ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման-ԾԻԳ» ՊՀ, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD), Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA), «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Գյուղատնտեսության ոլորտում տարբեր գերատեսչությունների և միջազգային կառույցների կողմից այսօր իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք հարկավոր է կենտրոնացնել առավել արդյունավետ դարձնելու համար: Այս խորհրդակցության նպատակն է քննարկել այդ ծրագրերի կենտրոնացման և համակարգման հնարավորությունը: Մարզային այցերի ընթացքում ստանում ենք առաջարկություններ, որոնք հարկավոր է համակարգել և շահառուներին ուղղորդել, թե այն որ կազմակերպությանը պետք է ներկայացնել», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Միաժամանակ նախարարը վստահություն է հայտնել, որ տարբեր գերատեսչությունների ու կազմակերպությունների ուժերի կոնսոլիդացման և համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել ավելորդ խոչընդոտներից և ապահովել ծրագրերի բարեհաջող ընթացքը:
Քննարկումների արդյունքում Իգնատի Առաքելյանն առաջարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին վերապահել գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի համակարգման իրավասությունը:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ֆերմերների համար առավել հասանելի և մատչելի դարձնելու նպատակով նախատեսվում է հրապարակել նախարարության կայքում:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ և նախատեսվող ծրագրերին, քննարկվել են պետական գերատեսչությունների միջև համագործակցության սերտացմանն ու համատեղ գործունեությանն առնչվող հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին