ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Ազատություն TV»-ի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի շրջանակում պատասխանել է «Ժողովուրդ»-ի հարցերին:
Մեր առաջին հարցը վերաբերում է «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու եւ այն «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին միացնելու որոշմանը: Հայտնի չէ` ինչ ճակատագրի է արժանանալու գրապալատը: Տնօրեն Գեւորգ Հարությունյանի խոսքով` 51 աշխատակցից պետք է շարունակի աշխատել 20-30-ը, ընդ որում, աշխատակիցների մեջ կան փորձառու մասնագետներ: Մենք հետաքրքվեցինք` ինչպես է պարոն Ամիրյանը պատկերացնում նրանց ապագան: Բացի այդ` հայտնի չէ` ՊՈԱԿ-ների միացման դեպքում ինչ է սպասվում գրապալատի անձեռնմխելի ֆոնդին:
Հարցին ի պատասխան` նախարարը նշել է. «Մենք գրապալատին հատկացրել ենք առանձին տարածք, որտեղ ոչ ոք մտնելու իրավունք չունի (խոսքը գրաֆոնդի մասին է): Ինչ վերաբերում է աշխատակազմին, ապա այնտեղ կա ուռճացված հաստիքացուցակ, որն առաջին իսկ հայացքից պարզ երեւում է: Այո՛, թերեւս աշխատակազմում կան որակյալ աշխատողներ, բայց գիտեք` գործառույթները պահանջում են կոնկրետ թվով աշխատակիցներ, ոչ թե դրա բազմապատիկը կամ եռապատիկը. պետք է օպտիմալացնել: Ինչ վերաբերում է գործառույթներին, դրանք բոլորը պահպանվելու են, ավելանալու է նաեւ թվայնացման գործընթացը (ընդ որում, այնպիսի թվայնացում, որը «հասկանալի» է լինելու բոլոր ժամանակակից գործիքներին): Փորձելու ենք ավելի ժամանակակից տեսք եւ շնչառություն տալ գրապալատի աշխատանքին` գործառույթները պահպանելով 100 տոկոսով»:
Մշակույթի նախարարին ուղղված «Ժողովուրդ»-ի երկրորդ հարցը վերաբերում է գրահրատարակչության ոլորտին: Մշակույթի նախարարությունում քննարկումներ են ընթանում ժամանակակից հայ գրականությունը պետական աջակցության ծրագրից հանելու մասին: Նախարարն այդ առիթով նշել է, որ առաջիկայում նախարարության աջակցությունը կնպատակաուղղվի հեղինակների հանրահռչակման ծրագրերին: «Գրողներից ոմանք առաջարկում են անտոկոս վարկեր տրամադրել` իրենց գրքերը տպագրելու համար: Ի՞նչ կասեք»,-հարցրել ենք մենք:
«Առաջարկն ինձ այդքան էլ դուր չեկավ: Նախ ասեմ, թե ինչ է տեղի ունեցել: Աջակցության ծրագրերով հրատարակիչների հետ աշխատելու ժամանակ մենք հասկացել ենք, որ նրանց մեծ մասը բարեխիղճ չեն վերաբերել այն աշխատանքին, որը մենք պատվիրել ենք: Չեն հրատարակվել այն քանակությամբ գրքեր, որքան պատվիրված է եղել, չեն հրատարակվել այն որակի գրքեր, ինչպիսին մենք ակնկալել ենք: Հիմա այդ գրքերը բաժանվում են տարբեր գրադարանների, զորամասերի, եւ մենք փոխել ենք մոտեցման ձեւը:
Ժամանակակից գրականությանն աջակցելու երկու տարբերակ ենք ընտրել. առաջին` մենք գնելու ենք այն գրքերը, որոնք արդեն հրատարակվել են (խոսքը որակյալ գրականության մասին է` թե՛ գեղարվեստական, թե՛ տեխնիկական իմաստով), եւ երկրորդ` նախատեսվում է 2017-ին եռամսյա հեռուստատեսային հաղորդում, որին մասնակցելու է 5 հրատարակիչ, 15 գրող` իրենց ստեղծագործություններով, 30 մտավորական եւ մեր հասարակությունը` ուղիղ եթերում: Գրողները հնարավորություն են ունենալու հրավիրելու դերասաններ, ներկայացնելու իրենց ստեղծագործությունը, հրատարակիչները ընտրելու են 15 գրողներից 5-ին (յուրաքանչյուրը` մեկական), միմյանց հետ բանակցելու են, թե ով ավելի շատ հոնորար կվճարի ստեղծագործության դիմաց, ով ավելի մեծ տպաքանակով կհրատարակի: Մտավորականությունն ու հասարակությունն էլ ընտրելու են եւս 5 գրողի ստեղծագործություն: Այսինքն` 15 ստեղծագործությունից 10-ը հրատարակվելու է: Սա ոչ միայն թափանցիկ, բաց ընտրության, այլեւ գրքի, գրողի, ստեղծագործության հանրահռչակման հնարավորություն է»,-ասել է պարոն Ամիրյանը: