Կոնյակը և գինին էժանացել են. որոնք են պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում այս տարվա 10 ամիսներին արտադրվել է 2 մլն 942 հազար լիտր կոնյակ, որը 24.1 տոկոսով ավել է՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածում արտադրվածի:

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ նույն իրավիճակն է նաեւ գինու արտադրության ոլորտում. այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 709 հազար 300 լիտր գինի: Այսինքն՝ այս տարվա տասը ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գինու արտադրության ծավալները 12.4 տոկոսով աճել են:

Նկատենք, որ այս պատկերը արձանագրվել է 2015 թվականին խաղողի առատ բերքի պայմաններում: Սակայն սրան զուգահեռ նվազեց արտահանումը. տեղական արտադրողները գյուղացիներից մեծ քանակությամբ խաղող մթերեցին, որից պատրաստված արտադրանքը չկարողացան ո՛չ արտահանել, ո՛չ էլ իրացնել ներքին շուկայում: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում արտադրվող կոնյակի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան: Սակայն ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները եւ նավթի գների անկումը հանգեցրին ռուսական ռուբլու արժեզրկմանը, ՌԴ տնտեսության վատթարացմանը, որը սկսվել էր դեռեւս 2014 թվականի նոյեմբերից: Ու քանի որ ռուսական շուկան հայկական կոնյակի եւ գինու արտահանման հիմնական շուկան է, ՌԴ տնտեսության վատթարացումը իր բացասական ազդեցությունը թողեց նաեւ հայկական կոնյակ եւ գինի արտադրողների գործունեության վրա: Ի դեպ, տնտեսագետների համոզմամբ՝ 2015 թվականին գինի եւ կոնյակ արտադրողներից շատերը ոչ միայն առանց շահույթի են աշխատել, այլ նաեւ վնասով: Նրանք ռուսական շուկային խմիչքը վաճառում են ռուբլով, ուստի ստանում են արդեն արժեզրկված ռուբլի, ինչը հանգեցրել է եկամուտների զգալի նվազմանը:

Բացի այս՝ գինի եւ կոնյակ արտադրողները նաեւ ներքին շուկայում իրացման խնդիր ունեն. այստեղ ծավալները կտրուկ նվազել են: Այս ոլորտի որոշ տնտեսվարողներ դա կապում են բնակչության թվաքանակի նվազման, գնողունակության անկման հետ: Նրանցից շատերը ստիպված են եղել իրենց շահույթի հաշվին նվազեցնել արտադրանքի գները:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ ՀՀ քաղաքներում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, կոնյակի գինը էժանացել է: Օրինակ՝ «Արարատ» 0.5 լիտր տարողություն ունեցող 5 տարեկան կոնյակը սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվել է 5820 դրամով:

Նշենք, որ ինչպես մյուս ապրանքատեսակները, այնպես էլ կոնյակը ՀՀ քաղաքներում տարբեր գներով է վաճառվել: Բայց կոնյակի ամենաբարձր գինը արձանագրվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, որտեղ 5 տարեկան եւ 0.5 լիտրանոց «Արարատ» կոնյակը վաճառվել է 6230 դրամով: Մինչդեռ նույն կոնյակը Արարատի մարզի Արտաշատ քաղաքում վաճառվել է 6130 դրամով, Վանաձորում՝ 6040-ով, Գյումրիում՝ 5620-ով: Մեկ այլ՝ 0.7 լիտրանոց «Ընտիր» կոնյակի գինը նույնպես այս տարեսկզբից սկսած նվազել է: Ավելին՝ որոշ քաղաքներում այն հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, 20 եւ ավելի դրամով էժանացել է:

Իսկ ահա 3 տարեկան եւ 0.5 լիտրանոց «Արարատ» կոնյակի դեպքում գրեթե նույն իրավիճակն է. այն Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում սեպտեմբերին վաճառվել է 4570 դրամով, հոկտեմբերին՝ 4600 դրամով: Իսկ մյուս քաղաքների դեպքում կոնյակի գները պահպավել են: «Մանե» անվանումով 3 տարեկան եւ 0.5 լիտր տարողություն ունեցող կոնյակը ՀՀ որոշ քաղաքներում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, չնչին թանկացել է: Օրինակ՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Մանե»-ն հոկտեմբերին վաճառվել է 3580 դրամով, իսկ սեպտեմբերին՝ 3565-ով: Նկատենք, որ բացի կոնյակից՝ էժանացել է նաեւ գինին. օրինակ՝ սեղանի 0.75 լ կարմիր գինու գները տատանվել են 1570-1680 դրամի սահմաններում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս