2016 թվականը Հայաստանի համար դարձավ 2008թ. հետո թերեւս ամենածանր տարին` հաշվի առնելով մեր երկիրը փոթորկած այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք էին ապրիլյան պատերազմը եւ ՊՊԾ գնդի գրավումը: Արտաքին եւ ներքին քաղաքական անորոշությունների ու հակասականությունների շարքը ամբողջացավ կառավարության փոփոխությամբ եւ քաղաքական դաշտի քաոսային բնույթով: Միով բանիվ` 2016թ. դրսեւորվեց իր գերբացասական առանձնահատկությունների ամբողջական համալիրով` 2017թ. համար թողնելով ծանր ժառանգություն:
Ապրիլյան մղձավանջը
Այս տարվա փետրվարի 12-ին ելույթ ունենալով իր իշխանավարությունը եւս մի քանի տարով ապահոված սահմանադրական փոփոխությունների կենսագործման առթիվ կազմակերպված հավաքում` Սերժ Սարգսյանն այլեւս որեւէ խոչընդոտ չէր տեսնում իր ծրագրերի հարցում: Դրա վառ վկայությունն էր նրա պնդումը, թե Հայաստանի արեւելյան ու արեւմտյան հարեւանները երբեւէ չէին կարող լինել Հայաստանի գործընկերները: Ընտելացած շրջափակումներին ու ստատուս-քվոյին` Սերժ Սարգսյանը, լիրիկական զեղումներին տուրք տալով, Ադրբեջանն ու Թուրքիան համեմատում էր «անանցանելի ու անհատակ» ճահիճների հետ:
Ընդամենը երկու ամիս անց տեղի ունեցած քառօրյա պատերազմը կատարյալ ֆիասկոյի մատնեց իշխանության, մասնավորապես դրա միակ տիրոջ` Սերժ Սարգսյանի այս գաղափարախոսությունը: Պարզվեց` ճահիճները կրակում են եւ ի վիճակի են պատերազմ պարտադրել ստատուս-քվոյի շղարշի տակ Հայաստանը ավերումի մատնած իշխանություններին ու այդ անտանելի բեռից ազատվելու անընդունակ հայ հասարակությանը: 2016թ. ապրիլը ցույց տվեց, որ արեւելքում մեզ սպասում է ոչ թե ճահիճը, այլ դաժան հակառակորդը: Քառօրյա պատերազմը ոչ միայն արժեցավ ավելի քան 100 զինվորի կյանք, այլեւ իր հետ բերեց դառնության մեծագույն զգացում` ցույց տալով հասարակությանը, որ բանակը նույնպես ենթակա է համատարած կոռուպցիայի չարիքին:
Դժբախտաբար, ապաշնորհ քաղաքականության արդյունքում ոչ միայն որեւէ քայլ չարվեց ԼՂՀ-ը բանակցային գործընթացի մաս դարձնելու ուղղությամբ, այլեւ ՀՀ Գերագույն շտաբի պետը ուղարկվեց Ադրբեջանի ԳՇ-ի հետ ուղղակի բանակցությունների, որոնց ընթացքում ռուսական ցուցումով դադարեցվեց սանձազերծված պատերազմը` զինադադարից հետո տարածքային ավելի քան 800 հա կորուստներով հանդերձ: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց իշխանության գաղափարախոսության սնանկությունը, միաժամանակ ցցուն դարձրեց Հայաստանի պետական ինստիտուտների թուլությունը, երբ միակ հույսը դրված է բացառապես շարքային զինվորների անձնուրացության վրա:
Շարունակելի…
Ն. Հովսեփյան