«ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության՝ 2016-2020 թվականների ներդրումային ծրագիրը:
Տեղեկացնենք, որ ընկերության՝ 2016-2020 թվականների առաջարկվող ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 97.4 մլրդ. դրամ: Ի դեպ, նշված ծավալը մոտ 22.4 մլրդ դրամով ավել է, քան 5-ամյա ժամանակահատվածի համար սահմանված 75 մլրդ դրամը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ հանձնաժողովի կողմից հաստատված 2016 թվականի ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը կկատարվի մոտ 75-80 տոկոսով: Սրա հետ կապված ընկերությունն ունի իր պատճառները՝ Վերին Լարսի անցակետի անկանոն աշխատագրաֆիկ, ռուսական ռուբլու զգալի արժեւորում դրամի նկատմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվելիք հողահատկացման թույլտվությունների խնդիրներ, բարդ եղանակային պայմաններ, որը կտրուկ ավելացրել է վթարների վերացմանն ուղղված ընկերության ակտիվությունը եւ այլն:
Նշենք, որ այս տարվա համար պլանավորված, բայց ավարտին չհասցված ծրագրերը տեղափոխվել են ընկերության՝ 2017-2020 թվականների ներդրումային ծրագրերի մեջ, ինչի հետեւանքով էլ 2017 թվականի ծրագրի սահմանված սահմանաչափը գերազանցվել է 1.8 մլրդ դրամով: Ընկերությունն իր՝ 2016-2020-ի ներդրումային ծրագրերի իրականացման հիմնական ֆինանսավորման աղբյուր է համարում մաշվածությունը, շահույթը, ինչպես նաեւ փոխառու դրամական միջոցները: Իսկ նշված ժամանակահատվածում ընկերությունը իր շահույթի հաշվին կներդնի 20,8 մլրդ դրամ: Մնացած մասը՝ 76,7 մլրդ դրամը կամ նոյեմբերի 24-ի փոխարժեքով 160 մլն դոլլարը, պլանավորվում է իրականացնել ներգրավված վարկային միջոցների հաշվին:
«ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Ասիական զարգացման բանկի, Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկի եւ Համաշխարհային բանկի դուստր ձեռնարկության Միջազգային ներդրումային կորպորացիայի հետ, որոնց համատեղ սկզբունքով նախատեսվում է 160 մլն դոլլարի ներդրումային վարկային գիծ տրամադրել: Վարկի պայմանները հետեւյալն են՝ վարկային գիծը տրվում է 13-14 տարով, տոկոսները հաշվառվում են օգտագործված գումարի մասով, վարկային գծի մայր գումարի վերադարձը սկսվում է ստանալուց 5-6 տարի հետո, տարեկան տոկոսադրույքը կազմում է 4-5 տոկոս:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ