Առաջարկում ենք շեշտադրումը դնել էլեկտրոնային ծանուցումների մեխանիզմի վրա: ՀՀ կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով ՀՀ նախագահի և վարչապետի հանձնարարականների կատարումը, այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այսօրվա գործող իրավակարգավորումներով Հայաստանում առաջնահերթ ծանուցումը կատարվում է փոստային եղանակով և շատ հաճախ դրա արդյունավետությունը կասկածի տակ է դրվում տարբեր պատճառներով ու քաղաքացու պատշաճ ծանուցումը հնարավոր չի լինում ապահովել: «Քանի որ այսօր նույնականացման քարտերի տրամադրմանը զուգահեռ քաղաքացիներին տրվում է նաև պաշտոնական էլեկտրոնային փոստ, մենք առաջարկում ենք ծանուցումներն ուղարկել նաև այդ էլ.հասցեներին, ինչպես նաև ներդնել բջջային հեռախոսին ստացվող sms հաղորդագրության միջոցով համապատասխան ծանուցումը ստանալու համակարգ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ արդեն պատրաստ են թե′ ՀՀ ոստիկանության, և թե՛ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության համապատասխան հարթակները, որոնք հնարավորություն կտան ՀՀ քաղաքացիներին բջջային հեռախոսների միջոցով կամ նախընտրելի այլ եղանակով ծանուցված լինել արգելանքների կամ վարչական ակտերի մասին: Ընդ որում, քաղաքացին կկարողանա նաև իր համար նախընտրելի այլ տարբերակով ևս ծանուցվել, օրինակ, իր անունով ստացվող ծանուցումներ ստանալը լիազորել իր ընտանիքի այլ անդամներին կամ հարևանին և այլն:
Հավելենք նաև, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում Ձեր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի կամ արգելանքի վերաբերյալ SMS ծանուցումների գրանցման շտեմարանում Ձեր հեռախոսահամարը ներառելու համար ընդամենը անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել 060-57-04-02 հեռախոսահամարին և հետևելով ավտոմատի հրահանգներին, հավաքել Ձեր հանրային ծառայության համարանիշը և գրանցվել։
Գրանցվելուց հետո, եթե Ձեր վերաբերյալ Ծառայությունում հարուցվի կատարողական վարույթ, գրանցում կատարած բջջային հեռախոսահամարին կստանաք SMS հաղորդագրություն, որում նշված կլինի հարուցված կատարողական վարույթի համարը, պահանջատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն) և Ձեր գույքի ու դրամական միջոցների վրա կիրառված արգելանքի չափը։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն