«Քաղաքականության մեջ հարաբերություն բառը ես չէի օգտագործի». ինչպես ստացվեց երեք ուժերի համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ հայտնի է դարձել. որ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները ձեռք են բերել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: ՔՊ-ն երեկ իր պաշտոնական կայքէջում հայտարարել էր նաեւ, որ երեք ուժերով դեկտեմբերի 12-ին հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:

«Ժողովուրդ»-ը փորձեց ՔՊ խոսնակ Ռուբեն Ռուբինյանից պարզել, թե խոսքն ինչ հայտարարության մասին է:

-Պարո՛ն Ռուբինյան, ՔՊ, ԼՀ եւ «Հանրապետություն» կուսակցությունները դեկտեմբերի 12-ին ի՞նչ հայտարարությամբ են պատրաստվում հանդես գալ:

-Ինչպես գիտեք` նշված երեք ուժերը նախնական կոնսուլտացիոն հանդիպումներ են ունեցել, եւ այդ հանդիպումների ընթացքում քննարկվել է երեք կուսակցությունների հնարավոր համագործակցության հարցը` թե՛ ընտրությունների համատեքստում եւ թե՛ դրանից հետո: Այժմ ձեռք են բերվել հստակ համաձայնություններ այս հարցերի շուրջ, եւ դրանց մասին ավելի մանրամասն կհայտնենք համատեղ հայտարարության ժամանակ:

-Լուրեր էին շրջանառվում նաեւ, որ Դուք բանակցություններ եք վարում «Ժառանգություն» կուսակցության հետ: Քանի որ համատեղ հայտարարության հետ կապված նշվում է երեք ուժերի անունները, ենթադրվում է, որ «Ժառանգության» հետ քննարկումները արդյունք չեն տվե՞լ:

-Բանակցություններ չեն եղել, եւ այս ուժերի հետ նույնպես դեռեւս որպես այդպիսին բանակցություններ չեն եղել, եղել են կոնսուլտացիոն հանդիպումներ: Նման հանդիպումներ տարբեր ուժերի հետ ունեցել ենք, եւ այնպես է ստացվել, որ այս պահին այդ երեք ուժերին է հաջողվել պայմանավորվածություններ ձեռք բերել:

-Ընդամենը երկու ամիս առաջ ՔՊ-ի եւ ԼՀ-ի հարաբերությունները, մեղմ ասած, հարթ չէին: Ի՞նչ փոխվեց այս ընթացքում:

-Գիտեք, քաղաքականության մեջ հարաբերություն բառը ես չէի օգտագործի, ՔՊ եւ ԼՀ կուսակցությունների միջեւ եղել է բանավեճ որոշակի հարցերի վերաբերյալ, եղել է միմյանց կարծիքների եւ դիրքորոշումների ճշտում: ՔՊ-ն ունեցել է որոշ վերապահումներ եւ տարակարծություններ մասնավորապես Էդմոն Մարուքյանի հետ, վերջինիս՝ կառավարության բյուջեներին կողմ քվեարկելու վերաբերյալ, բայց միեւնույն ժամանակ ՔՊ-ն երբեք պարոն Մարուքյանի մասին չի ասել կամ հայտարարել բաներ, որոնք կնշանակեին, որ հետագա համագործակցությունը բացառվում է: Եվ նաեւ ուրախությամբ պիտի նշեմ, որ պարոն Մարուքյանը վերջին կառավարության բյուջեին դեմ է քվեարկել, եւ բացի դրանից՝ վերոնշյալ կոնսուլտացիոն հանդիպումների ընթացքում տեսակետների մոտեցում է տեղի ունեցել:

Վահագն Հակոբյան




Լրահոս