ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԿԵՂԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձր վարկանիշ ունի, արձանագրվել է անգամ «Գելափ»-ի հարցումների արդյունքում: 3 ամսվա ընթացքում նա հասցրել է ընկալելի դառնալ ամենատարբեր շրջանակների կողմից: Սա թերեւս ունի մեկ բացատրություն. Կարապետյանը խարիզմատիկ կերպար է, ինչը պակասել եւ պակասում է շատ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ:

Երբ նա նոր էր վարչապետ նշանակվել, փորձեց ավանդույթը պահել եւ յուրային մի քանի հեռուստաընկերությունների համար ասուլիս կազմակերպեց: Բնականաբար, արժանացավ քննադատության, քանի որ լրատվական դաշտը կրկին բաժանել էր «մերոնք-ձերոնք»-ի: Անակնկա՞լ էր մեզ համար այդ կեցվածքը, բնականաբար ոչ: Բայց լավ է, որ ավելի ուշ վերանայեց այդ որոշումը եւ հանդիպեց 10 թերթերի, 10 կայքերի եւ 10 հեռուստաընկերությունների ղեկավարների հետ:
Հնչեցին ամենատարբեր հարցեր՝ տնտեսությունից, քաղաքականությունից, սոցիալ-կենցաղային թեմաներից մինչեւ նրա փողկապների ու կոստյումների ընտրության մասին: Կարեն Կարապետյանը բավականին անկեղծ էր, չէր խուսափում սուր հարցադրումներից ու անգամ պնդումներից, բայց երբեմն կովկասյան տաքարյունությունը նկատվում էր՝ թեեւ դրսեւորվելով «չափի մեջ»:
Սկզբում խոստովանեց, որ տրամադրված է ագրեսիվություն զգալու, բայց շատ առիթ չունեցավ ագրեսիայի հետ առերեսվելու: Անակնկա՞լ էր Ձեզ համար, որ ըստ «Գելափի»՝ ավելի բարձր վարկանիշ ունեք, քան Սերժ Սարգսյանը. «Այո»,- կարճ պատասխանեց նա: Իսկ լա՞վ է դա: «Դե, իրենք են գրել, ինչ իմանամ, երեւի լավ է»: Հետաքրքրվեցին՝ ՀՀԿ մտնելով՝ Ձեր վարկանիշը իջա՞վ, թե՞ բարձրացավ. «Իջավ»,- պատասխանեց վարչապետը: «Ժողովուրդ» օրաթերթը հիշեցրեց. ՀՀԿ անդամակցության Ձեր դիմումի մեջ գրված էր, որ ամբողջությամբ կիսում եք ՀՀԿ վարած քաղաքականությունը, այսինքն՝ նախորդների արարքների պատասխանատվությունն էլ եք կրո՞ւմ: Այս հարցը Կարեն Կարապետյանին անակնկալի բերեց: «Բա ասում էիք ագրեսիա չկա՞: Դե, դա ընդհանուր դիմումի ձեւ էր, ստորագրել եմ»,- անկեղծացավ նա:
Ամենաշատ հետաքրքրող հարցը այն էր, թե ինչքան ժամանակով է վարչապետ աշխատելու: Համառ ջանքերից հետո Կարապետյանը պատասխանեց. «2018-ից հետո էլ եմ մնալու որպես վարչապետ: Էս էիք ուզում լսել»:
Նկատենք, որ ընթացքում Կարապետյանը վեր էր կենում տեղից ու քայլում: «Ոչինչ, չէ՞, որ մեկ-մեկ քայլեմ»,- հարցրեց նա, առարկություններ չլսելով՝ ավելի հաճախ սկսեց «ելումուտը»: Սովորույթի համաձայն՝ կոստյումը էլի հանեց եւ կախեց իր աթոռից:
Տնտեսության զարգացման, ազատ մրցակցության, հակակոռուպցիոն մեխանիզմների եւ աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին պատասխանում էր հնարավորինս էմոցիոնալ՝ բացատրելով, որ ամեն հնարավոր քայլ արվում է այդ ուղղությամբ, եւ էֆեկտիվ աշխատում է իր թիմը: Թվեր, կանխատեսումներ, կոնկրետացումներ չարեց՝ պատճառաբանելով, թե չի տիրապետում, քանի որ շարունակական գործընթաց է: Միայն հաստատակամ հայտարարեց, որ ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների օպտիմալացիան ճիշտ է, եւ պետք է շարունակել: Գազի սակագնի, գազալցակայաններում առկա գազի գների տարբերության, արձանագրվող պայթյունների եւ այդ թեմայով այլ հարցադրումները Կարապետյանի մոտ «դեժավյու» առաջացրին: «Ինձ թվում է՝ ես դեռ «Գազպրոմում» եմ, ինձ անընդհատ գազի թեմայով եք հարց տալիս»,- տարակուսեց նա՝ հայտարարելով, թե գազի սակագնի ձեւավորումը տրամաբանական է:
«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը՝ Հայաստանի արտաքին իմիջը փոխելու համար, քանի որ եվրոասոցացման գործընթացից մեկ գիշերում Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո արտաքին աշխարհի համար ընկալելի չենք, եւ դա ազդում է նաեւ ներդրումների վրա: «Արտաքին իմիջը վարսավիրանոց գնալով, սանրվելով չի փոխվում, շարունակական պրոցես է, աշխատում ենք: ԵԱՏՄ չմտնելու դեպքում ես չունեմ վիճակագրություն, թե ինչ էր լինելու»,- պատասխանեց վարչապետը:
Իսկ ինչո՞ւ չի ստեղծվում խոստացված «կանաչ գոտին» ՌԴ սահմանային Լարսի անցակետում, որպեսզի մեր բեռնատարները Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի բեռնատարների հետ օրերով հերթ չկանգնեն. շարունակեցինք հետաքրքրվել: «Նույն ձեւ չեն վերաբերվում, ինչպես Թուրքիային եւ մյուս երկրներին: Բայց քանի որ սանկցիաներ կան, որոշակի ստուգումներ են արվում այն կետերով, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք»,- պարզաբանեց Կարապետյանը: Իսկ ինչո՞ւ ԵԱՏՄ երկրներ արտահանվող մեր ապրանքների ծավալը կտրուկ նվազեց, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ձեռք բերելով 200 միլիոնանոց շուկա: Մեր այս հարցին Կարապետյանը պատասխանեց. «Մեծ շուկա մտնելու ժամանակ, եթե անկում ունենք, որեւէ հաշվարկ չկա, թե ինչքան կլիներ այդ անկումը չմտնելու ժամանակ: Ես չեմ կարող տրամաբանական բացատրություն տալ, որ ԵԱՏՄ մտնելու հետեւանք է մեր տնտեսության անկումը»: Ըստ Կարեն Կարապետյանի՝ նախընտրական տարին շատ է խանգարում տնտեսության աշխուժությանը. «Մարդիկ եթե պիտի կահույք գնեն, սպասում են՝ ապրիլից՝ ընտրություններից հետո դա անեն»:
Նա հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձին հանգիստ է վերաբերվում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպում, իսկ 2017-ի ապրիլին էլ ՀՀԿ-ի քարոզչությամբ է զբաղվելու: «Եթե պետք է, արձակուրդ կվերցնեմ, եթե ոչ, արձակուրդս ավելի հաճելի բաների համար կօգտագործեմ»,- դարձյալ անկեղծացավ նա՝ տեղեկացնելով, որ փողապներն ու կոստյումներն անձամբ է ընտրում, իր իմիջով որեւէ մեկը չի զբաղվում:
Ամփոփելով երեկվա՝ մոտ 3 ժամ տեւած հանդիպումը՝ թերեւս հենց իր ոճով էլ ավարտենք: Տպավորվա՞ծ ենք արդյոք հանդիպումից, անկեղծ ասած՝ այո: Կարո՞ղ էր ավելի տեղեկացված լինել վարչապետը, անշո՛ւշտ, պարտավոր էր:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

ՆՈՐ «ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱ՞Ն»
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր շրջանառեցին այն մասին, թե հայ սպա, 36-ամյա Նորայր Մինասյանը դիմել է անցած տարի Ադրբեջանին հանձնված անհայտ ծագումով ակտիվիստ Վահան Մարտիրոսյանին՝ խնդրանքով օգնություն ցուցաբերել Ադրբեջան տեղափոխվելու հարցով: Ըստ նույն հրապարակումների՝ հայ սպան ցանկություն է հայտնել Բաքվում մամուլի ասուլիս անցկացնել:
ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գեւորգ Ալթունյանը երեկ ArmLur.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնել է, որ ՊՆ-ն ուսումնասիրություններ է կատարում` պարզելու եղելությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նորայր Մինասյանը ԼՂՀ Քաշաթաղ վարչական շրջանի Վարդաբաց գյուղից է: Նա արդեն երկու տարի է` Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում: Մեզ հետ զրույցում սպայի կինը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, բացառեց ամուսնու` նման քայլի դիմելու մասին լուրերը. «Ամուսինս հայրենասեր մարդ է, գրքեր, ֆիլմեր ունի նկարած: Երկու տարի է, որ չի ծառայում հայկական բանակում: Պարզապես խնդիրներ էին առաջացել ֆինանսական: Երկրի հետ կապված որեւէ լուրջ խնդիր չի ունեցել: Միայն վարկ ուներ չմարած»: «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Ն. Մինասյանի հորից: Ժորա Մինասյանը մեզ ասաց, որ դեռեւս որեւէ մեկնաբանություն չի ցանկանում տալ, քանի որ չի հասկանում` ինչ է կատարվում: Հոր փոխանցմամբ` Նորայրը Սոչիում է, նրա հետ երկար ժամանակ է՝ կապ չի ունեցել: Ի դեպ, նախկին սպան ադրբեջանական կայքին հայտնել է, թե իր ազատազրկման եւ աշխատանքից ազատման իրական պատճառը ՀՀ ԶՈւ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ 3-րդ կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ կոնֆլիկտն է եղել:

 

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը շարունակում է ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալ, ու չի բացառվում՝ կանգնի փակման վտանգի առջեւ: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները աշխատավարձը չստանալու համար դիմել են դատարան: 2016 թվականին Գյուլնարա Հարությունյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Արամյանց բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից բռնագանձել իրեն հասանելիք աշխատավարձը: Եւ հիմա, պարզվում է, բժշկական կենտրոնն է ընկել դատարանի դռները եւ պահանջում է հետ ստանալ իր գումարները: 2016 թվականի նոյեմբերի 8-ին ԲԿ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ քաղաքացի Մամիկոն Համբարձումյանից պահանջում է իր՝ շուրջ 2 միլիոն դրամը:

 

 
ՊԱՏՃԱՌ ԿԱՐ
Երկար բացակայությունից հետո երեկ խորհրդարանում է եղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Նրանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու է երկար բացակայել նիստերից, ինչին ի պատասխան՝ Սեդրակյանն ասել է. «Չէի ուզում, չէի գալիս»: Հարցին` ճիշտ է, որ Ձեր տունը խուզարկել են, նա արձագանքել է. «Մեր տունը ոչ մեկ չի խուզարկել»: Դիտարկմանն էլ, որ պատգամավորը չի մասնակցել ՀՀԿ համագումարին, Սեդրակյանը հակադարձել է. «Ձեր ինչ գործն է, պատճառ կար, ոչ չեմ մասնակցել»:

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԴՊՐՈՑԻ ՄՈՏ
Երեկ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի հարեւանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի մոտ կրակոցներ են հնչել, որոնց հետեւանքով վնասվել են դպրոցի ապակիները: ArmLur.am-ի հետ զրույցում դպրոցի տնտեսվար Ալիկը պատմել է, որ կրակոցները հնչել են ժամը 13:30-ի սահմաններում, երբ դեռ դպրոցում դասերն ընթանում էին, իսկ միջանցքներում էլ մարդ չկար: «Բակում ռազբորկաներ են եղել, կրակել են, պատահաբար կպել է դպրոցին: Դպրոցի հետ կապ չունի, դպրոցի աշակերտներ չեն եղել: Բան չկա, պատահական եկել է մեզ վրա, բարեբախտաբար ոչ ոքի բան չի եղել»,- նշել է նա: Տնտեսվարի խոսքով` կրակոցներից հետո խուճապ չի եղել, սակայն տնօրենը երեխաներին տուն է ուղարկել:

 

 

ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ
«Ակտիվ քաղաքականություն վերադառնալը Գագիկ Ծառուկյանի սահմանադրական իրավունքն է»,- երեկ նման տեսակետ է հայտնել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը: Նա ո՛չ հերքել եւ ո՛չ էլ բացառել է ՀԱԿ-ԲՀԿ նոր դաշինքի հնարավորությունը: Ըստ Լ. Զուրաբյանի` ՀԱԿ հայտարարության մեջ արդեն իսկ նախանշված են համագործակցության սկզբունքները, եւ իրենք պատրաստ են համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք ընտրությունների միջոցով նպատակ են դրել հասնել իշխանափոխության:

 

 

ԱՐԳԵԼՔԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման գործով կալանավորվածներից 12-ի նկատմամբ վերացվել է տեսակցությունների արգելքը:




Լրահոս