է: Մի լավ խոսք կա, որ ասում են. «Ինչո՞ւ ես վախենում մահից. երբ դեռ չէիր ծնվել, մեռած չէի՞ր»: Մահվանը կարող ենք հակադրել անմահությունը, որին ես չեմ հավատում. դա ստից, հնարած բան է: Չեմ ընդունում, երբ ասում են. «Նա մահացավ, բայց անմահացավ»: Չէ, մահացավ, ուրեմն մահացավ: Հերոսաբար մահանալն ընդունում եմ, անմահանալը` ոչ, անուն թողնելը, գործով հիշվելն եմ ընդունում:
-Ի՞նչը կարող է Ձեզ թեւաթափ անել:
-Այդպիսի բան չկա. ես շատ համառ մարդ եմ, եւ ինչ էլ լինի, առաջ կգնամ:
-Ե՞րբ կարող եք ասել` երբեք:
Կարող է թվալ, թե ամպագոռգոռ բան եմ ասում, այնուամենայնիվ, պնդում եմ` թատրոնը երբեք չեմ թողնի, հավատացեք` չեմ կարող:
-Ձեր եւ մարդու միջեւ ո՞ր դեպքում եք պատ դնում:
-Երբ դավաճանություն եմ նկատում: Դա միակ բանն է, որի հետ չեմ համակերպվում եւ որը չեմ կարողանում ներել ցանկացած հարաբերություններում: Երբ դանակով մեջքից հարվածում են, դա չեմ կարող ներել:
-Ամենաանհեթեթ բամբասանքը, որ Ձեր մասին լսել եք:
-Աղջիկս բակում խաղալիս է եղել, հարեւանները մոտեցել, հարցրել են. «Ճի՞շտ է, որ դու Արմենի առաջին կնոջ դուստրն ես» (ծիծաղում է): Այնինչ՝ ես ամբողջ կյանքում մի կին եմ ունեցել:
-Ինչի՞ց եք վախենում:
-Հավատացեք` ոչ մի բանից: Դժվար թե մեկն ինձ կարողանա վախեցնել, իմ մեջ վախ չկա:
-Եվ վերջին հարցը. կյանքն իմաստալից է, երբ…
-Երբ երջանիկ ես, երեխաներդ, թոռներդ լավ են, երբ տեսնում ես, որ ծրագրերդ, երազանքներդ իրականացել են, որն էլ չի իրականացել, զոռով բրդում, առաջ ես տանում…
Աննա Բաբաջանյան