Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի հերոս Վահան Բադասյանի հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունում մեկ ամիս առաջ սկսված քննությունը, որով նյութեր էին նախապատրաստվում, օպերատիվ կերպով հանգուցալուծվեց: Արդյունքը որեւէ մեկին, անգամ բանակից կատարվող թալանի մասին հայտարարություններ անող Վահան Բադասյանին անակնկալի չբերեց: ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ յուրացումներ անելու մասին հայտարարության հիման վրա հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չի հարուցվել:
Այս որոշմանը հանգելու համար 1 ամիս քննիչները հույժ գաղտնի քննություն էին իրականացնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ Վահան Բադասյանից ստորագրություն էին վերցրել, որպեսզի նախաքննության ընթացքում արված իր պնդումների մասին որեւէ մանրամասն չհրապարակի: Հիշեցնենք, որ Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը հնչեցրել էր մի քանի այլ գեներալների անուններ` առանց փակագծերը բացելու: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՔԿ որոշմանը, Բադասյանը տողատակերով հասկացրեց, որ մեծ աղմուկ հանած ցորենի մատակարարման մրցույթներում ապօրինաբար հաղթած կազմակերպություններից մեկը կապվում է ՊՆ արդեն նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի եղբոր անվան հետ: Իսկ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի անունը չի հնչեցրել:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է իր դեմ սուտ մատնության կամ զրպարտության հատկանիշներով քրգործ հարուցվի, Բադասյանը բացառեց. «Չեն կարող: Ես հանցակազմն ապացուցող փաստեր ունեմ: Նոր հայտարարություն կտամ: Թեեւ չէի ցանկանա՝ զինված ուժերը խեղկատակության վերածվեն, բայց բանակից գողությունն այլեւս հանդուրժել չենք կարող»:
2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշ հստակեցումներ արդեն նշմարվում են: Մասնավորապես իշխող Հանրապետական կուսակցությունը Շիրակի մարզում արդեն ունի իր թեկնածուները, որոնց հանձնարարված է ակտիվ աշխատանքներ սկսել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող կուսակցության առանցքային թեկնածուն կլինի նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, որը ռեյտինգային կարգով կառաջադրվի Շիրակի մարզում: ՀՀԿ-ի համար 2-րդ ռեյտինգային թեկնածուն լինելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը պարբերաբար հերքում է տեղեկությունները: Ու եթե հաջողվի ՀՀԿ-ի համար ցանկալի ձայներ ապահովել, մարզից գուցե 3-րդ պատգամավորը ընտրվի` ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը: Հավելենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին` Խաչատուր Բալասանյանը եւս մտադիր է առաջադրվել: Իսկ ՀՀԿ հնաբնակ Սուքիաս Ավետիսյանը գործադիր կգործուղվի:
Հայաստանում այս տարվա 10 ամիսներին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաշվարկած տվյալներից հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-հոկտեմբերին գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 15 հազար 461, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1446-ով ավել է: 320-ով ավելացել է նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը՝ այս տարվա տասը ամիսներին կազմելով 6179: Բայց այս վիճակագրական տվյալներում ամենաուշագրավն այն է, որ պաշտոնապես արձանագրվել է պետական իշխանության ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կրկնակի աճ: Այս տարվա հունվար-հոկտեմբերին գրանցվել է 2284 նման հանցագործություն, որը 1404-ով ավել է անցած տարվա նույն ժամանակահատվածից: Սա նշանակում է, որ ՀՀ ոստիկանությունը, որպես այդպիսին, չի գործում մեր երկրում. հանցագործությունները չեն կանխվում ու նախականխվում:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանը համակարգի աշխատակիցներին առաջարկել է 20 տոկոս զեղջով կազմակերպել իրենց հանգիստը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ համալիրի սեփականատերը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ սերտ կապեր ունի, ինչն էլ ՊԵԿ նախագահին հնարավորություն է տվել նման առաջարկ անել աշխատակիցներին: Հավելենք, որ նշանակումից ի վեր պետական միջոցառումները ՊԵԿ-ը կազմակերպում է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առնչությամբ ՊԵԿ-ից պարզաբանումներ ստանալ: Ի պատասխան մեր հարցի՝ ՊԵԿ լրատվականից հայտնեցին, որ Վարդան Հարությունյանը նման առաջարկ համակարգի աշխատակիցներին չի արել, ավելին՝ նա որեւէ առնչություն չունի Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի հետ: Լրատվական բաժնից հավելեցին, թե այս ընթացքում ՊԵԿ-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում ընդամենը մեկ նիստ է իրականացրել:
ՎԱՐԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսուհետ բնակարանային հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացիների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն. ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են հիփոթեքային վարկավորման միասնական խիստ կանոններ: Այս ավետիսը երեկ հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկը: Բնականաբար հիպոթեքային վարկ ունեցող քաղաքացիները, կարդալով այս տողերը, շտապում են պարզել, թե այդ նոր՝ «խիստ կանոնները» ինչ կտան իրենց՝ որպես վարկառուների, եւ իրենց կոնկրետ որ իրավունքներն են այսուհետ առավել պաշտպանված լինելու:
Եվ այսպես՝ նախագծով վարկատուներն այսուհետ պարտավոր են սպառողներին մինչեւ վարկը տրամադրելը մանրամասն ներկայացնել վարկի արդյունավետ տոկոսադրույքի, վարկ վերցնելիս քաղաքացու կատարելիք ծախսերի, ժամկետից շուտ մարելու հնարավորության, դրա կարգի եւ վարկի մարման կանոնները: Զարմանալի է, որ այս տարրական հարցերի ներառումը նոր օրենքում այսպիսի մեծ հնչեղությամբ է մատուցվում: Իրականում Հայաստանում վաղուց արդեն բոլոր բանկերը բավականին բարեխղճորեն իրականացնում են վերը շարադրվածը, իսկ եթե ինչ-որ մի բանկի ինչ-որ մի անբարեխիղճ աշխատակից էլ թերանում է վարկառուին իր իրավունքները լավագույնս բացատրելու հարցում, ապա վարկառուն միշտ հնարավորություն ունի դա ինքնուրույն անելու թե՛ համացանցում առկա տեղեկատվության միջոցով, թե՛ արդեն վարկային պայմանագրի ստորագրման փուլում՝ այն պարզապես կարդալով: Ուստի այս փոփոխությունները ներկայացնել որպես վարկառուների իրավունքների պաշտպանութան բարձրացում, մեղմ ասած, տեղին չէ:
Փորձենք պարզել, թե էլ ինչ բարեփոխումներ են նախատեսվում նոր օրենքով: Նախագծով սպառողը հնարավորություն կունենա ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց էական ռիսկեր կրելու, իսկ վարկատուն չի կարող որեւէ տույժ, վճար կամ հատուցում պահանջել: Վարկատուն հնարավորություն կունենա տույժեր կիրառել միայն այն դեպքում, երբ վարկը վաղաժամկետ մարվում է առաջին 3 տարիների ընթացքում, եւ մարվող գումարի չափը ավելի է նախագծով սահմանված չափից: Եվ դարձյալ տպավորություն է, որ օրենքի հեղինակները որոշել են դաշտում արդեն իսկ առկա բարեփոխումները երկրորդ անգամ «ծախել» նոր կառավարության վրա՝ Կարեն Կարապետյանի մոտ դրական «գալոչկա» ստանալու համար: Ներկայացված ցանկում թերեւս միակ նկատելի փոփոխությունն այն է, որ անշարժ գույքի գնահատողը չի կարող փոխկապակցված լինել վարկատուի հետ կամ բանկը չի կարող ուղղորդել սպառողին՝ օգտվել իր նախընտրած գնահատողից:
Իսկ, առհասարակ, եթե օրենքի հեղինակներն իրապես ցանկանում են պաշտպանել վարկառուների իրավունքները, լավ կլինի՝ մտածեն ամենակաեւոր հարցի՝ վարկի տոկոսադրույքի նվազեցման ուղիների մասին: