Մենք իրավապահ չենք, որ հասկանանք՝ աչքին եթե ինչ-որ բան է եղել, դա եղել է հարվածի արդյունքում. Սուքիաս Ավետիսյանը` լրագրողին հարվածելու դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի 7-ին «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանը հայտնել էր, որ խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու հարվածել է իր աչքին:

«Ժողովուրդ»-ը պատգամավորի վարքի, ԱԺ էթիկայի հանձնաժողովի կողմից սպասվելիք գործողությունների մասին զրուցեց հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, տեղյա՞կ եք տեղի ունեցած միջադեպից, ի՞նչ եք պատրաստվում անել:

-Որպես էթիկայի հանձնաժողովի անդամ՝ նման դեպքերում մենք ընթացք ենք տվել, երբ եղել է կոնկրետ դիմում: Հանձնաժողովը կոնկրետ դիմումը քննարկել է եւ որոշել է ընդունել վարույթ, եւ հանձնաժողովի անդամներից մեկը կոնկրետ զբաղվել է գործով: Այսինքն՝ այս մեկ տարվա ընթացքում ես, լինելով հանձնաժողովի անդամ, չեմ տեսել, որ մենք ինքներս նախաձեռնենք ինչ-որ երեւույթի հետ կպված քննարկում: Միշտ դիմում եղել է, եւ դիմումի արդյունքում վարույթ է ընդունվել:

-Այսինքն՝ սպասում եք դիմումի՞ն:

-Կարգը այդպես է:

-Փաստը կա, լրագրողի վնասված աչքն է:

-Աչքը ես չեմ տեսել, հրապարակման մեջ տեսել եմ: Կներեք, էլի, հիմա մենք իրավապահ մարմին չենք, որ հասկանանք՝ աչքին եթե ինչ-որ բան է եղել, դա եղել է հարվածի արդյունքում, թե այլ բանի արդյունքում: Գիտեք, մենք այստեղ մտնում ենք մի դաշտ, որտեղ խճճվելու ենք եւ չենք կարողանալու դուրս գալ: Եթե լրագրողը հայտարարել է, ուրեմն նա պետք է գնա, կարգ կա, համապատասխան մարմինների դիմի: Մենք կքննարկենք, իսկ մյուս կողմից խոսում ենք իրավապահ հետեւանքների մասին, որտեղ էթիկայի հանձնաժողովը կապ չունի:

Հ.Գ. 1.Երեկվա դրությամբ դեռեւս էթիկայի հանձնաժողով դիմում չկար, սակայն, անշուշտ, կլինի: Բայց ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով՝ ոստիկանությունը լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա արդեն հետաքննություն է սկսել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ասել է, թե 10 օրվա ընթացքում հայտնի կլինի՝ իրավապահները կհարուցե՞ն քրեական գործ, թե՞ կատարվածը կթողնեն անհետեւանք: Հուսանք՝ առաջինը կլինի:

Հ.Գ. 2. Լրագրողական 9 կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտել են նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի եւ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանի միջեւ:

Քնար Մանուկյան

 




Լրահոս