ՎՍԴՀԿ-ն ԲՀԿ-ի հետ դաշինք կկազմի՞. ինչ է պարզաբանում Լյուդմիլա Սարգսյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին խոստացել են ընդգրկել ԲՀԿ ցուցակում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդը» զրուցեց Լյուդմիլա Սարգսյանի հետ, որը չբացառեց իր քաղաքական ապագան ԲՀԿ-ի հետ, բայց եւ չհաստատեց տեղեկությունը:

-Տիկի՛ն Սարգսյան, վաղուց արդեն ակնհայտ է, որ Ձեր եւ ՀԱԿ-ի միջեւ առկա է որոշակի տարանջատվածություն, եւ, բնականաբար, Ձեր քաղաքական ապագան դժվար թե այդ ուժի հետ տեսնեք: Այս օրերին ակտիվ կերպով բանակցություններ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի միջեւ, կազմավորվում են դաշինքներ: Դուք ո՞ր ուժերի հետ եք բանակցում Ձեր առաջիկա քաղաքական գործունեության շուրջ:

-Եթե նկատել եք՝ որեւէ քաղաքական ուժ դեռ չի մեկնաբանում, թե ում հետ է բանակցում եւ ինչ հնարավորություններ է տեսնում այդ բանակցությունների արդյունքում: Բնականաբար, ես նույնպես բանակցությունների ձեւաչափի մասին չեմ խոսելու, բայց կարող եմ ասել, որ բազմաթիվ քաղաքական ուժերի հետ այս օրերին հանդիպումներ ենք ունեցել, քննարկվել են մասնակցության հնարավորությունները: Կարծում եմ, որ կուսակցությունը միանշանակ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, եւ չեմ բացառում, որ դա կարող է լինել դաշինքով: Կարծում եմ՝ մինչեւ Նոր տարի կլինեն նոր ֆորմատներ, եւ այդ ֆորմատներից մեկում արդեն կարող եք մեզ տեսնել:

-Տիկի՛ն Սարգսյան, Դուք նշում եք, որ կուսակցությունն անպայման մասնակցելու է ընտրություններին, իսկ արդյո՞ք ՎՍԴՀԿ-ն ակտիվ գործող քաղաքական միավոր է: Խոսքը, բնականաբար, Ձեր անձնական պատգամավորական գործունեության մասին չէ: Կարո՞ղ եք նշել, թե քանի անդամ ունի ՎՍԴՀԿ-ն:

-Գիտեք, չեմ կարծում, որ պարտավոր եմ քանակի մասին հրապարակավ հայտարարել, բայց կարող եմ ասել, որ օրենքի պահանջներին մենք լրիվ համապատասխանում ենք, եւ կուսակցությունն էլ մինչեւ հիմա գործում է:

-Իսկ ի՞նչն է խանգարում այլ կուսակցությունների հետ բանակցությունների արդյունքում վերջնական որոշման հանգելուն:

-Ոչինչ չի խնգարում, բայց սա երկարատեւ պրոցես է, որն արդեն մեկ-երկու ամիս է, ընթանում է: Անշուշտ, ամեն մի գործընթաց ունի իր ավարտը, եւ մենք ժամանակի խնդիր էլ ունենք, հետեւաբար կարող ենք ձեւակերպել, որ մինչեւ նոր տարի արդեն հստակ կլինի, թե ինչ ձեւաչափերով, ինչ քաղաքական ուժեր, ինչ մասնակցության աստիճան կարող են ունենալ 2017 թվականի ընտրություններին: Ինձ համար շատ ուրախալի էր, որ երեք քաղաքական ուժեր կարողացան համախմբվել եւ կարծես թե հիմքը դրեցին նոր դաշինքների, համարում եմ, որ երեք քաղաքական ուժ արդեն լավ է, բայց կլինեն միավորներ, որ էլի կմիանան այդ եռամիասնությանը: Եթե ձեւավորվեն մի քանի բեւեռներ, ապա բոլորը միանշանակ պարտվելու են: Լավագույն դեպքում պետք է ձեւավորվի երկու ընդդիմադիր բեւեռ, ա՛յ, դա կարող է երաշխավորել, որ հասարակությունը կկարողանա կողմնորոշվել, թե որ քաղաքական բեւեռին իր ձայնը տա:

-Իսկ կա՞ այնպիսի ուժ, որի հետ համագործակցությունը բացառում եք:

-Ոչ մեկին չեմ բացառում ու նաեւ ուզում եմ ասել, որ «Հայ ազգային կոնգրեսի» մասով Դուք հայտարարեցիք, թե բացառում եք, Դուք երեւի ինչ-որ բան գիտեք, ես ոչինչ չգիտեմ, բայց մեծ հարգանքով եմ վերաբերում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը: Այն դեռ բավականաչափ փամփուշտ ունի, որպեսզի կարողանա նաեւ 2017 թվականի ընտրություններում կրակել: Ամեն դեպքում ՀԱԿ-ը ինձ համար մերժելի կուսակցություն չէ եւ այն մարդկանց, ում հետ մենք պայքարել ենք 2007 թվականից մինչեւ 2014-2015 թվականը, բոլորին հաջողություն եմ մաղքում եւ ուրախ կլինեի, որ այդ քաղաքական ուժերը կարողանային ներքին տարաձայնությունները հաղթահարել եւ մեկ անգամ եւս միասնական բեւեռ ձեւավորել: Եթե լինի մեկ ընդդիմադիր բեւեռ եւ մեկ իշխանություն, ապա կարծում եմ, որ այստեղ ընդդիմությունը միանշանակ հաղթած դուրս կգա:

-Տիկի՛ն Սարգսյան, մեր տեղեկություններով՝ Դուք սպասում եք Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը եւ Ձեր ապագան տեսնում եք ԲՀԿ-ում:

-Մեր համագործակցությունը 2014 թվականից ի վեր միշտ էլ եղել է: Ի տարբերություն եռյակի, քառյակի, որոնք հայտնի իրադարձություններից հետո իրենց համագործակցությունը դադարեցրին, վերակազմված ՍԴՀԿ-ն եւ տիկին Սարգսյանը շարունակել են համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ինչու ոչ, նաեւ ժամանակ առ ժամանակ մարդկային շփումներ են եղել Գագիկ Ծառուկյանի հետ: Ես ոչինչ չեմ բացառում, բայց չեմ կարող նաեւ հաստատել:

-Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ում կանանց թիվը քիչ է, միգուցե Ձե՞զ են առաջարկել միանալ իրենց, թե՞ Դուք եք առաջարկել:

-Վստահ եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կանանց ներգրավվածության խնդիր չկա, եւ իմ մասնակցությունը ընտրություններում կլինի այն թիմում, որի հետ մեզ համար բանակցությունների արդյունքը տեսանելի կլինի:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս