ՀԱՐՑ. Եղբայրս բնակվում է ՀՀ-ում, բայց չունի տեղի հաշվառում: Հիմա մտադիր է դիմել ԲՍՓ, որպեսզի հաշմանդամության կարգ ստանա: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող ենք դիմել, ինչպե՞ս է իրականացվելու այդ գործընթացը:
Հայկուհի Խոջոյան (56 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության՝ ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում: 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաները, ըստ դեղատոմսերի, ապահովվում են անվճար դեղորայքով, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները՝ 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից: Հաշմանդամներն իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում եւ դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր եւ մասնագիտացված տիպի առողջարաններում՝ առողջարանային բուժմամբ: