Իրանի նախագահը վաղը կժամանի Հայաստան. ինչ հարցեր կան օրակարգում և ինչ որոշումներ կկայացվեն 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրավերով վաղը՝ դեկտեմբերի 21-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Եւ մինչ վերլուծաբանները կփորձեին հասկանալ, թե ինչ օրակարգ ունեն երկու երկրների ղեկավարները, մեր հարեւան Թուրքիայում թիկունքից արձակված կրակոցների արդյունքում ցուցահանդեսի ժամանակ սպանվեց ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության դեսպանը:

Ըստ պաշտոնական տեղեկության՝ այցի շրջանակներում ԻԻՀ նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նախագահականում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: «Նախագահները ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով: Երեւանում Հայաստանի եւ Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաեւ Հայաստան-Իրան գործարար համաժողովին»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Թեեւ պաշտոնական հաղորդագրությունը հուշում է, որ այցը հրապարակայնության պակաս չի ունենալու, այնուամենայնիվ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը համոզված է. «Այս այցելության եւ հանդիպումների հիմնական թեմաները շոշափվելու են փակ՝ գաղտնի բանակցություններում, որոնք դժվար թե որեւէ կերպ արտացոլվեն հրապարակային հայտարարություններում ու ասուլիսներում»:
Ինչո՞ւ, որովհետեւ հատկապես ապրիլից հետո ակնհայտ է դարձել, որ Հարավային Կովկասում լարումը մեծանում է, եւ Իրանը չի կարող անտարբեր մնալ այդ մարտահրավերի հանդեպ: «Հայաստանն ավանդաբար իներտ եւ անգույն քաղաքականություն է վարել Իրանի հետ հարաբերություններում, եւ ամենայն հավանականությամբ Իրանը փորձելու է քայլեր ձեռնարկել՝ փոխելու այդ իրավիճակը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Հայկ Մարտիրոսյանը:

Նախ փորձենք հիշել, թե հայ-իրանական հարաբերությունների օրակարգում ինչ հարցեր կան, որոնք տարիներ շարունակ քննարկվում են, բայց այդպես էլ լուծում չեն ստանում: Խոսքը Իրան-Հայաստան երկաթուղու մասին է, Մեղրու նավթավերամշակման գործարանի, Իրանի սահմանով անցնող Արաքս գետի վրա Մեղրիում ՀԷԿ-ի կառուցման եւ վերջապես Իրան-Հայաստան գազատարի կառուցման հարցը, որը հնարավորություն կտա Հայաստանին դառնալ էներգետիկ տրանզիտ երկիր: Թե ինչ որոշումներ կկայացնեն, թերեւս կպարզվի առաջիկա օրերին՝ բարձրամակարդակ հանդիպումների շրջանակներում: Իսկ մինչ այդ պետք է արձանագրել, որ տնտեսականից զատ այսօր Իրանի համար ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում, ինչի արդյունքում Իրանը եւս ստիպված է առավել ակտիվ արտաքին քաղաքականություն վարել:

«Հայ-ադրբեջանական պատերազմում՝ ռազմական գործողությունների փուլում, եթե ամեն բան Հայաստանում այնպես գնա, ինչպես որ մինչ այս պահն է եղել, բացառված չէ, որ Հայաստանը լրջագույն կորուստներ եւ ձախողումներ ունենա: Իսկ պատերազմի՝ առավել թեժ եւ աննախադեպ արյունալի փուլ անպայմանորեն լինելու է»,- մեզ հետ զրույցում կանխատեսեց Հայկ Մարտիրոսյանը: Ու եթե հայկական կողմը պարտություններ կրի, դա ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել Իրանին:
Ադրբեջանի հաղթանակն ու հայկական Զանգեզուրի գրավումը, որը թուրք-ադրբեջանական ամենախոշոր երազանքն է այսօր, Իրանի համար աղետալի կլինի: Դրա համար ամեն պարագայում հայ-իրանական հարաբերությունները առավել ակտիվացնելու հրամայական կա այսօր, որ պայմանավորված է ոչ միայն հայ-ադրբեջանական կամ զուտ տնտեսական շարժառիթներով, այլ նաեւ տարածաշրջանային կոնֆլիկտներով:

Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ «ի տարբերություն Հայաստանի, Իրանը շատ լավ է հասկանում իր առջեւ առկա մարտահրավերներն ու կենսական սպառնալիքները եւ հասկանում է նաեւ, որ տարածաշրջանում յուրաքանչյուր, անգամ Հայաստանի պես քաղաքականապես եւ տնտեսապես ծանր վիճակում գտնվող պետական միավորման ակտիվ բարեկամությունն իր հետ նախընտրելի է ոչինչ չանելուց»:

Պետք է նկատենք, որ իրանա-թուրքական լուռ հակամարտությունն ավելի է սրվում Սիրիայի եւ Իրաքի ֆոնին, քանի որ Սաուդյան արաբիայում իրենց առջեւ բացահայտ նպատակ են դրել ոչնչացնել Իրանը: Եւ այս իրավիճակում շատ հատկանշական է, որ Հայաստան գալուց առաջ թուրք ոստիկանի կողմից Թուրքիայում սպանվեց ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը: Կրակոցների ժամանակ Թուրքիայի ոստիկանության քաղաքացիական հագուստով սպան բղավեց «Ալահ Աքբար: Հալեպը մի՛ մոռացեք, Սիրան մի՛ մոռացեք: Մինչ մեր քաղաքները անվտանգության մեջ չեն, դուք էլ անվտանգության համը չեք տեսնի: Ինձ այստեղից միայն մահը կտանի: Այդ բռնությունների մեջ ով որ փայ ունի, բոլորն էլ հատ-հատ հաշիվ են տալու»: Ավելի ուշ ոստիկանների հետ բախումների արդյունքում սպանվեց նաեւ դեսպանին սպանող ոստիկանը: Ասել է թե՝ հնարավոր հետքերը վերացվեցին: Այն, որ այս դեպքը ռուս-թուրքական հարաբերությունները նոր կարգավորման անհրաժեշտություն են առաջացնելու, թերեւս կասկածից վեր է:

Թամարա Միքայելյան

 

 




Լրահոս