Հարց քաղաքացիներից` ինչ է միանվագ վճարը, և որո՞նք են վերջինիս վճարման հիմքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ինչ է միանվագ վճարը, եւ որո՞նք են վերջինիս վճարման հիմքերը:

Երանուհի Հասրաթյան (60 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ միանվագ վճարը կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո անձի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջապես մասնակցին միանգամից վճարելն է:
Եթե մասնակցի՝ կուտակային միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, ապա մասնակիցն իրավունք ունի կուտակած միջոցները ստանալ միանվագ վճարների ձեւով: Բացի դրանից՝ եթե մասնակցի՝ կուտակային միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը պարտավոր է կնքել հիմնական կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետի պայմանագիր, իսկ մնացած մասը նա իրավունք ունի ստանալ միանվագ վճարի տեսքով:
Բացի վերը նշվածը՝ կենսաթոշակային հաշվում առկա միջոցները միանվագ վճարի ձեւով վճարվում են նաեւ՝
1. մասնակցի, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում,
2. մասնակցի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու եւ կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումով հիվանդ լինելու դեպքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մասնակիցը «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միանվագ վճար ստանալու իրավունք ձեռք է բերում, եթե լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը եւ մասնակցի միջոցները, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը. 1) փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, կամ 2) գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը:




Լրահոս