Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի անձին անհիմն անազատության մեջ պահելու համար. որտե՞ղ են հետևանքների քննարկման արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Դավթյանն ավելի քան չորս ամիս է՝ զբաղեցնում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, սակայն մինչ օրս իր գործունեության արդյունքների եւ անելիքների վերաբերյալ հանրությանն իրազեկվելու հնարավորություն չի ընձեռել: Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այն ըստ երեւույթին տարվա ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփումն էր, որը, սակայն, «գաղտագողի» է իրականացվել՝ լրատվամիջոցների աչքից, տեսախցիկներից հեռու:
Դատախազությունում հրավիրված նիստի օրակարգում, ըստ պաշտոնական տեղեկության, ընդգրկված էր 2015 թվականի ընթացքում դատարանների կողմից արդարացման դատավճիռների կայացման պատճառների վերաբերյալ հարցը: Նիստի ընթացքում Արթուր Դավթյանն ասել է, թե մինչդատական վարույթում թույլ տրված խախտումների արդյունքում արդարացման դատավճիռ կայացվելու յուրաքանչյուր դեպքում պարտադիր քննարկման առարկա կդառնա ե՛ւ դատախազի, ե՛ւ նախաքննական մարմնի վարքագիծը: «Նպատակը կոնկրետ անձին պատժելը չէ, նպատակը անձին դատի տալու հարցում օբյեկտիվության եւ անշեղ օրինականության միասնականություն ապահովելն է»,- ընդգծել է գլխավոր դատախազը։

Եվ այստեղ ակամայից վերհիշում ենք դեռեւս 2012 թվականին ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավիրած կոլեգիայի նիստը, որում հնչեցված ելույթը, կարծես, երեկվա սցենարի կրկնությունն է:
Այսպես՝ այդ ժամանակ Ա. Հովսեփյանը նախազգուշացրել էր, որ քրեական գործի նյութերը խեղաթյուրելու, քրեական գործը փակուղի մտցնելու յուրաքանչյուր դեպք դառնալու է առանձին քննարկման առարկա: Քրեական գործի նյութերի խեղաթյուրման ցանկացած փաստի արձանագրվելու դեպքում քրեական գործեր կհարուցվեն թե՛ հետաքննիչի, թե՛ քննիչի, թե՛ դատախազների նկատմամբ՝ քննությունը հանձնարարելով հատուկ քննչական ծառայությանը: Միաժամանակ պահանջ էր դրվել բոլոր դատախազների եւ նախաքննական մարմինների առջեւ՝ խստագույնս պահպանել նախաքննության ժամկետները, խուսափել անհարկի եւ չպատճառաբանված ձգձգումներից:

Ինչ ունենք այսօր այս հանձնարարականից հետո… Փաստն այն է, որ ոչինչ չի փոխվել: Նախաքննության արհեստական ձգձումների, արդարացման դատավճիռների եւ վերը նշված մյուս հանգամանքների պարագայում իրավապահ մարմնի որեւէ ներկայացուցիչ պատասխանատվության չի ենթարկվել:
Իսկ ո՞ւմ մեղավորության, ո՞ր կառույցի թերացման կամ անգործության հետեւանքն է արդարացման դատավճիռների կայացումը՝ գործը հսկող դատախազի՞, թե՞ քննիչների:

«Ժողովուրդ» օրաթերթը ոլորտի մասնագետների հետ մասնավոր զրույցներում, լսելով մտահոգությունները, եկավ եզրահանգման, որ ավելի լավ եւ հեշտ տարբերակ է կանխարգելելը, քան բուժելը:
Բանն այն է, որ մեղադրող կողմը գործի նախաքննության ավարտից հետո դատարանում պարտավոր է պաշտպանել մեղադրանքը, ներկայացնել այն ապացուցող փաստեր: Իսկ եթե դատարանն արդարացնում է մեղադրյալին, հետեւաբար նախաքննությամբ նրա մեղքը չի ապացուցվել:
Եվ սա լրջագույն խնդիր է, քանի որ հայաստանյան իրականությունում երկարատեւ նախաքննության ընթացքում, որպես կանոն, մեղադրյալների նկատմամբ կալանքն է ընտրվում որպես խափանման միջոց: Իսկ ամիսներ, անգամ տարի տեւող նախաքննությունից հետո արդարացված անձին, փորձը ցույց է տալիս, որ նյութական, առավել եւս բարոյական փոխհատուցում չի տրվում: Թեեւ, հիշեցնենք, օրենքով հարցը հստակ կարգավորված է:

Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի անձին անհիմն անազատության մեջ պահելու համար: Ուսումնասիրելով պաշտոնական փաստաթղթերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում քրեական գործերով կայացված եւ հրապարակված բոլոր դատավճիռներից ու որոշումներից (թվով 42) 36-ը կայացվել են Կոմիտեի, 2-ը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, 3-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարության, 1-ը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունների վարույթում քննված քրեական գործերով: Նշված 36 արդարացման դատական ակտերից 28-ը կայացվել են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից, 3-ը՝ վերաքննիչ դատարանի կողմից: 28-ի դեպքում ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները բողոքարկվել են վերաքննիչ դատարան, որից 20-ի դեպքում դատավճիռները թողնվել են օրինական ուժի մեջ, 9-ի դեպքում ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանվել է, 2-ի դեպքում վերաքննիչ դատարանում գործի քննությունը շարունակվում է: Ուսումնասիրության շրջանակներում ամփոփվել են միայն այն դատական ակտերը, որոնցով դատական ատյանների կողմից արդարացման դատավճիռներ ու որոշումներ կայացնելը պայմանավորված է եղել քննչական սխալներով, այլ ոչ թե հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատելու, ապացույցների բավարարությունը որոշելու հետ կապված «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշով:

Մինչդեռ գոնե պաշտոնապես չի նշվում՝ քննչական սխալների հետեւանքով պատասխանատվության ենթարկվողներ եղե՞լ են արդյոք: Այսօր ունենք միայն այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած դատավճիռներն օր օրի ավելանում են, ինչը եւս հայաստանյան արդարադատության ոլորտի բացերի հետեւանքն է:
Սրան զուգահեռ՝ փաստաբան Հովիկ Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատում է՝ դատախազությունը եւ մյուս իրավապահ մարմինները պետք է զերծ մնան քաղաքական հրահանգներ կատարելուց եւ թերությունները փորձեն շտկել ոչ թե դատավճիռներից հետո, այլ քննության ընթացքում:
Որպես օրինակ փաստաբանը բերում է հուլիսյան դեպքերի ժամանակ քաղաքացիական ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները: Նկատում է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դատախազությունում լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործեր է հարուցում ընդդեմ ոստիկանների: Իսկ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն է քրեական գործեր հարուցում ընդդեմ քաղաքացիական ակտիվիստների՝ ցույց ցրող ոստիկանների ցուցմունքների եւ հաղորդումների հիման վրա: Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է լինի մի մեղադրվող կողմ, մի տուժող: Սակայն այս օրինակներում երկու կողմն էլ ե՛ւ տուժող է, ե՛ւ մեղադրյալ. «Գլխավոր դատախազը չի՞ տեսնում դա: Դատախազությունը պետք է ուշադրություն դարձնի այս հանգամանքներին: Այսօր կալանքի տակ գտնվող մարդիկ փաստացի անմեղ են: Մեղադրող կողմը որեւէ կերպ չի կարողանում ապացուցել նրանց մեղադրանքը: Սակայն քաղաքացիները քաղաքական հետապնդումների հետեւանքով շարունակում են կալանքի տակ մնալ: Ո՞վ պետք է սրա համար պատասխան տա: Ա՛յ, այս հանգամանքի վրա է պետք ուշադրություն դարձնել»:

Այնպես որ, հայտնի ճշմարտություն է, որ այսօր հանրության մեջ ձեւավորված անվստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ է: Իսկ ի՞նչն է պատճառը: Թող այս հարցի շուրջ խորհեն պատասխանատու կառույցները:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս