Գյուղացիները հրաժարվում են վճարել սերմերի պարտքերը. ցանելուց հետո արդյունք չեն ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի գյուղերի 96 շահառուների հետ նոր պայմանագիր է կնքել, որով նրանք պետք է 4 տարիների ընթացքում մարեն դեռեւս 2011 թվականին կազմակերպությունից գնված հացահատիկի սերմի պարտքերը:

Տեղեկացնենք, որ դեռեւս 2011 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից փոխառության պայմանագրով Վարդենիսի տարածաշրջանի բնակիչները ձեռք են բերել հացահատիկի սերմ, որը ցանելուց հետո, սակայն, որեւէ արդյունք չեն ստացել: Գյուղացիների պնդմամբ՝ վերը նշված ՊՈԱԿ-ը բարձր բերքատվության սերմացուի փոխարեն ՌԴ-ից ներկրել է տարբեր տեսակի սերմերի խառնուրդ, որը չի ենթարկվել պետական սորտափորձարկման: Էլիտար ցորենի ցանքսերը կատարելու համար բնակիչները ստիպված գրավադրել են իրենց տները եւ ունեցվածքը: Եւ չնայած սրան՝ ՀՀ ԳՆ-ն դատարանի միջոցով փորձել է գանձել, գյուղացիների պնդմամբ, այդ անորակ սերմացուի պարտքը:

Նշենք, որ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը ՀՀ կառավարության թույլտվությամբ սերմերը պետք է ներկրեր Ռուսաստանի Դաշնությունից՝ Ստավրոպոլի երկրամասից: Սակայն, ըստ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2012 թվականի փետրվարի 10-ի ստուգման արդյունքների, այդ ՊՈԱԿ-ը գյուղացիներին տված սերմացուները ՀՀ կառավարության 2010թ. որոշմամբ ՌԴ-ի Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» ՍՊԸ-ից ձեռք բերելու փոխարեն գնել է ՌԴ-ի «Հացահատիկային ընկերությունների միավորում» ԲԲԸ-ից: Այսինքն՝ ՀՀ գյուղացիներին էլիտար սերմի անվան տակ հատկացվածը տարբեր տեղերից հավաքված խառը պարենային հացահատիկի սերմացուներ են եղել: Արդյունքում՝ գյուղացիները աշնանը ցանել են, սակայն այն լավ չի աճել, գարնանացանը նույնպես բերքառատ չի եղել: Իրենց շահերը դատարանում պաշտպանել ցանկացող գյուղացիները, սակայն, չեն հաջողել. դատարանը հօգուտ ԳՆ-ի՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի է որոշում կայացրել: Ապա գյուղատնտեսության նախարարությունը հանձնարարական է իջեցրել, որպեսզի «Սերմերի գործակալութուն» ՊՈԱԿ-ը պայմանավորվածություն ձեռք բերի շահառուների հետ եւ կազմի մարման ժամանակացույց: Սակայն անգամ երկարաձգված ժամանակացույցով շահառուների մի մասը չի կարողանում մարել ՊՈԱԿ-ին ունեցած պարտքը:

Շահառուներից մեկը՝ Սոս Բարսեղյանը, ով Վարդենիսի բնակիչ է, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին գումար է պարտք Վարդենիսի տարածաշրջանի գյուղերի 96 շահառու: Նշվածից 40 շահառուն թոշակառու է, որոնք անվճարունակ են եւ չեն կարողանում մարել ՊՈԱԿ-ին ունեցած պարտքը: Մնացած 30-ը վճարունակ են եւ կարողանում են փոքր-ինչ վճարել: «Նրանցից 10-ը մահացած են, իսկ հարազատները հրաժարվում են վճարել, քանի որ գումար չունեն: 5 շահառու երկրում չեն. նրանց հարազատները նույնպես հրաժարվում են վճարել պարտքը: Իսկ մնացած 11 շահառուներն էլ տարբեր պատճառներով հրաժարվում են վճարել»,- լրացրեց Ս. Բարսեղյանը:

Վերջինս «Ժողովուրդ»-ին պատմեց նաեւ, որ շահառուների մեծ մասը ՊՈԱԿ-ին ունեցած պարտքը մասնակիորեն վճարել է՝ ոսկի գրավադրելով կամ էլ տարբեր տեղերից պարտքեր վերցնելով: Տեղեկացնենք, որ շահառուները պետք է այդ պարտքերը մարեն 4 տարիների ընթացքում՝ յուրաքնաչյուր տարի ՊՈԱԿ-ին վճարելով ընդհանուր պարտքի 25 տոկոսը: Գեղարքունիքի մարզի Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ գյուղի այն շահառուները, որոնք պարտք են ՊՈԱԿ-ին, պայմանագիր են կապել եւ մուծում են: Վերջինս դժվարացավ նշել, թե Նորակերտի շահառուները կոնկրետ որքան են պարտք ՊՈԱԿ-ին. «Իրենք գնացել են, առանց գյուղապետի իմացության պայմանագիր են կապել ՊՈԱԿ-ի հետ, որից հետո կամաց-կամաց մուծում են»,- ասաց նա:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ»-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ այս ընթացքում շահառուների կողմից աստիճանաբար մարվում են սերմերի դիմաց կուտակված պարտքերը. «Վերջին շրջանում՝ սեպտեմբերից, սկսել են ակտիվ վճարել»,- նշեց պաշտոնյան:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս