Սերժ Սարգսյանը քաղաքական պայքարը համարում է պատերազմ, որի ժամանակ պետք է ամեն գնով ոչնչացնի հակառակորդին կամ էլ նրան դարձնի իր հպատակ գերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է կադրային նշանակումները: Մեկ այլ պետության պարագայում պաշտոնների բաշխումը միջազգային արձագանքի չի արժանանում, սակայն Միացյալ Նահանգների դեպքը յուրօրինակ է` հաշվի առնելով այս պետության աշխարհաքաղաքական անվիճարկելի դերակատարությունը: Արձանագրելի է, որ Թրամփն առայժմ կարծես նախապատվությունը տալիս է ռազմական բնագավառի գործիչներին` հարուցելով շատերի անկեղծ վրդովմունքը: Նման պրակտիկան գուցե օրինաչափ կլիներ հաղթական պատերազմից անմիջապես հետո, սակայն ոչ ներկայիս ԱՄՆ-ում:

Մինչ օրս Թրամփն արդեն երեք պաշտոնաթող գեներալների նշանակել է պետության բարձրագույն պաշտոններում: Պաշտպանության նախարար է նշանակվել Ջեյմս Մեթիսը` ԱՄՆ ռազմածովային հետեւակի գեներալ, ԱՄՆ կենտրոնական ուղղության նախկին հրամանատարը: Հետաքրքիր է, որ Մեթիսն ԱՄՆ-ում հայտնի է «կատաղած շուն» մականունով: Միաժամանակ նա համարվում է ԱՄՆ-ի ամենապրոֆեսիոնալ զինվորականներից մեկը, ում նախկին ՊՆ Ռ. Գեյթսը գնահատում էր որպես պատմությամբ փորձված ռազմավարական մտածող: Նախկին նախարարը շեշտել է իր մտահոգությունը քաղաքացիական պաշտոնում ռազմական գործչի նշանակման կապակցությամբ` միաժամանակ հավելելով, որ Մեթիսը նախագահի վարչակազմ է գալիս իր արտակարգ փորձառությամբ, եւ այդպիսի բացառությունը թույլատրելի է:

Հարկ է, սակայն, նկատել, որ նման բացառություններն աստիճանաբար ավելանում են, ինչպես տեղի ունեցավ նախագահի ազգային անվտանգության գլխավոր խորհրդականի ընտրության հարցում: Հիշեցնենք, որ պետքարտուղարի հակակշիռը համարվող այդ պաշտոնում կրկին նշանակվել է ռազմական գործիչ` ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինը:

Եվ ահա օրեր առաջ Թրամփը հայտարարեց նախագահական ապարատում եւս մեկ գեներալի նշանակման մասին: Այն արդեն առնչվում էր Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հաստիքին: Այդ պաշտոնին նշանակվեց ԱՄՆ ռազմածովային ուժերի հետեւակի գեներալ, ԱՄՆ հարավային ուղղության նախկին հրամանատար Ջոն Քելլին: Համեմատաբար երիտասարդ համարվող պետական այս ինստիտուտը կարեւորագույն նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, եւ դրա ղեկավարումը պաշտոնաթող գեներալին վստահելը հուշում է, որ Թրամփը պատրաստվում է ռազմական բնագավառին հատուկ պրակտիկայով առաջնորդվել սահմանային անվտանգության եւ արտաքին հարաբերությունների ճգնաժամային որոշակի հարթակներում: Ի դեպ, տարբեր լուրեր են պտտվում մեկ այլ պաշտոնաթող գեներալ Դեյվիդ Պետրեուսի ու պաշտոնաթող ծովակալ Մայքլ Ռոջերսի` համապատասխանաբար ԱՄՆ պետքարտուղարի եւ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոններում հավանական նշանակումների մասին:

Նախագահական վարչակազմը համալրելով գեներալներով` Թրամփը մտահոգություն է պատճառել շատերին: Քաղաքական գործիչների, պաշտոնաթող գեներալների, գիտնականների ու վերլուծաբանների մի մեծ խումբ արդեն իսկ սկսել է քննադատել նոր նախագահի այսօրինակ նշանակումները: Շատերը նկատում են, որ զգալի քանակությամբ ռազմական գործիչների տեղավորումը վարչակազմում արդեն իսկ լրջագույնս հեռացնում է գործադիր իշխանությունը քաղաքացիական բնագավառից: Այս կապակցությամբ բավականին կոպիտ է արտահայտվել ակադեմիական շրջանակներում հայտնի, ԱՄՆ ռազմական ու արտաքին քաղաքականության վերլուծություններ իրականացնող Էնդրյու Բեսըվիչը` շեշտելով, որ եթե եւս մեկ-երկու նման գեներալներ նշանակվեն քաղաքացիական բարձրագույն պաշտոններին, արդեն «կարելի կլինի խոսել ոչ թե նախագահական վարչակազմի, այլ Թրամփի խունտայի մասին»:

Պաշտոնների այսպիսի բաշխումը ռազմական բնագավառի գործիչներին պատճառաբանվում է Թրամփի` գեներալների նկատմամբ ունեցած ակնածանքով: Ի վերջո, պետա-քաղաքական ակնառու գործիչների ճնշող մեծամասնությունը ժամանակին դաժան քննադատություններ է տեղացել Թրամփի հասցեին` ստիպելով վերջինիս զգուշավորություն ցուցաբերել իրեն անվերապահորեն չընդունողների նկատմամբ: Բայց եւ այնպես, ռազմական գործիչների նման աստղաբույլը կարող է իսկապես ծանր հետեւանքներ ունենալ ԱՄՆ արտաքին քաղաքականության համար: Քաղաքական հոգեբանությունը փաստում է, որ պետական կառավարման բնագավառում փորձ չունեցող նախագահները հաճախ են ընկնում նեղ շրջանակի ազդեցության ներքո, եւ այս պարագայում Թրամփը, իր նախարարների օգնությամբ, կարող է քաղաքական հարցերին նայել ռազմական դիտանկյունից: Իսկ երբ պետության արտաքին քաղաքականության սպասարկումը դրվում է ռազմական գործիչների ուսերին, դրանից լավ հետեւանքներ չեն լինում:

Ֆրանսիայի երբեմնի անգերազանցելի ԱԳ նախարար Թալեյրանն էր պնդում դեռ 19-րդ դարում, որ նույնիսկ պատերազմն է չափից ավելի լուրջ գործ, որպեսզի այն վստահեն զինվորականներին:

Հայաստանում ռազմական գործիչների մուտքը քաղաքական ասպարեզ օրինաչափորեն նշանավորվեց Արցախյան պատերազմով: Եվ բնական էր, որ պատերազմի հաղթական ավարտից հետո ռազմաճակատից քաղաքացիական կյանքին վերադարձած մարդիկ պիտի ակնկալեին իրենց հերոսության համար համարժեք փոխհատուցում թե՛ պետությունից, թե՛ հասարակությունից: Սակայն նոր ձեւավորվող պետական համակարգը, քաղաքական անփորձությունն ու ինչ-որ առումով նաեւ կառավարող վերնախավի անփութությունը նպաստեցին նրան, որ պատերազմի բովով անցած անձանց մի մասը, առանց ադապտացվելու նոր պայմաններին, հայտնվեց պետական համակարգի կարեւոր աստիճաններում: Այս առումով հիշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարները գերազանցապես եղել են ռազմական գործիչներ: Եթե Նորատ Տեր-Գրիգորյանցը, Վաղարշակ Հարությունյանն ու Միքայել Հարությունը պրոֆեսիոնալ զինվորականներ էին, ապա Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը Ղարաբաղյան պատերազմում թրծված գործիչներ էին: Բացառություն են կազմում Վազգեն Մանուկյանը եւ ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանը` որպես ռազմական գործի հետ գրեթե կապ չունեցող անձինք: Ռազմական բնագավառի իր փորձով Սերժ Սարգսյանն է միայն, որ հասցրել է լինել նաեւ ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար ու վերջապես վարչապետ: Եվ ինչ-որ առումով այսօր Հայաստանի տխուր իրավիճակի պատճառներից մեկն էլ Սերժ Սարգսյանի` հենց այդ ազդեցությունը կրելու մեջ է. նա պետական ու քաղաքական պայքարը համարում է պատերազմ, որի ժամանակ պետք է ամեն գնով ոչնչացնի հակառակորդին կամ էլ նրան դարձնի իր հպատակ գերին:

Ն. Հովսեփյան




Լրահոս