Աղվան Հովսեփյանը դժգոհ է ոստիկանությունից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը երեկ անուղղակի կերպով ՀՀ ոստիկանությանը մեղադրել է բնակարանային գողությունները բացահայտելիս անգործություն դրսեւորելու մեջ: Կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ «ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2015 թվականին ՀՀ-ում գրանցվել է 1389 բնակարանային գողություն, որից բացահայտվել է 509-ը, այսինքն՝ 36,6 տոկոսը: Ընդ որում, բացահայտումն անհամեմատ ավելի ցածր է Երեւանում. եթե մարզերում բացահայտումը կազմել է 48,5 տոկոս, ապա Երեւանում՝ 28,1 տոկոս»:

Աղվան Հովսեփյանը դժգոհել է. «Որպես նախաքննական մարմին՝ պարտավոր ենք ապահովելու հանցագործությունների բացահայտումը: Տարածքներ կան, որտեղ բացահայտման ցուցանիշը զրո է: Չենք կարող ստեղծված իրավիճակն անտեսել»: Նա մտահոգիչ է գնահատել նաեւ գողոնի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքները: «2015 թվականին գրանցված գողությունների հետեւանքով միայն ֆիզիկական անձանց պատճառված վնասը կազմել է 1.066.780.516 դրամ, որից վերականգնվել է մոտ 88 մլն դրամը, ինչը կազմում է 8,5 տոկոսը»,- ասվում է հաղորդագրությունում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել՝ ինչի հետ է կապված բնակարանային գողությունների բացահայտման խայտառակ վատ ցուցանիշը: Ի պատասխան՝ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը շտապեց «մեղքը բարդել» քննչական կոմիտեի վրա. «Այդ կառույցի ղեկավարն իր կառույցից է խոսել: Ոստիկանությունը տարին ամփոփելիս կանդրադառնա իր աշխատանքներին»:

Մեզ մնում է սպասել արդյունքներին՝ հույս ունենալով, որ հասարակության մեջ եղած կարծրատիպը, թե բնակարանային գողությունները կատարվում են «թաղայինների հետ համագործակցության արդյունքում», իրականությանը չեն համապատասխանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս