ՀԿ-ները հրաժարվում են ընդգրկվել քվեարկության գործընթացն ապահովելու հանձնաժողովում. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ընտրական օրենսգրքի 4+4+4 ձեւաչափով քննարկումներին մասնակցած քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս սույնով հայտնում ենք, որ հրաժարվում ենք ընդգրկվել Ազգային ժողովի ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր խմբակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմում:

Այս մասին հայտարարություն են տարածել 6 հասարակական կազմակերպություններ:

Հայտարարությունում ասվում է.

«Հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի N1158-Ն որոշմամբ, որի նպատակն է կազմակերպել ընտրական տեղամասերում տեսանկարահանումը եւ ուղիղ հեռարձակումը, նույնականացման քարտերի եւ անձնագրերի շտեմարանի աուդիտն ու մշտադիտարկելու՝ էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը:

Կարեւորելով հանրային վերահսկողությունը բոլոր փուլերում, այդուհանդերձ ձեռնպահ ենք մնում ներգրավվել այս հանձնաժողովում, քանի որ դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներիս համար լրջագույն խնդիրը գործուն լիազորություններ չունեցող այս կառույցի գործարկումը չէ, այլ դիտորդական առաքելությունների եւ ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների՝ ընտրական օրենսգրքով նախատեսված աննախադեպ սահմանափակումները, որոնց առկայությունն արդեն իսկ կասկածի տակ է դնում ընտրությունների արդարությունն ու օրինականությունը, եւ այդ չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու իշխանության պատրաստակամությունը:

Խնդրահարույց է նաեւ հիշյալ եռակողմ հանձնաժողովի գործառույթների, դրա գործունեության եւ լիազորությունների սահմանման վերաբերյալ կառավարության որոշման կայացման ոչ ներառական բնույթը, ինչպես նաեւ՝ այդ որոշմամբ սահմանված պայմանները, որոնք պարտադրվում են քաղաքացիական հասարակությանը եւ դրա առանձին ներկայացուցիչներին:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բազմաթիվ քննարկումներն ու դրանց արդյունքում դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների սահմանափակումները վերացնելու վերաբերյալ արված առաջարկությունները այդպես էլ օրակարգային չդարձան կառավարության համար, իսկ որոշ դրական փոփոխությունները, որոնք հնարավոր եղավ արձանագրել ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով, ստվերվեցին եւ չեզոքացվեցին ակնհայտ անհամաչափ սահմանափակումներով եւ ներդրված պատասխանատվության ինստիտուտներով, որոնք եւս չէին դարձվել լայն քննարկման առարկա:

Հաշվի առնելով վերագրյալը, աննպատակահարմար ենք համարում մեր ներգրավումն այս հանձնաժողովում: Միեւնույն ժամանակ, հնարավորինս ուշադրության կենտրոնում ենք պահելու հանձնաժողովի աշխատանքը՝ ակնկալելով թափանցիկ եւ հրապարակային գործունեություն»:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

«Իրավունքի գերակայություն» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ԻՀԿ

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ




Լրահոս