«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, երկրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացնելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հայտնեց. «ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը պետք է եւս պետական գաղտնիք լինեն եւ ներառվեն պետական գնումների ցանկում: Ճիշտ է, որ այդ ամենը ներառվի ցանկում՝ բնականոն աշխատանքի ապահովման համար»:
Փորձենք նախ հասկանալ՝ որտե՞ղ են արվում արարողակարգային ծախսերը. ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի… ղեկավարած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի եւ նրանց մասնակցությամբ ՀՀ-ում անցկացվող միջազգային բնույթի պաշտոնական միջոցառումների վրա:
Իսկ ի՞նչ է պետական եւ ծառայողական գաղտնիքը. «Պետական գաղտնիքը ՀՀ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեuական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, oպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար»:
Արդյո՞ք ՀՀ նախագահի նստավայրի աշխատակազմի կամ կառավարության կողմից գնված կոնյակների, թանկարժեք նկարների մասին տեղեկությունը պետական գաղտնիք է, իհարկե, ոչ: Որքանո՞վ է վնասվում մեր երկրի անվտանգությունը, երբ մենք հրապարակում ենք, որ նախագահականը 2013-ին 1 մլն 100 հազար դրամի տարեկան կոնյակ է գնել: Բնականաբար, որեւէ կերպ: Իսկ ինչո՞ւ է հիմա այս օրենքը այդքան կենսունակ:
2017 թվականին մեր երկրում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու. պատվիրակություններ կմեկնեն, նաեւ կգան մեր երկիր` այդ թվում եւ միջազգային դիտորդներ: Ու այդ բոլորին անհրաժեշտ կլինի «գաղտնի» նվերներ տալ (կոնյակ, ոսկեղեն, ադամանդ, թանկարժեք կտավներ…), հյուրասիրել նրանց ու «արտաքին հարաբերություն կառուցել», որպեսզի ընտրախախտումների վրա «աչք փակեն»:
Ի՞նչ է ստացվում. հանուն սեփական իշխանության երկարակեցության՝ կծախսվեն պետբյուջեի միջոցները: Եւ որպեսզի հարկատուները, հասարակությունը «չաղմկեն», ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հրահանգեցին կանգնել ու ԱԺ ամբիոնից դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարել, թե արարողակարգային ծախսերը պետական գաղտնիք են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: