Ակնհայտ սուտ մատնություն. քննիչը հանիրավի մեղադրվել է ապացույց կեղծելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում գործով վկա Կարապետ Ասլանյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչը իրեն որպես վկա հարցաքննելու ժամանակ կազմել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ, որի տակ կատարված ձեռագիր գրառումներն ու ստորագրություններն իրականում իրեն չեն պատկանում, այլ այն կեղծվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության նախկին քննիչ Նարեկ Մանանդյանի կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Կարապետ Ասլանյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն:

Նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Կ. Ասլանյանի անվամբ լրացված փաստաթղթերում առկա ձեռագիր գրառումներն ու ստորագրությունները կատարվել են վերջինիս կողմից:

Այս կերպ Կարապետ Ասլանյանի հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է Շիրակի մարզային քննչական վարչության նախկին քննիչ Ն. Մանանդյանին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության նախկին քննիչ Նարեկ Մանանդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

Միաժամանակ, ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, հարուցված քրեական գործով Կարապետ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն




Լրահոս