Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի արձանագրման և կանխարգելման ուղղությամբ տարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է ապօրինաշինության և հողազավթման 4 դեպք: Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 23 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել և խստացնել այս ուղղությամբ աշխատանքները:
Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում նախորդ շաբաթ կազմվել է 18 արձանագրություն: Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ շարունակվում է նաև հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը, ինչպես նաև մայթերում, կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը բացառելու նպատակով:
Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի միջոցով կատարված նվիրատվությունների շնորհիվ մայրաքաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում կատարվել են մասնակի նորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը պարբերաբար ներկայացնել այդ մասով կատարված աշխատանքները:
Զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` կազմված է հստակ ժամանակացույց՝ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից վարչական շենքերում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ, շուրջօրյա հերթապահություն իրականացնելու վերաբերյալ: Հերթապահություն սահմանված է լինելու նաև 12 վարչական շրջաններում, ինչպես նաև կենսապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններում:
Տոնական ոչ աշխատանքային օրերին բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով էլ հանձնարարվել է քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գիծ» ծառայություններում ևս ապահովել շուրջօրյա հերթապահություն: