Միհրան Պողոսյանը զբաղված է ակտիվ նախընտրական քարոզչությամբ. օֆշորային էջը փակված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը փակել է օֆշորային սկանդալի հետ կապված բոլոր էջերը և լծվել նախընտրական քարոզարշավի: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ընթացիկ տարվա մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Միհրան Պողոսյանի օֆշորային գործունեության վերաբերյալ «Հետք» կայքում հրապարակված նյութում բերված փաստերի հիման վրա քրեական գործ հարուցվեց: Անցել է մոտ ութ ամիս, սակայն Միհրան Պողոսյանին պատասխանատվության ենթարկելու նախադրյալները դեռեւս չեն նշմարվում, և չի էլ լինի այդ հեռանկարը:

Ավելին՝ նոյեմբերի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին Պողոսյանը հրավիրված էր հարցին, թե լուրեր կան, որ կվերադառնաք քաղաքականություն, պետական համակարգ, նա ասել էր, թե այդ մասով քննարկումներ են գնում:

Ինչպես հայտնի է՝ Միհրան Պողոսյանը վայելում է անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությունը: Նրանց հարաբերությունները հայր-որդի ջերմությամբ են արտացոլվում: Իսկ Միհրան Պողոսյանի կարիերայի սահուն առաջխաղացումը ապահովել են մորեղբայրները` Գրիգոր և Միքայել Հարությունյանները՝ նախ իրենց հետ ԱԱԾ տանելով, ապա մղելով դեպի գործարար դաշտ:

Այն, որ Պողոյանը լծվել է նախընտրական քարոզարշավի, ակնհայտ է դառնում նաև «Քեթրին» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջից, որն ակտիվորեն սկսել է գովազդել ՀԿ նախագահ Միհրան Պողոսյանի գործունեությունը: Ուսումնասիրելով այդ էջում պարբերաբար անցկացվող տվյալները, տեղեկությունները՝  տեսնում ենք, որ անընդմեջ հրապարակվում են նրա գործունեության մասին տվյալներ, այդ կերպ գովազդելով իրեն: Այս տվյալներից և նրա հայտարարություններից արդեն իսկ կարելի է հստակ կանխատեսել նրա վերադարձը: Ակնհայտ է,  որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Պողոսյանը ՀՀԿ ցուցակում ընդգրկվի կամ ռեյտինգային կարգով պատգամավոր առաջադրվի իր հարազատ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից:

Միհրան Պողոսյանի անցյալը

Միհրան Պողոսյանը երկար տարիներ զբաղեցնելով ԴԱՀԿ պետի պաշտոնը, հատկապես անփոխարինելի է եղել արդարադատության նախարարների հետ վատ հարաբերությունների պատճառով: Մարդկանց ծեծի ենթարկելու նրա «արվեստը» պատճառ դարձավ ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին պաշտոնանկ անելու համար: Հիշեցնենք, որ նախկին նախարար Գևորգ Դանիելյանը պաշտոնանկ էր արվել այն պատճառով, որ չէր պատժել Միհրան Պողոսյանին, երբ վերջինս հարվածել էր ԴԱՀԿ ծառայության գնդապետ Ռուբեն Միրաքյանին՝ ՀՀ Կառավարության ներկայիս աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի քեռուն: Այդ դեպքից հետո՝ 2010-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե. «Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում: Արդարադատության նախարարին հանձնարարվել էր հրապարակային պատժել հարկադիր կատարման ծառայության ղեկավարին իր այդ պահվածքի համար:

Ցավոք սրտի, արդարադատության նախարարն այս հանձնարարականը չի կատարել»: Այսպիսով՝ ապտակել էր Միհրան Պողոսյանը, բայց պատժվեց արդարադատության նախարարը՝ դառնալով քավության նոխազ: Բանն այն է, որ Պողոսյանի մորեղբայրը` ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանը, Սերժ Սարգսյանի դպրոցական ընկերն է: Չնայած Միհրան Պողոսյանը պնդում է, թե երբեք վատ հարաբերություններ չի ունեցել նախկին նախարարներ Գևորգ Դանիելյանի կամ Հրայր Թովմասյանի հետ, սակայն փաստը մնում է փաստ, որ վերջիններս նախարարներ լինելու տարիներին հազվադեպ են շփվել Միհրան Պողոսյանի հետ:

Ինչպես հաճախ է նշում Միհրան Պողոսյանը, ինքը գործարար չէ, այլ միայն տարածքներ է վարձակալությամբ տալիս: Այդ տարածքների մեջ էր մտնում նաև «Ֆռեշ» սուպերմարկետը: Նա ցիտրուսային մրգերի ներկրման գրեթե մոնոպոլիստն է Հայաստանում: Նրա անվան հետ բազմաթիվ այլ բիզնեսներ են կապվում: Անդրադառնանք Մ. Պողոսյանի գործունեությանը:

Օֆշորային սկանդալը

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին «Հետք» պարբերականը գաղտնազերծեց փաստաթղթեր` համաձայն որոնց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը բաժնետեր է Պանամայի օֆշորային գոտում գրանցված երեք ընկերությունների: Այս հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է ուսումնասիրել մամուլում հրապարակված տեղեկությունները: Ավելի ուշ հանձնարարվեց hատուկ քննչական ծառայությանը, որ մայիսի 2-ին ՀՔԾ-ում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների մասով հարուցվի քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):

Սկզբում Միհրան Պողոսյանը լռում էր, այնուհետեւ անձամբ ստանձնեց հրապարակայնորեն իրեն պաշտպանելու գործընթացը: Վերջինիս գրասենյակը մայիսի 20-ին հայտարարություն տարածեց, թե մամուլում գրված շվեյցարական «LGT» բանկում Միհրան Պողոսյանի հաշիվների մասին հատվածը հերքվել է Շվեյցարիայից իրենց տրված պատասխանով: Ըստ գրասենյակի՝ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող ընկերությունների անունով որեւէ հաշվեհամար գոյություն չունի: Սակայն այս հարցաքննությունից հետո ՀՔԾ Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել են քննչական գործողությունների, որտեղ, ըստ ամենայնի, վերջինս հայտնել է, որ միջազգային վերոնշյալ ընկերությունը ինչպես եւ ինչ հիմնավորմամբ է հերքել իր հաշիվների հետ կապված հատվածը: Սակայն, ըստ էության, այս պատասխանը չի բավարել իրավապահներին, վերջինիս հարցաքննության են հրավիրել միջազգային, ինչպես նաեւ տեղական մի շարք կառույցների ներկայացուցիչների եւ փորձել ստուգել ԴԱՀԿ նախկին պետի տված ցուցմունքները:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը շարունակում է մնալ Միհրան Պողոսյանի ազդեցության տակ

Այն, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը շարունակում է մնալ Միհրան Պողոսյանի ազդեցության տակ, ակնհայտ է դառնում «Քեթրին» ՀԿ-ի հրապարակած տվյալներից, որից պարզ է դառնում, որ վերջինս համայնքում ակտիվորեն մասնակցում է տարբեր միջոցառումների և այդ կերպ արդեն փորձում գրավել ընտրողների ուշադրությունը: Հավելենք, որ էջն ավելի ակտիվ սկսել է գործել հոկտեմբերի 15-ից: Ստորև բերված փաստերն ինքնին  խոսուն են:

1

%d6%84%d5%a5%d5%a9%d6%80

2

 

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս