Երեկ գործադիրը հավանություն տվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում ապօրինի հարստանալու հանցակազմի քննությունը կվերապահվի հատուկ քննչական ծառայությանը: ՀՀ կառավարության առաջարկությամբ՝ դեկտեմբերի 12-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում է լինելու նաեւ ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը:
Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի 3-ին տեղի ունեցած կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով ապօրինի հարստացման քրեականացմանը, արդարադատության նախարարությանը հանձնարարել էր մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ: Կարեն Կարապետյանի խոսքով` այն բխում է կառավարության ծրագրից եւ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին: Այն, որ օրենքի նախագծի հեղինակներն էլ են խոստովանում, որ կա ապօրինի հարստացման նախադեպ, փաստում է նաեւ նախագծին տրվող բնորոշումը՝ ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծ: Այնուամենայնիվ, ի՞նչ ասել է ապօրինի հարստացում, եւ որ դեպքում պաշտոնատար անձի ունեցվածքը կհամարվի ապօրինի կերպով ձեռք բերված: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել, որ ապօրինի հարստանալը՝ պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի եկամտի կամ գույքի զգալի չափերի աճը կամ պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի կողմից զգալի չափերի ծախսերի կատարումը, ինչպես նաեւ պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի պարտքերի մարումը երրորդ անձանց կողմից պաշտոնավարման ընթացքում կամ պաշտոնից հեռանալուց հետո՝ 5 տարվա ընթացքում, որը նա օրենքով սահմանված կարգով չի հիմնավորում իր իրավաչափ եկամտով, ենթակա է քրեական պատասխանատվության. պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: Սույն նախագծով նախատեսված հանցանքը, որը կատարվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
Հանձնարարականը տալիս վարչապետը, իհարկե, իրեն բնորոշ անկեղծությամբ օրենքի այս նախագծի շուրջ իր տեսլականը ներկայացրեց. «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճը էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասաց նա եւ նշեց, որ ապօրինի հարստացումը քրեականացնող նախագծի հետ անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառնությունները սահամանափակող օրենքի նախագիծ. «Այսպես կոչված, կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով եւ գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ՝ արդյո՞ք հայտարարագիր ներկայացրած անձը իրականում ստացել է հայտարարագրում նշված փոխառությունները, թե՞ ոչ: Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառությունների սահմանափակման օրենքի նախագիծը»,- ասաց նա:
Անշուշտ՝ «լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով՝ ապօրինի հարստացման քրեականացման օրենքի ընդունումը կարելի է ողջունելի քայլ համարել, սակայն խնդիրն այն է, որ այս իշխանության կողմից նախաձեռնվող անգամ դրական փոփոխությունները ի սկզբանե արժանանում են հանրային անվստահությանն ու թերահավատությանը: Այս օրենքի նախագիծը եւս բացառություն չէ: Գաղտնիք չէ, որ հայրենի պաշտոնյաներին բնորոշ է իրենց ունեցվածքի հսկայական այսբերգի միայն տեսանելի հատվածը ներկայացնել: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը հենց դա են փաստում, երբ միլիոնատեր, անգամ միլիարդատեր պաշտոնյաներն իրենց պատկանող բիզնեսները երբեւէ չեն ներկայացնում այդ փաստաթղթերում: Օրենքի նախագծի հեղինակներն էլ կասեն` մենք հենց դա ենք ուզում վերացնել: Բայց ինչպես հայտնի է՝ օրենքը չունի հետադարձ ուժ: Ասել է, թե ով մինչ այս ապօրինի հարստացել է՝ «իրեն նվեր», կամ էլ մինչեւ հուլիսի 1-ը ով ինչքան հասցրեց, հասցրեց:
Նշենք, որ օրենքն ընդունման դեպքում /իսկ դա գրեթե անկասկած է/ ուժի մեջ կմտնի 2017 թվականի հուլիսի 1-ից: Արդյո՞ք դրանից հետո ապօրինի հարստացողներ չեն լինի…
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆՐԱՆՔ ՉԵՆ ԾԱՌԱՅԵԼ
Խրոխտ, հայրենասեր ելույթներն ու համացանցում «կամուֆլյաժով» նկար տեղադրելը հայրենի պաշտոնյաներին բնորոշ գործելաոճ է: Բայց ցավալին այն է, որ հաճախ բանակից, զինվորի հոգսերից ու պետական անվտանգությունից են խոսում մարդիկ, որոնք պարզապես խուսափել են հայոց բանակում ծառայելուց: Բայց այդ «մանրուքը» չի խանգարել, որպեսզի նրանք բարձր պաշտոններ ստանան պետական համակարգում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ովքեր են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երիտասարդ խորհրդականներից եւ օգնականներից ծառայել բանակում: Պարզվեց, որ մեծ մասը ամենատարբեր` հիմնականում կրթության պատճառաբանությամբ, խուսափել են զինվոր դառնալուց եւ իրենց պարտքը հայրենիքին տալուց:
ՀՀ վարչապետի խորհրդականներ Ալեքսանդր Խաչատուրյանը եւ Արմեն Ավակ Ավակյանը, ինչպես նաեւ վարչապետի օգնական Նարեկ Ադոնցը չեն ծառայել հայոց բանակում:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՉԻ ՇՏԱՊՈՒՄ
Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան քաղաքական թատերաբեմում ուժերի լարվածությունը սկսում է ավելանալ: Ճիշտ է՝ դեռեւս լարվածություն արտաքնապես կարծես չի դրսեւորվում, այս փուլում զբաղված են միայն ներկուլիսային թաքուն կոնսուլտացիոն հանդիպումներով: Բայց գործընթացները, անշուշտ, թեժ են:
Այս իմաստով «խառն է» «Ժառանգություն» կուսակցությունը: Նրանք կարծես թե չեն շտապում քաղաքական դաշտում ակտիվանալ՝ ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի:
«Ժողովուրդ»-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց. չե՞ն պատրաստվում արդյոք վարչության նիստ գումարել եւ, ի վերջո, հայտնել, թե կուսակցությունը երբ է պատրաստվում հստակեցումներ անել խորհրդարանական ընտրությունների մասնակցության առումով: Միայնա՞կ են գնալու ընտրությունների, թե՞ ինչ-որ ուժի հետ միասնական ճակատով: ««Ժառանգություն» կուսակցությունն իր բնականոն աշխատանքների մեջ է, եթե նիստ կունենանք, կիմանաք, մենք ոչ մի այդպիսի աշխատանքային գործունեության մասին հատուկ ծանուցում չենք անում»,- պատասխանեց Փոստանջյանը:
ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ
Եվրամիությունը Ուկրաինայի եւ Վրաստանի քաղաքացիներին կթույլատրի առանց վիզայի մուտք գործել ԵՄ անդամ երկրների տարածք: Ըստ «Ռոյթերզ»-ի՝ այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել երեկ, ինչով վերջ է դրվել ԵՄ-ի կողմից խոստացված այդ հնարավորության կասեցման մասին ակտիվացած խոսակցություններին:
Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել էր, որ ցավագին բարեփոխումների դիմաց Ուկրաինային ու Վրաստանին տրված այդ խոստումը չիրագործելով՝ Եվրամիությունը վտանգում է իր հեղինակությունը:
ԵՏՄ-Ի ՊԱՏՃԱՌՈՎ
ՀՀ-ի անդամակցությանը ԵՏՄ-ին բազմաթիվ նոր խնդիրներ առաջացրեց արցախցի մեր գործարարների համար: Երեկ լրագրողների հետ զրույցում նշել է ԼՂՀ Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը` խոսելով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման մասին: «Մենք քննարկել ենք այդ հարցերը, նախարարի կողմից տրվեցին հանձնարարականներ: Փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի ստեղծված բարդությունները շատ քիչ ազդեն մեր տնտեսության զարգացման վրա», – նշել է նա:
ՓԱԹԵԹՈՎ ՀԱՎԱՆԵՑԻՆ
Կառավարությունը երեկ հավանություն է տվել «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
ՄԻԱՅՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ
Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Ստեֆան Վիսկոնտիի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է, ինչ մերժում է իրականացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։
ԴԵՍՊԱՆԻ ԱՍՏԻՃԱՆ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան՝ շնորհելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Նշենք, որ Մասիս Մայիլյանը 1993 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂՀ ԱԳՆ-ում, իսկ 2001-2007 թթ եղել է ԼՂՀ ԱԳ փոխնախարար: Ներկայումս նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահն է:
ՊՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԵՔԵՆԱՆ ՎԹԱՐՎԵԼ Է
Երեկ՝ ժամը 11-ի սահմաններում, Երեւան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորիս քաղաքի մոտակայքում, վթարի է ենթարկվել Հայաստանի պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը, ինչի հետեւանքով կան զոհեր։ Վթարի հետեւանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ, մեքենայի վարորդ լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը եւ անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։ Նախարար Վիգեն Սարգսյանը պատահարի ժամանակ ավտոմեքենայում չի եղել: Վթարի հանգամանքները դեռեւս ճշտված չեն: Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում համապատասխան ծառայությունների աշխատակիցները։