ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում անուիտետը: Ընդհանրապես ո՞ր դեպքերում է անուիտետը պարտադիր:
Ստելլա Մեհրաբյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անուիտետը միանվագ փոխանցված գումարի դիմաց ապահովագրական ընկերության կողմից անձին որոշակի ժամանակահատվածում եւ պարբերականությամբ վճարվող գումարն է: Անուիտետի դեպքում պայմանագիր է կնքվում անձի եւ ապահովագրական ընկերության միջեւ, որին էլ փոխանցվում են մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները:
Եթե անձի կուտակային միջոցների ամսական գումարը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում մեծ է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից, ապա մասնակիցը պարտավոր է ընտրել որեւէ ապահովագրական ընկերություն եւ նրա հետ կնքել անուիտետի պայմանագիր: Այդ նպատակով մասնակիցը պետք է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնի դիմում:
Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում անձի անհատական հաշվում առկա պարտադիր կուտակային միջոցները փոխանցել ընտրված ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է իր հետ պայմանագիր կնքած մասնակցին գրավոր տեղեկացնել դրամական միջոցների ստացման եւ դրանց չափի մասին ստանալու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում:
Կուտակային միջոցները ստանալուց հետո, անուիտետի պայմանագրով սահմանված կարգով, ժամկետներում եւ պայմաններով ապահովագրական ընկերությունը կսկսի անուիտետի վճարումը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսինների անուիտետը վճարվում է անձին ցմահ, հօգուտ որի այն նշանակվել է: Անձի մահից հետո անուիտետը շարունակվում է ցմահ վճարվել վերջինիս ողջ մնացած ամուսնուն, անուիտետի պայմանագրում նախատեսված գումարի չափով: