Ինչպե՞ս են թատրոնները պատրաստվում Ամանորին, և ինչո՞ւ է Մնջախաղի թատրոնը դուրս տոնական եռուզեռից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը Ամանորին ընդառաջ Երեւանի մի քանի թատրոնների ղեկավարներից հետաքրքրվել է` վերջիններս ինչ ներկայացումներ են պատրաստվում մատուցել հանդիսատեսին եւ տոնական օրերին մարդկանց դեպի թատրոններ ուղղորդելու ինչ տարբերակներ են պատկերացնում:

Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստում են նոր ներկայացում, այն կոչվում է «Ծովահեն պինգվինները» (բեմադրիչ` Սամսոն Մովսեսյան): «Սպասվում է մոտ մեկ ժամանոց երաժշտական, խաղարկային ներկայացում: Այն հանդիսատեսի դատին կհանձնվի դեկտեմբերի 17-ից մինչեւ 29ը, ապա` հուվարի 3-ից 8-ը: Սա մանկական ներկայացում է, բայց ուրախություն կպատճառի նաեւ մեծերին: Առհասարակ, եթե արվեստի գործը լավն է, այն հոգեհարազատ է բոլորին: Չէ՞ որ երեխաները Մոցարտ շատ են սիրում»,-նկատեց պարոն Բաբայանը:

15423693_1233986140015783_2034339580_n

Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Ամանորին ընդառաջ պատրաստում են «Փրկենք 2017-ը» ներկայացումը (բեմադրիչ` Ռուբեն Ծատուրյան): «Հանդիսատեսի դատին կհանձնենք երաժշտական ուրախ, գունեղ ներկայացում, որի շրջանակում բեմում կհայտնվեն հեքիաթների ամենատարբեր հերոսներ, այդ թվում` Կարմիր գլխարկն ու Կոշկավոր կատուն»,-մանրամասնեց տնօրենը:

15403183_1233986120015785_1379414702_n

Ինչ վերաբերում է հանդիսատեսին, հատկապես` երեխաներին գրավելու թատրոնի միջոցներին, Վ. Մկրտչյանը շեշտեց. «Կարելի է միջոցառումները բեմից տեղափոխել ֆոե կամ ճեմասրահ: Մենք, ցավոք, այդ հնարավորությունը չունենք: Ամեն դեպքում, թատրոնի ընձեռած ինտերակտիվ շփմանը ոչինչ չի կարող փոխարինել: Կենդանի խաղը երեխաներին կարող է ներգրավել եւ նրանց դարձնել ներկայացման մասնակիցը, անգամ խաղացողներից մեկը»:

Ամանորյա եռուզեռին պատրաստվող թատրոնների կողքին Երեւանի մնջախաղի պետական թատրոնը առանձնապես ոչ մի պրոցեսի մեջ ներգրավված չէ. պատճառը շենքի բացակայությունն է: «Բացի մեր թատրոնից` բոլոր թատրոններն էլ ունեն իրենց ամանորյա ներկայացումները: Իսկ մենք Պատանի հանդիսատեսի թատրոնում վարձավճարի դիմաց ներկայացմամբ հանդես գալու հնարավորություն ունենք շաբաթական մեկ անգամ (այն էլ` հինգշաբթի, իսկ ոչ հանգստյան օրերին հանդիսատեսի շարքերը նոսրանում են)»,-մեկնաբանեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

15435660_1233986130015784_1367040347_n

Նա տեղեկացրեց, որ բազմիցս դիմել է մշակույթի նախարարությանը պետպատվերով սուրբծննդյան ներկայացում բեմադրելու առաջարկով. «Ուզում եմ, օրինակ, «Շելկունչիկը» բեմադրել, որը կարելի կլինի խաղալ ե՛ւ տոնական օրերին, ե՛ւ, առհասարակ, ամբողջ տարին: Սակայն համապատասխան ֆինանսական միջոցներ այդպես էլ չեն տրամադրվում: Կարծում եմ` այս առումով պատկերն առաջիկայում կփոխվի դեպի լավը, քանի որ խնդիրը ներկայացրել եմ մշակույթի նախարարին: Եթե գումար տրամադրվի, եւ ներկայացումը լավ արձագանք ունենա, մեր հնարավորությունները կընդլայնվեն, եւ կկարողանանք արդեն տարբեր դահլիճներ վարձակալել»,-եզրափակեց պարոն Դադասյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս