Հարց քաղաքացիներից` իրավունք կա՞ խանութի պատուհանի վրա գովազդային ցուցանակ փակցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ խանութ, որի պատուհանի վրա փոքիկ գովազդային ցուցանակ է փակցված: Խնդրում եմ ասեք՝ ես իրավունք ունե՞մ փակցնելու այդ ցուցանակը, թե՞ ոչ: Ինձ քաղաքապետարանից տեղեկացրին, որ դա անօրինական է: Խնդրում եմ բացատրել՝ իմ քայլն անօրինակա՞ն է:

Սեյրան Հարությունյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատախան՝ աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունից տեղեկացնում են, որ սահմանված կարգի համաձայն՝ տնտեսվարողների կողմից տեղադրված գովազդային տեղեկատվությունները (վահանակները) ենթակա են համաձայնեցման Երեւանի քաղաքապետարանի կողմից:

Երեւան քաղաքի ավագանու 18 նոյեմբերի 2009 թվականի թիվ 37-Ն որոշման 44-րդ կետով սահմանվում է վիտրաժային գովազդ հասկացությունը.

«Վիտրաժային արտաքին գովազդի միջոցների (դռների եւ լուսամուտափեղկերի վրա, լուսամուտափեղկից ներս տեղադրված, սակայն դրսից տեսանելի գովազդ) մակերեսները հաշվարկվում են փաստացի տեղադրված գովազդի չափով»:
Լուսամուտափեղկերի վրա տեղադրված գովազդի արտաքին չափերը էական չեն սահմանված կարգով գովազդի համաձայնեցման գործընթացի համար:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ Երեւան քաղաքի վարչական սահմաններում գովազդը տեղաբաշխվում է վահանակների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, էլեկտրոնային էկրանների, շենքերի մուտքերի եւ պատուհանների հովհարների, այլ նյութական կրիչների եւ տեխնիկական միջոցների ձեւով: Նշենք նաեւ, որ արգելվում է գովազդ տեղադրել թանգարանների, պատմական եւ ճարտարապետական հուշարձանների, պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա եւ դրանց տարածքում:




Լրահոս