ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել՝ բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար:
Մարգարիտա Մանուկյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը`
.լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին՝ հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ).
.6 լուսանկար (3 x 4 սմ չափսի).
.անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ.
.զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի եւ ծառայողական բնութագրի մասին.
.արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.
.միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները.
.ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաեւ փաստաթղթերն ընդունելու եւ ձեւակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բակալավրի կրթական ծրագրով չի թույլատրվում առաջին եւ ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխությունը: Մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո: