Ինչու Հայաստանում գյուղատնտեսությունը չի զարգանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գյուղատնտեսության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը գյուղտեխնիկայի սակավությունն է եւ պարկի քայքայվածությունը: Հաճախ ոչ առաջին թարմության մեկ տրակտորը սպասարկում է մի քանի համայնքներ, քիչ չեն նաեւ գյուղերը, որտեղ առհասարակ որեւէ գյուղտեխնիկա չի գործում:

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկաներից տրակտորների քանակը 2015 թվականին 2014-ի համեմատ 90-ով ավելացվել է: Օրինակ՝ մայրաքաղաք Երեւանում դրանց քանակը անցած տարի կազմել է 922, իսկ 2014 թվականին՝ 912: ՀՀ Արագածոտնի մարզում 2015-ին, 2014 թվականի համեմատ, 24-ով է ավելացել տրակտորների քանակը, Արարատում՝ 6-ով, Արմավիրում՝ 5-ով, Կոտայքում՝ 10-ով, Սյունիքում՝ 2-ով եւ այլն: Միայն ՀՀ Շիրակի մարզում չի ավելացել: Հակառակը՝ այստեղ դրանց թիվը, 2014 թվականի համեմատ, 2015-ին 7-ով նվազել է:

Գյուղատնտեսական մյուս տեխնիկաներից հացահատիկային կոմբայնները Հայաստանում անցած տարի, 2014 թվականի համեմատ, 1-ով նվազել են: Արմավիրի մարզում դրանց թիվը 5-ով նվազել է, իսկ Գեղարքունիքում՝ 1-ով ավելացել: Սյունիքի, Լոռու, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի մարզում հացահատիկային կոմբայնների թիվը մնացել է նույնը: Դրանք ոչ 2014 թվականին են ավելացել ոչ էլ 2015-ին: Իսկ տրակտորային շարքացանները վերոնշյալ ժամանակահատվածում 6-ով նվազել են:

Գյուղատնտեսական տեխնիկայի սակավության եւ մաշվածության պատճառով տասնյակ հեկտարներով բերրի հողատարածքներ մնում են անմշակ: Օրինակ՝ այս խնդրի պատճառով Արմավիրի մարզի Արշալույս, Արտամետ, Բագարան, Լեռնագոգ, Մյասնիկյան, Մերձավան, Մրգաշատ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ, Նորակերտ, Բաղրամյան (Էջմիածնի շրջան) գյուղերում հսկայական հողատարածքներ չեն մշակվում: Այս պայմաններում գյուղատնտեսության զարգացում ակնկալելն անիրատեսական է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս