Դեկտեմբերի 21-22-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային երիտասարդական կենտրոնների աշխատակիցների հավաք, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են 2016թ. իրենց աշխատանքների հաշվետվությունները:
Նշենք, որ Երիտասարդական հիմնադրամը կենտրոններ ունի բոլոր մարզերում, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում մարզաբնակ երիտասարդների համար։ Մասնավորապես, 2016-ի ընթացքում հիմնադրամի մարզային կենտրոններն իրականացրել են 420 ծրագիր, որոնց մասնակցել է շուրջ 42000 մարզաբնակ երիտասարդ: Այս տարվա ընթացքում արձանագրվել է նաև կամավորների ընդհանուր թվի կրկնապատկում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը հանդիպման ընթացքում նշել է, որ կենտրոնները տարվա ընթացքում կատարել են մեծ աշխատանք` այդպիսով ապահովելով Հայաստանի երիտասարդական հինադրամի գործունեությունը մարզերում: Պարոն Ավագյանն ընդգծել է, որ նախորդ տարվա համեմատ՝ ՀԵՀ մարզային կենտրոնները բավականին մեծացրել են իրենց ակտիվությունը։ «Մենք միշտ նշել ենք, որ մարզային երիտասարդները պետք է կարողանան օգտվել բոլոր այն ծրագրերից ու հնարավորություններից, որոնք կան մայրաքաղաքում։ Այսօր արդեն դիտարկելով իրականացվող ծրագրերի քանակն ու որակը՝ կարող ենք ասել, որ մեր այդ նպատակն իրականություն է դարձել։ Շատ ծրագրեր մենք իրականացնում ենք բացառապես մարզաբնակ երիտասարդների համար։ Մարզերում բնակվողները մասնակցում են նաև Երևանում կազմակերպվող նախաձեռնություններին։ Մարզային կենտրոնների աշխատանքում առանձնահատուկ տեղ ունի կամավորների մեծ բանակը, որը հավատում է մեր աշխատանքներին, և նրանց միջոցով մենք կարողանում ենք իրականացնել մեր ծրագրերը»,- ասել է պարոն Ավագյանը։
ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, գնահատելով մարզային կենտրոնների աշխատանքը, իր գոհունակությունն է հայտնել դրանց վերաբերյալ՝ միաժամանակ շեշտելով, որ չպետք է բավարարվել ձեռք բերածով, քանզի անելիքներ շատ կան։ Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ ՀԵՀ գործադիր տնօրենը հատկապես առանձնացրել է համայնքային կենտրոնների թեման՝ ընդգծելով դրանց թիվն ավելացնելու անհրաժեշտությունը։
Նկատենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ընթացիկ տարվա նորամուծություններից են համայնքային կենտրոնները։ 2016-ին այդպիսի կենտրոններ են բացվել Արագածոտնի Սասունիկ և Վայոց ձորի Ելփին համայնքներում։ «Մենք ժամանակին խոսում էինք մեր աշխատանքների՝ Երևանից դեպի մարզեր ապակենտրոնացման մասին։ Այսօր արդեն պետք է խոսենք մարզկենտրոններից դեպի համայնքներ ապակենտրոնացման մասին. ձեր գաղափարները, ձեր փորձը, ծրագրերը պետք է մտնեն համայնքներ»,- ասել է Ա. Տեր-Հովակիմյանը։ Նա նաև նկատել է, որ մարզերում իրականացվող դասընթացներում գերակշիռ և առաջնահերթ տեղ պետք է ունենան մարզաբնակ երիտասարդության զբաղվածության խնդրի լուծմանն ուղղված թեմաները։ Այս համատեքստում պետք է սերտ համագործակցություն ծավալվի մարզային զբաղվածության կենտրոնների հետ։
Գործադիր տնօրենը տվել է հանձնարարություններ, որոնց կատարողականի մասին պետք է զեկուցվի հաջորդ հաշվետվության ընթացքում։
Տեղեկացնենք, որ հաշվետվությունների ներկայացումից հետո ՀԵՀ մարզային կենտրոնների աշխատակիցների համար այս օրերին կազմակերպվում են նաև տարբեր թեմաներով թրեյնինգներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն