ԼՂ հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինն է, գոյություն չունի. Լևոն Տեր-Պետրոսյանի ամբողջական ելույթը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ ՀԱԿ համագումարի ժամանակ: Ելույթի տեքստը ներկայացնում ենք կրճատումներով:

«Իմ վերջին հոդվածներից մեկում ես նշել էի, որ «Հայաստանի բոլոր չարիքների՝ սոցիալական ծանրագույն վիճակի, բնակչության աղքատության, զանգվածային արտագաղթի, բանակի թերզինվածության, ապօրինի ընտրությունների, արդարադատության չգոյության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է՝ պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալանը» (iLur.am. 19.10.2016; «Չորրորդ իշխանություն». 20.10.2016)։ Սակայն սա այսբերգի միայն տեսանելի մասն է։

Անտեսանելին 1998 թվականից ի վեր Հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է, այլ կերպ ասած՝ Ղարաբաղյան ստատուս-քվոն պահպանելու եւ հարյուր տարի էլ շրջափակումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը։ Թե ժամանակին կանխատեսված ինչպիսի կործանարար հետեւանքների է հասցրել այս փիլիսոփայությունը, կարծում եմ, ավելորդ է պարզաբանել։

Փաստն այն է, որ ժողովրդագրական, տնտեսական եւ ռազմական առումներով 1998 թվականին մենք ունեինք մի երկիր, իսկ այսօր ապրում ենք բոլորովին մի այլ երկրում։ Դա նշանակում է, որ այն կարեւորագույն խնդիրը, որը շատ ավելի ուժեղ վիճակում կարող էինք լուծել 18 տարի առաջ, այժմ հարկադրված ենք լուծել անհամեմատ թուլացած վիճա-կում։ Իսկ մի քիչ էլ հապաղելու պարագայում անխուսափելիորեն կհայտնվենք սրանից վատթար դրության մեջ, կրկնելով 1920 թվականի արկածախնդրությունը, երբ, ձգտելով առավելագույն տարածքային ընդարձակման, կորցրինք Հայաստանի Հանրապետության ունեցած տարածքի մոտավորապես կեսը։

Ավարտելով խոսքս, Ղարաբաղյան կարգավորման հարցում Կոնգրեսի դիրքորոշումն ավելի հստակեցնելու համար, չխուսափելով որոշ կրկնություններից, հարկ եմ համարում շեշտել, որ այդ դիրքորոշումը հիմնված է հետեւյալ առարկայական (օբյեկտիվ) ելակետերի վրա.

ա. Առանց այդ խնդրի լուծման Հայաստանը եւ Ղարաբաղը զրկված են ապահովության, զարգացման ու բարգավաճման որեւէ հեռանկարից. տասնութ տարին քիչ ժամանակ չէր, այդ բանն ըմբռնելու համար։

բ. Այլ լուծում, քան այն, ինչ դրված է բանակցությունների սեղանին, գոյություն չունի։ Պահը բաց թողնելու դեպքում հաջորդ լուծումը մեզ համար ավելի վատն է լինելու։

գ. Կարգավորման արդյունքում կողմերն իրենց հաղթող կամ պարտվող չպետք է զգան, այլապես երկարաժամկետ կտրվածքով նրանց հարաբերությունները հղի կլինեն հակամարտության վերականգնման մշտական վտանգով։

դ. Հայ Ազգային Կոնգրեսը, ինչպես արդեն նշվեց, կարծիք արտահայտելուց բացի, կարգավորման գործընթացի վրա ազդեցության այլ լծակ չունի։

ե. Հարցի լուծման պատասխանատվությունն ամբողջապես ընկած է իշխող վարչախմբի եւ նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժերի վրա։ Ուզո՞ւմ են ականջալուր լինել մեր կարծիքին՝ շատ լավ, չե՞ն ուզում՝ մեղքը իրենց վիզը։

զ. Եթե մեր իշխանությունն ի զորու լինի հասնելու ավելի շահեկան, հաղթողական լուծման, մենք միայն կողջունենք դա եւ ներողություն կխնդրենք նրանցից։

է. Մենք հավասարապես ցավում ենք հակամարտության պատճառով ոչ միայն հայերի, այլեւ ադրբեջանցիների կրած անհամար տառապանքների համար եւ անկեղծորեն հավատում երկու ժողովուրդների խաղաղ համակեցությանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։

Ելույթս գուցե դառը ստացվեց, բայց իմ նպատակը ոչ թե մարդկանց վհատեցնելն էր, այլ, ընդհակառակը, ազգին ներկայիս հեղձուկ իրավիճակից հուսադրիչ ու արժանապատիվ ելք ցույց տալը՝ ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է»։

Ելույթի ամբողջական տարբերակը՝  տեսանյութում:

 




Լրահոս