ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում միանվագ վճարը: Ուզում եմ հասկանալ՝ որո՞նք են դրա վճարման հիմքերը:
Մարուսյա Գեւորգյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ միանվագ վճարը, կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո, անձի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջապես մասնակցին միանգամից վճարելն է:
Եթե մասնակցի՝ կուտակային միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, ապա մասնակիցն իրավունք ունի կուտակած միջոցները ստանալ միանվագ վճարների ձեւով: Բացի դրանից՝ եթե մասնակցի՝ կուտակային միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը պարտավոր է կնքել հիմնական կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետի պայմանագիր, իսկ մնացած մասը նա իրավունք ունի ստանալ միանվագ վճարի տեսքով:
Բացի վերը նշվածը՝ կենսաթոշակային հաշվում առկա միջոցները միանվագ վճարի ձեւով վճարվում են նաեւ՝
1. մասնակցի՝ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում,
2. մասնակցի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու եւ կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումով հիվանդ լինելու դեպքում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: Ի դեպ, 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաեւ 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: