Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏՆԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԸ ՀՐԿԻԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի Ուկրշին տնակային ավանում նախօրեին բռնկված հրդեհի հետեւանքով 5 ընտանիք առանց տանիքի է մնացել: Նախնական վարկածով՝ փայտաշեն ավանում հրդեհը բռնկվել է հոգեկան խնդիրներ ունեցող բնակիչներից մեկի մեղքով, ով ըստ հարեւանների՝ պարբերաբար իր տան մեջ կրակ է վառել՝ ասելով, թե այդկերպ ջեռուցում է կացարանը: Հոգեկան խնդիրներ ունեցող հարեւանի հետ կապված տնակային ավանի բնակիչները բազմիցս են ահազանգել ոչ միայն հոգեբուժարան, այլեւ ոստիանություն: Ոստիկանները եկել, արձանագություն են կազմել ու հեռացել, լավագույն դեպքում կնոջը հոգեբուժարան են տեղափոխել, 7 օր պահել ու կրկին տուն ուղարկել: Հարեւաններն ասում են, որ կնոջ կողմից իր բնակարանում կրակ վառելով հրդեհ առաջացնելու դեպքն առաջինը չի եղել, նախորդ դեպքերում զգոն հարեւանները կարողացել են ժամանակին նկատել կրակն ու հրշեջների օգնությամբ այն մարել: Այս անգամ, սակայն, կրակը շատ արագ է տարածվել, խուճապահար բնակիչներին ոչինչ չի մնացել անելու, քան երեխաներին անկողիններով դուրս հանել տանից:

«Ինչ ունեի՝ գույքով, հագուստով ու փաստաթղթերով հանդերձ, մոխիր դարձավ, տղաս խոպան էր գնացել, փող ուղարկեց համակարգիչ, լվացքի մեքենա ու սառնարան գնեցի նոր տարվա համար, էդ էլ մի րոպեում այրվեց, կորավ, գնաց»,- «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց հրդեհի հետեւանքով տնից զրկված Սվետլանա Թամրազյանը, ով կարողացել է հրդեհից փրկել միայն իր 7 օրական թոռնիկին:
Մեկ այլ տուժած բնակչի՝ տիկին Սիրունի պատմելով՝ ինքն էլ աղմուկից է դուրս եկել ու տեսել, որ կրակն արդեն մտել է հարեւանի տուն, մանկահասակ քնած երեխաներին գրկել է եւ դուրս փախել տանից.«Չգիտեմ՝ ով էր տարածքում, տեսավ 3 երեխան գրկումս, նստեցրեց իր մեքենան, երեխեքս վախեցած ու մրսած էին»,- պատմեց տնազուրկ դարձած կինը: Նա նշեց, որ հոգեկան խնդիրներ ունեցող հարեւանի մասին ինքը ահազանգել է նաեւ նրա բարեկամներին, ովքեր եկել են ու բնակարանը նորոգել, նորմալ վառարան տեղադրել, սակայն կինը հանել է վառարանն ու կրակն արել տան մեջ՝ հատակի վրա:
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար որպես ժամանակավոր կացարան կառուցված ու արդեն 27 տարի ծառայած փայտաշեն տնակներում բնակվելու վտանգների մասին պատկան մարմինները բազմիցս են բարձրաձայնել, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվել: Այսօր փաստացի 5 ընտանիք՝ 19 բնակչով, դարձել է անօթեւան:
Ի դեպ, նշենք, որ եթե հրշեջները մի փոքր ուշանային եւ օպերատիվ չիրականացնեին հրդեհաշիջման աշխատաքները, կրակի զոհ կդառնային հարակից բնակարանները, որոնք չնայած չեն այրվել, սակայն ամբողջությամբ ջրով են պատվել:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով եւս գտնվել է հրդեհի վայրում, բնակիչներին խոստացել է տեղավորել ժամանակավոր կացարաններում:

Զուգադիպությո՞ւն, թե՞ դիտավորություն
Վանաձորի փայտաշեն տնակային ավանում բռնկված հրդեհն իր տեսակով նորություն չէր ոչ միայն վանաձորցիների, այլ նաեւ ոստիկանների ու հրշեջների համար: Տարօրինակ զուգադիպությամբ՝ 2013թ-ի դեկտեմբերի սկզբին նմանատիպ խոշոր հրդեհ բռնկվեց Գուգարք գյուղի փայտաշեն տներից մեկում, ինչի հետեւանքով անտուն մնացին 6-ից ավելի ընտանիքներ: Համայնքի՝ այն ժամանակվա ավագանու, շարքային քաղաքացիների ու բարերարների աջակցությամբ, մեկ տարի չանցած, բոլոր անտուն մնացած բնակիչները ապահովվեցին բնակարաններով: Դեպքից մեկ տարի անց կրկին Գուգարք գյուղում ու կրկին նմանատիպ փայտաշեն տանը հրդեհ բռնկվեց, մոտ 4 ընտանիք էլ այդ ժամանակ անտուն մնաց: Պատկան մարմինները վերջին դեպքի կապակցությամբ, մեր տեղեկություններով, քրեական գործ հարուցեցին: Սակայն այդ քրեական գործի ընթացքի մասին ոչինչ չխոսվեց, տեղեկություններ չեղան նաեւ անտուն մնացած ընտանիքներից: Ասել է, թե գործը փակված համարվեց: Սակայն եղավ վարկած, որ բնակիչները դիտավորությամբ են հրդեհել իրենց կացարանները, քանի որ 26 տարի սպասելուց հետո կորցրել էին նորմալ բնակարան ստանալու հույսը եւ այդկերպ փորձել խնդրի լուծմանը հասնել:
Ու ահա նախօրեին կրկին փայտաշեն տնակի հրդեհ, անտուն մնացած 5 ընտանիք, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ: Շատերի տունն էլ չնայած չի այրվել, սակայն բնակվելու համար դարձել է ոչ պիտանի: Սակայն, ի տարբերություն Գուգարք գյուղում տարիներ առաջ բռնկված հրդեհի, այս դեպքում բնակիչները մատնանշում են ոչ միայն պատահականությանը, այլեւ կոնկրետ բնակչի: Նշանակված փորձաքննությունները հավանաբար կտան բոլոր հարցերի պատասխանները, իսկ հարցերից ամենակարեւորն այն է, թե ինչու է հոգեկան հիվանդը բնակվել տնակում այն դեպքում, երբ բազմիցս է ահազանգվել, որ նա վտանգ է ներկայացնում:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի




Լրահոս