ՀԱՐՑ. Հայտնի է, որ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունն անցավ քաղաքապետարանի ենթակայության տակ: Խնդրում եմ ասեք՝ քաղաքացիների կուտակած պարտքերը պետք է քաղաքացինե՞րը վճարեն, թե՞ հնարավոր է՝ համաներում լինի:
Սամվել Կիրակոսյան (42 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցման՝ տեղեկացնում ենք, որ տեղական տուրքերի վճարման պարտականությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով, եւ ըստ այդմ, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար ավտոկայանատեղի տուրք վճարելու պարտականություն ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար՝ անկախ այն հանգամանքից, թե ում ենթակայության տակ է գտնվում «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, ցավալի է, որ «կարմիր գծանշումներով» վճարովի ավտոկայանատեղերի հետ կապված խնդիրները մնում են արդիական՝ անկախ նրանից, թե ով է իրականացնում համակարգի կառավարումը: Անախորժ վիճակի մեջ չհայտնվելու համար խորհուրդ ենք տալիս վարորդներին նախապես ձեռք բերել ավտոկայանման իրավունք, հակառակ դեպքում կկիրառվի տուգանք՝ 5000 դրամի չափով: Ի դեպ, նշենք, որ մեկ ժամվա համար ավտոկայանատեղում տուրքը հաշվարկվում եւ վճարվում է՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչեւ 5 րոպե տեղական տուրք չի գանձվում, իսկ 5 րոպեից ավելի կայանելու համար գանձվում է 100 դրամ` յուրաքանչյուր մեկ ժամի համար: