ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունն ամփոփել է 2016 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը դեկտեմբերի 14-ին ներկայացրել է 2016թ. Ծառայության կողմից իրականացված աշխատանքների արդյունքները:
Ըստ Սաիյանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ Ծառայությունում հաշվառված է կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող 463 838 անձ, որից ստանում են տարիքային կենսաթոշակ՝ 307 598, հաշմանդամության կենսաթոշակ՝ 128 377, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ՝ 9 972, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ՝ 2 541, երկարամյա ծառայության կենսաթոշակ՝ 740, մասնակի կենսաթոշակ՝ 14 610 անձինք:

«Ծերության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը 3 973 է, հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք ունեցողներինը՝ 49 290, իսկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցողներինը՝ 11 791 (ընդամենը՝ 65 054):
Խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցողների թվաքանակը նույն ժամանակահատվածում կազմում է շուրջ 12 500 անձ»,- նշել է պետի առաջին տեղակալը։
2016 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում մայրության նպաստ է նշանակվել շուրջ 26 500 անձի, իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ շուրջ 41 800 անձի:
2016 թվականին Ծառայության միջոցով հանրությանը վճարվել է շուրջ 308,800,000.0 հազ. դրամ, որից՝
1) աշխատանքային կենսաթոշակներ՝ շուրջ 222,600,000.0 հազ. դրամ,

2) ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ՝ շուրջ 13,750,000.0 հազ. դրամ,
3) երեխայի ծննդյան միանվագ նպաստ ՝ շուրջ 10,090,000.0 հազ. դրամ, որից որպես ընտանեկան դրամագլուխ՝ 4,260,000.0 հազ. դրամ,
4) չաշխատող անձի մայրության նպաստ՝ շուրջ 3,300,000.0 մլդ դրամ,
5) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ 2,930,000.0 հազ. դրամ։
Միաժամանակ, զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվել է շուրջ 23,800,000.0 հազ. դրամ, իսկ առանձին կատեգորիայի անձանց (հաշմանդամ զինծառայողներ, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ) տրվող պարգևավճարների ֆինանսավորմանը՝ շուրջ 11,650,000.0 հազ. դրամ։
Անդրադառնալով Ծառայություն ստացված դիմումներին՝ Սմբատ Սաիյանը նշել է, որ նախընթաց ժամանակահատվածում Ծառայության տարածքային ստորաբաժանումներ ներկայացվել են շուրջ 288 000 դիմում, որից կենսաթոշակների և Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների վերաբերյալ՝ շուրջ 205 000, երեխայի ծննդյան միանվագ նպաստի վերաբերյալ՝ շուրջ 39 500, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ՝ շուրջ 16 000, մայրության նպաստի վերաբերյալ՝ շուրջ 27 500 դիմումներ։ Տարածքային ստորաբաժանումները կայացրել են շուրջ 117 000 վարչական ակտ։
«Ծառայության աշխատակազմը բաղկացած է 623 հաստիքային միավորից, որից 132-ը՝ կենտրոնական ապարատում, 491-ը՝ տարածքային բաժիններում: Ընդ որում, 623 հաստիքային միավորից 66-ը տեխնիկական սպասարկող անձնակազմ է: Իսկ 2016 թվականի ընթացքում աշխատանքից ազատվել է 108 աշխատակից, իսկ աշխատանքի է ընդունվել 117 աշխատակից։
Նշեմ նաև, որ աշխատակիցների միջին տարիքը 48 է»,- ասել է Սաիյանը:
Հաշվետու ժամանակահատվածում կարգապահական տույժ է կիրառվել Ծառայության 18 աշխատակցի նկատմամբ, որից խիստ նկատողություն՝ 1, նկատողություն՝ 16, նախազգուշացում՝ 1: 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել է 19:

Բանախոսի խոսքով՝ շարունակվել է սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ դիմումների հաշվառումը ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում։ «Ընդհանուր առմամբ հաշվառվել է շուրջ 148 550 դիմում, որից 50 000-ը ուղղված է սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին, շուրջ 20 000-ը՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներին և 10 000-ը՝ զբաղվածության պետական գործակալության տարածքային բաժիններին։
114 թեժ գծի միջոցով ստացվել է Ծառայության լիազորություններին վերաբերող շուրջ 29 000 հեռախոսազանգ, որից՝ կենսաթոշակի վերաբերյալ՝ շուրջ 12 500 հեռախոսազանգ, երեխայի ծննդյան միանվագ նպաստի վերաբերյալ՝ շուրջ 3 000 հեռախոսազանգ, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ՝ շուրջ 10 000 հեռախոսազանգ, մայրության նպաստի վերաբերյալ՝ շուրջ 3 500 հեռախոսազանգ»,- նշել է Սաիյանը։

2016 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից աշխատանքներ են կատարվել հետևյալ հիմնական ուղղություններով.
1) շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավում և հասանելիության ապահովում,
2) ՀՀ պետական բյուջեի միջոցներից կատարվող ծախսերի հասցեականության ապահովում։
«Վերը նշվածի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները.
1) Ծառայությունում շահագործման են հանձնվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի և չաշխատող անձի մայրության նպաստի նշանակումն ու վճարումն ապահովող համապատասխան տեղեկատվական ենթահամակարգերը,
2) վերացվել է երեխայի ծննդյան միանվագ, չաշխատող անձի մայրության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար անձամբ դիմելու օրենսդրական պահանջը,

3) մշակվել և գործարկվել են միանվագ գումարների՝ անկանխիկ եղանակով վճարումներն ապահովող կառուցակարգեր (անձը կարողանում է բանկի միջոցով ստանալ իր գումարը՝ անկախ բանկային հաշիվ ունենալու հանգամանքից),
4) մշակվել և գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելն ապահովող համակարգ (դիմումը հնարավոր է ներկայացնել epension.am կայքի միջոցով),
5) աշխատանքեր են իրականացվել ըստ բնակության վայրի դիմում ներկայացնելու պահանջը չեղարկելու ուղղությամբ (սկսած 2017 թվականի հունվարի 1-ից դիմումը կարող է ներկայացվել Ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի բնակության վայրից) և այլն։
Հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 171,9 մլն դրամ ոչ իրավաչափ վճարում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերականգնվել շուրջ 17,7 մլն դրամ»,- ամփոփելով՝ ասել է Ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:
Ծառայության կողմից ներկայացվել է շուրջ 100 դատական հայց (հայցագինը՝ շուրջ 45,0 մլն. դրամ), որոնցից բավարարվել է 48-ը (շուրջ 17,0 մլն. դրամ հայցագնով):

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս