Ադրբեջանը հայտնվել է փակուղում. եթե դիմեն զինված միջամտության, կխառնվի Ռուսաստանը. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման եւ ԼՂ հակամարտության վերաբերյալ Մինկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հայտարարության մասին ArmLur.am-ը զրուցել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ:

– Պարո′ն Տարասով, Համբուրգյան հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագող երկրների ներկայացուցիչները հայտարարությամբ են հանդես եկել՝ կոչ անելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները  վերադառնան բանակցությունների սեղանին: Նշվում է նաև, որ առաջընթաց չարձանագրվելու դեպքում, բախումների հավանականությունը շարունակելու է աճել, և դրա ամբողջ պատասխանատվությունը կրելու են կողմերը: Ինչպե՞ս կարելի է հասկանալ այս հայտարարությունը. արդյոք Մինսկի խումբը փորձում է խուսափել պատասխանատվությունից:

– Այսպիսի հայտարարություններ նաև նախկինում են շատ եղել: Ամենակարևորը, սակայն, այս հայտարարությունը չէ: Ամենագլխավորն այն է, ինչ ասել է Սերգեյ Լավրովը: Համբուրգում նա հայտարարեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կատարել: Խոսքը գնում է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Ներկայումս դա տեխնիկական խնդիր է, որը կարող է հիմք հանդիսանալ զինված բախում թույլ չտալու համար: Այժմ Ադրբեջանը զբաղված է դիրքերի փոփոխությամբ. նախ, ինչպես պարզվում է, Ադրբեջանը չի ստորագրել ոչ Վիեննայի, ոչ էլ Սանկտ-Պետերբուրգի համաձայնագրերը, նրանք անտեսել են ՌԴ նախագահի առաջարկը: Իսկ հիմա Մամեդյարովն ու ուրիշները վախեցնում են, որ  իրենք կարող են սկսել զինված գործողություններ: Գիտեք՝ այն բանից հետո, ինչ Երևանում Իսկանդերները ցուցադրվեցին և փաստ դարձավ միացյալ զորքերի ստեղծումը, Ադրբեջանը փակուղի է մտել: Ադրբեջանն ուղղակի ժամանակ է ձգում, զբաղված են չգիտես ինչով, երևի թե սպասում են մինչ Թրամփը չի անցնի իր պարտականությունների կատարմանը, որից հետո նոր ինչ-որ բան պարզ կլինի: Ուղղակի բլեֆ է տեղի ունենում:

– Բայց Մինսկի խումբը որքանով է կատարում իր պարտականությունները:

– Միսնկի խումբը տարբեր առաջարկներն է ներկայացնում, շատ բան է արել, որ ապրիլյան պատերազմից հետո հանդիպումներ ունենան: Իսկ ի՞նչ են իրենք ցանկանում: Հայաստանը պաշտպանում է Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, Ադրբեջանը կտրականապես դեմ է և նստել, սպասում՝ մտածելով, որ բոլորն իրեն պարտական են: Բայց ոչ ոք նրանց ոչինչ պարտական չէ, նրանք պարտավոր են դա հասկանալ:

– Սակայն ձեռք բերված պայմանավորվածություններից ամիսներ են անցել, ադրբեջանական կողմից դրական տեղաշարժ չկա: Ինչ անել, որ նրանք հետևեն պայմանավորվածություններին և կատարեն դրանք:

– Ոչինչ, թող այդպես էլ շարունակվի: Հայաստանը Ղարաբաղը պահում է, շրջանները ղեկավարում  է, թող այդպես էլ շարունակվի:

– Բայց այդպես չի՞ ավելանում արդյոք ապրիլյան դեպքերի կրկնության հավանականությունը:

– Քիչ հավանական է, որ Ադրբեջանը կգնա զինված միջամտության: Եթե այս իրավիճակում նրանք այդպիսի քայլի դիմեն, ապա անպայման կմիջամտի Ռուսաստանը: Թուրքերը ՌԴ-ի հետ համագործակցություն են փնտրում, քանի որ իրենց մոտ ամեն ինչ այրվում է: Թուրքերը Ղարաբաղի պատճառով Ադրբեջանին չեն պաշտպանի. նրանք կորցրել են շանսը, և Ադրբեջանը հայտնվել է փակուղում: Պետք է փոխել բանակցային ֆորմատը: Ադրբեջանը ցանկանում է, որ ներգրավեն Թուրքիային, սակայն իրականում բանակցային պրոցեսում պետք է ներառել Լեռնային Ղարաբաղին, ահա և վերջ: Նրանք չեն ցանկանում դա անել. մինչ այսպիսի շիզոֆրենիա է տեղի ունենում, տեսականորեն ռազմական գործողությունների հավանականությունը մնում է, սակայն մոտ ժամանակներս դրա իրականացման հավանականություն չեմ տեսնում:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս