«Ժողովուրդ»-ը հայկական երգարվեստում ստանձնած իր առաքելության, բեմական եւ անձնական կյանքը համատեղելու դժվարության, ամանորյա հրաշքին հավատալու եւ այլ թեմաների շուրջ զրուցել է երգիչ Անդրեի հետ:
-Անդրե՛, հիմա, երբ հայրենիքում եւ դրանից դուրս ճանաչում, երկրպագուների բանակ ունեք, մի շարք մրցանակների դափնեկիր եք, ինչի՞ եք ձգտում հասնել հայկական շոու-բիզնեսում:
-Այնպիսի նախագծերի միջոցով, ինչպիսիք են «Սուպեր-սթարը», «Իքս ֆակտորը» եւ իմ կողմից ստեղծված «Անդրենալինը», ես այսօր ի հայտ եմ բերում նոր սերունդ: Այդ նախագծերի շրջանակներում ներկայանում են հանդիսատեսի եւ հեռուստադիտողի առջեւ հայտնվելու կարիք ունեցողները: Իհարկե, արդյունքը լավն է լինում այն դեպքում, երբ նրանք շարունակում են իրենց սկսած գործը եւ ունենում են ձգտում, երբ նախագծի ավարտից հետո չեն կորչում:
-«Իքս ֆակտորում» ձեւավորվում է այն սերունդը, որը գալիս է Ձեզ փոխարինելու: Այդ սերնդի ներկայացուցիչների շրջանում ի՞նչ ուրախացնող եւ ի՞նչ մտահոգող միտումներ եք տեսնում:
-«Իքս ֆակտորում», օրինակ, ամեն բան արվում է մասնակիցների համար: Երբ մեր սերունդն էր սկսում քայլեր անել, մեզ համար որեւէ բան չէր արվում: Մենք ինքներս ստեղծեցինք դաշտ, որն այսօր համարվում է հայկական շոու-բիզնես: Այսօր մասնակիցներին հրամցվում է պատրաստի բեմ, լույսեր, հագուստներ, նրանք հնարավորություն ունեն աշխատելու պրոդյուսերների հետ: Ամեն բան իրենց փոխարեն արվում է:
-Այդ դեպքում ինչո՞ւ են նրանցից շատերը հետագայում կորչում դաշտից:
-Հենց դա է ցավալին: Փորձը ցույց է տալիս, որ երբեմն մասնակիցը, որը մրցույթում չի հաղթում, այլ հայտնվում է, օրինակ, լավագույն հնգյակում, հետագայում առաջ գնալու ավելի մեծ ձգտում է ունենում, քան հաղթողը: Առհասարակ, երեւի թե հեռուստաընկերությունն էլ պետք է մտածի մասնակցի ապագայի մասին: Իսկ դա ժամանակի խնդիր է: Ես, օրինակ, «Անդրենալին» նախագծի շրջանակում պայմանագիր եմ կնքել հաղթողի հետ եւ երկու տարի զբաղվելու եմ նրա պրոդյուսինգով: Պետք է նկատել, որ շատ տաղանդավոր տղաներ, աղջիկներ, երիտասարդ խմբեր են հայտնվում մրցույթներում: Նրանց, սովորաբար, հորդորում եմ շարունակել իրենց սկսածը: Որովհետեւ մրցույթը տրամպլին է, որից հետո մասնակիցն իրավունք չունի անհետանալու: Բայց այդ ձգտումը պետք է մարդու միջից լինի: Ձգտումն է այժմյան սերնդի ներկայացուցիչների մոտ պակասել: Պետք է ի սկզբանե հասկանալ, որ եթե միայն բիզնես անելն է քո նպատակը, անունդ ոսկե տառերով չի գրվելու, անելիքդ կարճ է տեւելու: Երգը պահանջում է հոգի: Պետք է ստեղծագործես հոգով, ոչ թե ուղեղով: Այն, ինչ բխում է հոգուց, միանգամից ընդունվում է:
-Անդրե՛, համաձա՞յն եք, որ արվեստի մարդը միշտ պետք է սիրահարված լինի:
-Իհարկե, այդ երեւույթը ստիպում է միշտ լինել անկեղծ քո երգերում: Անհնար է ստեղծագործել` չսիրելով (թեկուզ հիասթափված): Սիրո բոլոր դրսեւորումները ստիպում են տարբեր կերպարներով եւ մաքսիմալ անկեղծ ներկայանալ հանդիսատեսի առջեւ, նույն երգը կատարել նորովի: Կա ժամանակ, երբ սիրահարվածությունը ծաղկելու փուլում է, կա թոշնելու, կա տերեւաթափի:
-Նշանավոր մարդկանցից մեկը մի առիթով ասել է, թե սիրային հարաբերությունների վատագույն հանգուցալուծումը ամուսնությունն է: Գուցե ա՞յդ է պատճառը, որ Ձեր կարգավիճակի փոփոխությունն ուշանում է:
-Չէ՛, ես չեմ շտապում եւ, առհասարակ, չեմ մտածում այդ մասին: Ժամանակս չի ներում, չի ստացվում, որ ժամանակ տրամադրեմ անձնական կյանքին: Բայց ամեն բան իր հունով ընթանում է: Ես ո՛չ շտապում եմ, ո՛չ էլ կարծում եմ, թե ուշացել եմ, որովհետեւ սերը երբեւէ չի ուշանում:
-Հաշվի առնելով, թե ինչպես է բեմական կյանքը ազդում արտիստի անձնական կյանքի վրա, նորից կընտրեի՞ք այս ոլորտը:
-Այո՛: Երգարվեստը, որը սիրել եմ մանկուց, երբեւէ չեմ զոհաբերել հանուն անձնականի: Այդպիսին եմ ես տեսակով: Այո՛, դժվար է լինել արտիստ եւ համատեղել դա անձնական կյանքի հետ: Այսօր շատերը կան ասպարեզում, բայց մատների վրա կարող ենք հաշվել արտիստների: Այդ հոգեվիճակում շատ քիչ մարդիկ են ապրում: Իսկ ես իսկապես զոհաբերել եմ շատ օրեր, երիտասարդ տարիներ` հանուն արվեստի, երգի ու բեմի: Բայց չեմ ափսոսում դրա համար. այն սերը, հարգանքը, որ վայելում եմ հանդիսատեսի շրջանում, չեմ կարող անտեսել: Ուղղակի ես չեմ կարողանում համատեղել բեմական եւ անձնական կյանքը. դա իմ խնդիրն է:
-Շուտով Ամանոր է: Հետաքրքիր է` տոնի հետ կապված ամենաջերմ հուշերը Ձեզ ո՞ւր են տանում:
-Դեպի մանկության տարիներ: Ամանորյա հուշերից շատ է տպավորվել նաեւ 1998-ին ինձ հետ պատահած դեպքը: Այդ տարի` դեկտեմբերի 31-ի առավոտյան, որոշեցի Երեւանից մեկնել Ղարաբաղ եւ անակնկալ մատուցել ծնողներիս: Երբ առավոտյան իկարուսով ճանապարհ ընկանք, ավտոբուսը որոշ ժամանակ անց փչացավ, եւ մենք` բոլոր այն մարդկանցով, որոնք արժանացել էին նույն ճակատագրին, Ամանորը դիմավորեցինք ցուրտ Սիսիանում: Ադպես, չհասցրեցի տոնական գիշերը ընտանիքիս հետ լինել, մյուս օրը հասա տուն, ողջունեցի մերոնց, մի քանի ժամ մնացի եւ հետ եկա Երեւան, որովհետեւ ներկայացումներ կային, որոնց պետք է մասնակցեի: Բայց այդ Նոր տարին, իսկապես, հիշվեց (ծիծաղում է): Սովորաբար Ամանորը դիմավորում եմ բեմում (դա էլ ուրիշ քաղցրություն ունի), սակայն այս տարի որոշել եմ ընտանիքիս հետ լինել, կարոտել եմ այդ միջավայրի եռուզեռին:
Առհասարակ, շատ եմ սիրում այս տոնը եւ մանկան պես հավատում եմ հրաշքների, չեմ դադարում երազել եւ ցանկանալ հաջողություն իմ ազգին: Եթե նույնիսկ քեզ մոտ ամեն բան լավ է, բայց շուրջդ կան խնդիրներ, չես կարող լիարժեք երջանիկ լինել: Իսկ այսօր Հայաստանում շատ խնդիրներ կան, որոնք հիմնավոր լուծումներ են պահանջում: Մենք ավելի դժվար տարիներ ենք ապրել, բայց ժամանակին, կարծես, մարդկանց մոտ հույս կար: Ես ուզում եմ, որ այդ հույսը վերադառնա, հույսն ու հավատը սեփական ուժերի, այլ ոչ թե կառավարության կամ այլ երկրների նկատմամբ:
Այսօր շատ երկրներ ունեն իրենց ռեսուրսները, բրենդները, մենք էլ կարող ենք ունենալ մերը: Ասում են` Փարիզը սիրո քաղաք է: Ո՞վ է դա որոշել: Դա ուղղակի միֆ է: Իսկ ինչո՞ւ մեր երկիրը, որտեղ ապրում են առաջին քրիստոնյաները, չհամարվի սիրո երկիր, որ բոլորն ասեն. «Գիտեք` ես գնացի այդ երկիր եւ տեսա սեր»: Այդ սերը, որը փողով չես գնի, մենք կարող ենք օգտագործել որպես ռեսուրս: Դրա համար պետք է նախեւառաջ ինքներս մեզ գնահատենք: Իսկ մենք, միանշանակ, արժեք ունեցող ազգ ենք:
Աննա Բաբաջանյան