«ՀԱՍՆԵԼ ՆՐԱՆ, ՈՐ ՉԽԱՓԱՆԵՆ ԹԱՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ տարի է` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը չէ: Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունում գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու մասին որոշում էր կայացվել: Փոփոխությունը տեղի էր ունեցել նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի առաջարկով: «Ժողովուրդ»-ը մեկ տարի անց զրուցել է Կ. Դուրգարյանի հետ, հետաքրքրվել է` ինչով է նա այժմ զբաղված, արդյոք այցելում է օպերային թատրոն եւ հետեւում է այնտեղի աշխատանքներին:

-Պարո՛ն Դուրգարյան, որպես հրավիրյալ դիրիժոր` վերջին շրջանում ո՞ր երկրներում եք եղել:
-Եղել եմ Ռուսաստանում, Իսրայելում, Բելգիայում եւ Գերմանիայում:
-Իսկ կողքից հետեւո՞ւմ եք օպերային թատրոնի աշխատանքներին, եթե այո, ի՞նչ կարծիք ունեք դրանց որակի մասին:
-Չեմ կարող որեւէ գնահատական տալ կամ կարծիք հայտնել, որովհետեւ չգիտեմ, թե այնտեղ ինչ է կատարվում:
-Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի մասին ի՞նչ կասեք:
-Նրան շատ եմ հարգում, վաղուցվանից գիտեմ, շատ լավ անձնավորություն է, բայց չեմ կարող ասել` որպես գեղարվեստական ղեկավար ինչպիսին է. ժամանակ է հարկավոր, որ հասկանանք` ինչ գործունեություն է ծավալում:
-Հայաստանի հետ կապված ի՞նչ պլաններ ունեք:
-Դրանք առնչվում են բարեգործական այն համերգներին, որոնք կազմակերպվում են իմ` Հայաստանում լինելու ժամանակահատվածում: Համերգները կյանքի են կոչվում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի կողմից (Դուրգարյանը դրա հիմնադիրներից մեկն է, հեղ.): Մենք այցելում ենք Հայաստանի տարբեր շրջանների դպրոցներ, զորամասեր, ելույթ ենք ունենում այն հանդիսատեսի համար, որը քաղաք գալու հնարավորություն չունի:
-Իսկ օպերային թատրոնի երաժիշտների հետ Ձեր կապը պահո՞ւմ եք:
-Անպայման, թեկուզ նշածս համերգների շրջանակում հանդիպելով: Բացի այդ` ես թատրոնում բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնց հետ կապս պահում եմ:
-Նրանց հետ մասնագիտական հարցեր քննարկո՞ւմ եք, փոխադարձ մտահոգություններով կիսվո՞ւմ եք:
-Չեմ կարծում, որ նրանք խորհուրդների կարիք ունեն, քանի որ շատ պրոֆեսիոնալ են, իսկ օպերային թատրոնին առնչվող թեմաներով ես ընդհանրապես չեմ զրուցում, չեմ էլ ուզում զրուցել, դրա կարիքը չկա:
-Նորանշանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Նրան շատ լավ եմ ճանաչում, գիտեմ որպես բարեկիրթ մարդ: Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց կտեսնենք նրա աշխատանքի արդյունքը: Առհասարակ, նորանշանակ նախարարի գործունեության մասին խոսելը դեռ վաղ եմ համարում: Նրա կատարելիք աշխատանքը ցույց կտա` որ ուղղությամբ է ինքը գնում:
-Դուք երկար տարիներ աշխատել եք օպերային թատրոնում, եւ կարծում ենք` քաջատեղյակ եք այնտեղի խնդիրներին: Ի՞նչ եք կարծում` դրանցից որո՞նք են, որ շտապ լուծման կարիք ունեն:
-Շատ խնդիրներ կան` սկսած նոտաների եւ գործիքների հին լինելուց: Դրանք անհրաժեշտ է թարմացնել. մի շարք պրոֆեսիոնալ երաժիշտներ տուժում են այդ խնդրի պատճառով: Բացի այդ` թատրոնում պրոֆեսիոնալ մենեջմենթի պակաս կա, այն մեզ մոտ թերի է, մենք համապատասխան ինստիտուտը չունենք: Ընդհանրապես, այս դաշտը շտկելու համար պետք է լուրջ պրոֆեսիոնալներ դաստիարակենք եւ ուղարկենք դուրս, որտեղ նրանք կկարողանան սովորել` ինչ բան է թատրոն ղեկավարելը: Ցավոք, խորհրդային տարիներին դա պլանավորված ուղղություն էր, իսկ այսօր համապատասխան կապերը նոր են ստեղծվում, եւ մասնագետների կարիք շատ ունենք: Եվ ամենակարեւոր հարցը` հարկավոր է հասնել նրան, որ տարբեր ուժեր չխափանեն օպերային թատրոնի աշխատանքը, չխանգարեն ու չմիջամտեն դրան, ինչպես որ եղել է մեկ տարի առաջ: Հիմա չգիտեմ` իրավիճակն ինչպիսին է, գուցե չեն խանգարում:
-Եվ վերջում, հետաքրքիր է` Դուք այս մեկ տարվա ընթացքում օպերային թատրոն այցելե՞լ եք:
-Ո՛չ, որովհետեւ իմ համերգային գործունեությունը Հայաստանից դուրս է, ժամանակ էլ չի լինում…

 

 

 
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՄԱՆՈՐԻՆ

«Ժողովուրդ»-ը Ամանորին ընդառաջ Երեւանի մի քանի թատրոնների ղեկավարներից հետաքրքրվել է` վերջիններս ինչ ներկայացումներ են պատրաստվում մատուցել հանդիսատեսին եւ տոնական օրերին մարդկանց դեպի թատրոններ ուղղորդելու ինչ տարբերակներ են պատկերացնում:

Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստում են նոր ներկայացում, այն կոչվում է «Ծովահեն պինգվինները» (բեմադրիչ` Սամսոն Մովսեսյան): «Սպասվում է մոտ մեկ ժամանոց երաժշտական, խաղարկային ներկայացում: Այն հանդիսատեսի դատին կհանձնվի դեկտեմբերի 17-ից մինչեւ 29ը, ապա` հուվարի 3-ից 8-ը: Սա մանկական ներկայացում է, բայց ուրախություն կպատճառի նաեւ մեծերին: Առհասարակ, եթե արվեստի գործը լավն է, այն հոգեհարազատ է բոլորին: Չէ՞ որ երեխաները Մոցարտ շատ են սիրում»,-նկատեց պարոն Բաբայանը:
Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Ամանորին ընդառաջ պատրաստում են «Փրկենք 2017-ը» ներկայացումը (բեմադրիչ` Ռուբեն Ծատուրյան): «Հանդիսատեսի դատին կհանձնենք երաժշտական ուրախ, գունեղ ներկայացում, որի շրջանակում բեմում կհայտնվեն հեքիաթների ամենատարբեր հերոսներ, այդ թվում` Կարմիր գլխարկն ու Կոշկավոր կատուն»,-մանրամասնեց տնօրենը:
Ինչ վերաբերում է հանդիսատեսին, հատկապես` երեխաներին գրավելու թատրոնի միջոցներին, Վ. Մկրտչյանը շեշտեց. «Կարելի է միջոցառումները բեմից տեղափոխել ֆոե կամ ճեմասրահ: Մենք, ցավոք, այդ հնարավորությունը չունենք: Ամեն դեպքում, թատրոնի ընձեռած ինտերակտիվ շփմանը ոչինչ չի կարող փոխարինել: Կենդանի խաղը երեխաներին կարող է ներգրավել եւ նրանց դարձնել ներկայացման մասնակիցը, անգամ խաղացողներից մեկը»:
Ամանորյա եռուզեռին պատրաստվող թատրոնների կողքին Երեւանի մնջախաղի պետական թատրոնը առանձնապես ոչ մի պրոցեսի մեջ ներգրավված չէ. պատճառը շենքի բացակայությունն է: «Բացի մեր թատրոնից` բոլոր թատրոններն էլ ունեն իրենց ամանորյա ներկայացումները: Իսկ մենք Պատանի հանդիսատեսի թատրոնում վարձավճարի դիմաց ներկայացմամբ հանդես գալու հնարավորություն ունենք շաբաթական մեկ անգամ (այն էլ` հինգշաբթի, իսկ ոչ հանգստյան օրերին հանդիսատեսի շարքերը նոսրանում են)»,-մեկնաբանեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Նա տեղեկացրեց, որ բազմիցս դիմել է մշակույթի նախարարությանը պետպատվերով սուրբծննդյան ներկայացում բեմադրելու առաջարկով. «Ուզում եմ, օրինակ, «Շելկունչիկը» բեմադրել, որը կարելի կլինի խաղալ ե՛ւ տոնական օրերին, ե՛ւ, առհասարակ, ամբողջ տարին: Սակայն համապատասխան ֆինանսական միջոցներ այդպես էլ չեն տրամադրվում: Կարծում եմ` այս առումով պատկերն առաջիկայում կփոխվի դեպի լավը, քանի որ խնդիրը ներկայացրել եմ մշակույթի նախարարին: Եթե գումար տրամադրվի, եւ ներկայացումը լավ արձագանք ունենա, մեր հնարավորությունները կընդլայնվեն, եւ կկարողանանք արդեն տարբեր դահլիճներ վարձակալել»,-եզրափակեց պարոն Դադասյանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԲԻԼԱՆՆ ՈՒ ԵՂԵՌՆԸ
Հայտնի երգիչ Դիմա Բիլանը պատրաստվում է ներկայացնել Հայոց ցեղասպանության թեմայով երգ եւ տեսահոլովակ, որի պրեմիերան կկայանա ապրիլին, այն կնվիրվի Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo.ru-ն: Հոլովակի նկարահանումները մասամբ իրականացվում են Հայաստանում՝ Արարատյան դաշտավայրում: Երգն արդեն պատրաստ է, իսկ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները շարունակվում են եւ առաջիկայում տեղափոխվելու են Մոսկվա:
«Ինձ այս թեման միայն պատմությունից չէ, որ ծանոթ է: Մայրիկիս տատը՝ Շուշան Տիգրանի Քրունին, 13 տարեկան աղջիկ էր, երբ փրկվեց մահից: Նրան փրկել են հնադավան ռուսները, որոնք եւս Թուրքիայից Ռուսաստան էին փախչում: Ցավոք, մայրիկիս տատը մահացել է նախքան իմ ծնվելը, բայց մորս պատմելով՝ տատիկը ողջ կյանքում փնտրել է իր բարեկամներին՝ չիմանալով` նրանք ողջ են, թե մեռած»,- պատմել է Բիլանը` Ծձի ՁԹ-ին տված հարցազրույցում:

 

 

ԿԱԱՍԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Պատրիսիա Կաասը, ով դեկտեմբերի 5-ին նշում է իր ծննդյան 50-րդ տարեդարձը, թողարկել է տասներորդ ստուդիական ալբոմը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»¬ը: Գրախոսների կարծիքով` իր նոր ալբոմով, որը կոչվում է հենց «Patricia Kaas», երգչուհին ընդհատել է երկարատեւ դադարը: Նրա նախորդ ստուդիական սկավառակը՝ «Ուժեղ սեռը», թողարկվել էր 2003 թվականին: Երաժշտական քննադատներն ալբոմն անվանում են «վերադարձ ակունքներին»:

 

 

ՉԻ ԲԱԺԱՆՎԻ
Արդեն մի քանի օր է` միջազգային լրատվամիջոցները քննարկում են ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի հավանական ապահարզանի հարցը: Հիշեցնենք, որ օրեր առաջ երգիչը նյարդային խանգարում եւ հյուծում ախտորոշումներով հոսպիտալացվել էր: Եվ նույնիսկ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո: Իսկ մինչ Ուեսթը հիվանդանոցում էր, լրատվամիջոցները լուրեր էին տարածում, թե Քարդաշյանին հոգնեցրել է ամուսնու ոչ ադեկվատ պահվածքը, եւ նա մտադիր է բաժանվել: Այնինչ՝ E! կայքը, վկայակոչելով Քարդաշյան ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին, հավաստիացրել է, որ մոդելն ամենեւին էլ նման մտադրություն չունի. «Քիմը մտահոգված է Քանյեի վիճակով եւ նրա կողքին է: Նա ուզում է, որ Քանյեն արագ ապաքինվի, Քիմը սիրում է ամուսնուն»,-նշել է աղբյուրը:




Լրահոս