«Մամա» ասող չունեցավ, բայց «տատիկ» ասողներ ունի. «Աշնան արև» ֆիլմի Աղունը` 70 տարի առանց մենության (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անահիտ Ղուկասյանի հետ: 70-ամյա արտիստուհին, նույն ինքը` «Աշնան արեւ» ֆիլմի Աղունը, շարունակում է նկարահանվել եւ ներկայանալ հանդիսատեսին: Նա հայտնի է նաեւ «Տերը», «Ապրիլ», «Վերջին կիրակին», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Սպիտակ ոսկոր», «Ուր էիր, մարդ Աստծո» եւ այլ ֆիլմերում ունեցած իր դերակատարումներով:

15280946_1226327320781665_600330455_n

-Տիկի՛ն Ղուկասյան, այժմ ի՞նչ նախագծերում եք նկարահանվում: Եվ հետաքրքիր է` կյանքի այս փուլում ի՞նչ դերի մասին եք երազում:

-Հիմա նկարահանվում եմ «Change» սերիալում («Արմենիա Պրեմիում»), հրավեր եմ ստացել հանդես գալու նաեւ գեղարվեստական ֆիլմում, որը կյանքի է կոչվելու ռուսական կողմի պատվերով: Այդ մասին, սակայն, մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող: Առհասարակ, լավ կլիներ, որ մի հետաքրքիր կերպար կերտեի` դասական ժանրի ստեղծագործության հերոսուհու, որը, սակայն, աչքի կընկներ նաեւ իր հումորով: Շատ կցանկանայի, օրինակ, Միսս Մարփլ խաղալ (Ագաթա Քրիստի). նա, թվում է, «կենցաղային» կերպար է, սակայն միեւնույն ժամանակ բավական խելացի է:

-Շարունակում եք աշխատել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում, ըստ Ձեզ՝ որո՞նք են այս թատրոնի առանձնահատկությունները:

-Ազնվորեն ասեմ` հիմա նույնքան զբաղված չեմ թատրոնում, որքան երիտասարդ տարիներին, բայց, իհարկե, ունեմ դերեր: Այսօր հայ թատրոնում տաղանդավոր ռեժիսորի պակաս կա: Ի վերջո, դերասանին ռեժիսորն է «մարդ դարձնում», բացում նրան: Եթե կողքիդ լավ ռեժիսոր չունես, դու ոչինչ չես անի: Մեր թատրոնում, օրինակ, վերջերս մի քանի ներկայացումներ բեմադրվեցին, որոնք շշմելու գործեր են, դրանցից մեկը «Ճպուռն ու մրջյունն» է (բեմադրիչ` Վիգեն Ստեփանյան): Այդ փոքրիկ գործի հիման վրա մի ամբողջական ներկայացում է ստեղծվել, այն էլ` երաժշտական: Նայում եմ` հավեսս գալիս է: Ինչ վերաբերում է մեր թատրոնի յուրահատկություններին, ասեմ, որ հենց մենք ենք կերտում մյուս թատրոնների ապագա հանդիսատեսի տեսակը: Մեր հանդիսատեսը մեծանում է եւ արդեն ձեւավորված` գնում է ուրիշ թատրոններ: Ուստի ճաշակ զարգացնելու, աշխարհայացք ձեւավորելու առումով մեր ֆունկցիան բավական մեծ է: Մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ մեր դերասաններն ավելի շուտ են ծերանում: Եթե Սունդուկյանի անվան թատրոնում 40 տարեկան կինը, օրինակ, կարող է իրեն թույլ տալ սիրուհու դեր խաղալ, մեզ մոտ նման բան լինել չի կարող: Այս երեւույթը ես նորմալ եմ համարում. ի վերջո, հարկավոր է երիտասարդներին ճանապարհ տալ:

15301165_1226327317448332_1289284324_n

-Իսկ որո՞նք են եղել այն դերերը, որոնք Ձեզ թատրոնում եւ կինոյում մեծ հաջողություն են բերել:

-Կինոյում դա եղել է Աղունը («Աշնան արեւ»), իսկ ինչ վերաբերում է թատրոնին, կարող եմ առանձնացնել դեր, որը շատ եմ սիրել: «Վշտից փախչողը բախտ չի գտնի» ստեղծագործության (Սամուիլ Մարշակ) հիման վրա ներկայացում կար, դրա շրջանակում իմ մարմնավորած կերպարը բավական հետաքրքիր էր, եւ հանդիսատեսն էլ այն սիրեց:

-Դուք հաճախ ափսոսանք եք հայտնում այն առնչությամբ, որ Ձեր ամուսինը` կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանը, դեռ շատ ասելիք ուներ, բայց չհասցրեց մի շարք նպատակներ կյանքի կոչել: Հետաքրքիր է` միասին սովորաբար կինոյին առնչվող ի՞նչ հարցեր էիք քննարկում: Նաեւ այսօր ստեղծվող հայ կինոյի մասին ի՞նչ կարծիք ունեք:

-Բագրատը խորհրդային տարիներին անընդհատ «ներվի վրա էր»: Մի շարք գործեր, հետաքրքիր սցենարներ ուներ, որոնք թույլ չէին տալիս կյանքի կոչել, որովհետեւ կոլխոզի մասին չէր նկարում, նրա ֆիլմերը սովետական գաղափարախոսությանը չէին համապատասխանում: Դա էր իմ ու իր դարդ ու ցավը, մեր ամենացավոտ կողմը: Իսկ եթե խոսելու լինենք իմ ներկայիս մտահոգությունների մասին, կարող եմ ասել, որ այսօր ավելի շատ արտադրության վրա է շեշտը դրվում, քան կինոյի: Անընդհատ նկարվում եմ, չէ՞, բայց քիչ է պատահում, որ հաճույք ստանամ իմ աշխատանքից. դա ինձ համար հիմնականում փող աշխատելու միջոց է: Սա ցավալի իրողություն է: Նախկինում ֆիլմում նկարահանվելուց առաջ սցենարը կարդում էինք, մանրամասն ծանոթանում, մի քանի անգամ փորձեր էինք անում, իսկ հիմա նկարահանումից առաջ սցենարը տալիս են ձեռքդ ու գցում են կադր, դա նորմա՞լ երեւույթ է: Այդ է պատճառը, որ անորակ պրոդուկտ ենք տալիս:

-Իսկ Դուք պետության կողմից համապատասխան ուշադրության արժանանո՞ւմ եք, այն վերաբերմունքը, որը կա, Ձեզ բավարարո՞ւմ է:

-Ժամանակին դերասանները գնահատված էին, իսկ հիմա իրավիճակը մի քիչ ուրիշ է: Ես ինձ չեմ համարում անտեսված, բայց չեմ կարող չասել, որ երկար տարիների փորձ ունեցող դերասանուհի լինելով` մինչեւ հիմա ոչ մի կոչում չեմ ստացել: Ճիշտ է դա, թե սխալ, պետք է պետական այրերը մտածեն: Ինքս երբեք չեմ գնա ու դռներ չեմ ծեծի:

15320391_1226327307448333_419720437_n

-Տիկի՛ն Ղուկասյան, ո՞վ է, որ այսօր միշտ Ձեր կողքին է:

-Եղբորս թոռները, որոնք ինձ տատիկ են ասում: Իրենցով երջանիկ եմ եւ ինձ ոչ մի վայրկյան միայնակ չեմ զգացել, եղբորս տղան եւ նրա զավակներն ինձ աչքաթող չեն արել: «Մամա» ասող չունեցա, բայց, փառք Աստծո, «տատիկ» ասողներ ունեմ (ծիծաղում է): Ինձ հետ է նաեւ իմ հանդիսատեսը: Երբեմն մտածել եմ, որ հիմա, երբ շատ զբաղվածություն չունեմ, ինձ այլեւս չեն հիշում, բայց հուրախություն ինձ, անընդհատ փողոցում կանգնեցնում, ջերմ խոսքեր են ասում իմ հասցեին: Մի քանի օր առաջ էլ նկարահանման էի, երիտասարդ դերասաններից մեկն ասաց. «Ախր մենք Ձեր ներկայացումներով ենք դաստիարակվել ու մարդ դարձել»: Վա՜յ, այնքա՜ն լավ էի ինձ զգում. դրանից մեծ գնահատական չկա:

Արխիվային լուսանկարները տրամադրել է Անահիտ Ղուկասյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս