2016 թվականը Հայաստանի համար դարձավ 2008թ. հետո թերեւս ամենածանր տարին` հաշվի առնելով մեր երկիրը փոթորկած այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք էին ապրիլյան պատերազմը եւ ՊՊԾ գնդի գրավումը: Արտաքին եւ ներքին քաղաքական անորոշությունների ու հակասականությունների շարքը ամբողջացավ կառավարության փոփոխությամբ եւ քաղաքական դաշտի քաոսային բնույթով: Միով բանիվ` 2016թ. դրսեւորվեց իր գերբացասական առանձնահատկությունների ամբողջական համալիրով` 2017թ. համար թողնելով ծանր ժառանգություն:
Ներքաղաքական ճատրակը
Երբ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակեց վարչապետ, ակնհայտ էր, որ խնդիր է դրված անխուսափելի տնտեսական թշվառությունը բարդել նրա վրա ու քաղաքականապես թուլացնելով` ուղարկել թոշակի: Այս տարի Սարգսյանը իրականացրեց իր ծրագիրը` վարչապետի պաշտոնը հանձնելով Կարեն Կարապետյանին: Հատկանշական է, որ Կ. Կարապետյանը վարչապետի պաշտոնի համար Սերժ Սարգսյանի լավագույն ընտրությունն էր:
Նա Հայաստանում հենարան չունի, նոր Սահմանադրությամբ՝ 2018թ. ապրիլից չի կարող մնալ վարչապետի պաշտոնում եւ լավագույնս ապահովում է մինչ ընտրություններ կենսական համարվող «հաց եւ տեսարաններ» բանաձեւի առանցքային վերջին բաղադրիչը: Ասպարեզից հեռացնելով սահմանադրական հանրաքվեի շրջանում 2018թ. հետո վարչապետի աթոռը պահպանելու հույսեր ունեցող Հ. Աբրահամյանին` Սերժ Սարգսյանը վերացրեց հետնախագահական վարչապետացման իր ծրագրի վերջին հնարավոր խոչընդոտը: Իսկ Կարեն Կարապետյանը գոնե Սահմանադրությամբ զրկված է 2018թ. վարչապետ մնալու հնարավորությունից, ինչը փայլուն նվեր է Սարգսյանի համար:
Այդպիսով՝ վարչապետի փոփոխությամբ Սարգսյանը սոսկ շարունակեց իր շախմատային պարտիան` Հայաստանում մենիշխանության ամրապնդման մղումով:
Մի քանի օրից իր իրավունքների մեջ կմտնի 2017թ.` նախորդից ժառանգած մտահոգիչ տագնապներով, որոնցից խուսափելու եզակի ուղին իշխանության ձեւավորումն է ազատ ու արդար ընտրությունների միջոցով: 2017թ. ապրիլի 2-ին պատեհ առիթ է ստեղծվում Հայաստանը կայուն զարգացման ռելսերի վրա դնելու համար:
Թե՛ ապրիլյան պատերազմը, թե՛ հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այսպես շարունակելն ուղղակիորեն սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը: Ուստի գալիք տարին ներկայիս տրամադրություններով ճանապարհելուն կարող է միայն դրականորեն խանգարել քաղաքական կամքի ու պետականության առաջ պատասխանատվության զգացումի առկայությունը:
Առաջին մասը՝ այստեղ
Երկրորդ մասը՝ այստեղ
Ն. Հովսեփյան